Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատարմագրումը՝ կամավոր պարտադիր

Նոյեմբեր 02,2000 00:00
buh

Հայաստանում սկսված է մասնավոր ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացը։ Հավանաբար, այս ուսումնական տարվա ավարտին կլինեն արդեն հավատարմագրված բուհեր։ Ի՞նչ կարգավիճակ կունենան վերջիններս, ի՞նչ կարգավիճակում կգտնվեն չհավատարմագրված մասնավոր բուհերը։

Նման հարցերի շուրջ ներկայացնում եմ «Հավատարմագրման եւ լիցենզավորման» ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանի խոսքը։

-Այս ուսումնական տարվա ավարտին հավանաբար կունենանք հավատարմագրված բուհեր։ Չհավատարմագրված բուհերը կշարունակեն գործել (դրա համար նրանք ունեն լիցենզիա), բայց այն տարբերությամբ, որ դրանք իրավունք չեն ունենա տալու պետական նմուշի դիպլոմ։ Եվ այս դեպքում արդեն դիմորդը պետք է կողմնորոշվի՝ որ բուհը դիմել։ Բնական է, որ այդ բուհերն ավելի քիչ դիմորդ կունենան։ Գուցե կլինեն նաեւ դեպքեր, երբ ուսանողը կփոխի բուհը՝ հավատարմագրված բուհ, որտեղից կստանա պետական նմուշի դիպլոմ. պետական նմուշի դիպլոմն արժեք ունի՝ ճանաչվում է բոլոր բյուջետային հաստատություններում, բոլոր պետական մարմինների կողմից, կունենա նույն ուժը, ինչ պետական բուհի դիպլոմը։

-Ի՞նչ է նշանակում նույն ուժը։

-Ինչպես արդեն նշեցի, կընդունվի բոլոր պետական մարմինների կողմից. խնդիրներ չեն առաջանա աշխատանքի տեղավորվելիս, ուսումը շարունակելիս։ Չի բացառվում նաեւ, որ մասնավոր համակարգում եւս կլինեն պետպատվերով տեղեր, ուսանողները կօգտվեն բոլոր այն իրավունքներից, ինչ պետական բուհի ուսանողը (մասնավորապես տարկետման իրավունքը)։

-Եթե «Կրթության մասին» օրենքը պարտադրում է միայն բժշկական մասնագիտությունների հավատարմագրում, ո՞րն է պատճառը, որ այլ մասնագիտության բուհերը այդքան ձգտում են հավատարմագրման։ Եվ եթե այն պարտադիր է նաեւ պետական բուհերի համար, ինչո՞ւ մինչեւ հիմա ոչ մի քայլ չի արվել։

-Իսկապես, ըստ օրենքի, հավատարմագրումը պարտադիր է պետական բուհերի եւ ոչ պետական բուհերի՝ բժշկական մասնագիտությունների համար, մյուսների համար կամավոր է։ Սակայն, անշուշտ, չհավատարմագրված բուհի շրջանավարտը (ոչ բժիշկ մասնագիտության) ավարտելուց հետո խնդիրներ կունենա (չնայած այդ մասնագիտության հավատարմագրումը պարտադիր չէ)։ Կգործի եւս մեկ տարբերակ. այն բուհը, որը կհավատարմագրվի, նրա նախկին շրջանավարտները ցանկության դեպքում կարող են մասնակցել ատեստավորման գործընթացին եւ դրական արդյունքների դեպքում կհավակնեն պետական նմուշի դիպլոմ ստանալուն։ Փաստորեն, քանի որ հավատարմագրման անհրաժեշտությունը կա, ինքնըստինքյան արդեն կամավորը դառնում է պարտադիր։ Ինչ վերաբերում է պետական բուհերի հավատարմագրմանը, ապա այս ուսումնական տարվա ավարտին արդեն հավատարմագրման գործընթաց կսկսվի նաեւ այստեղ։ Հունիս ամսին կստուգվի նրանց տված շրջանավարտների որակը։

-Ի՞նչ եք կարծում, հավատարմագրման գործընթացը կհաջողվի՞ իրականացնել մեկ տարում, ինչպես նշեց պրն նախարարը՝ մայիս ամսին կայացած ոչ պետական բուհերի կոնֆերանսին։

-Կարծում եմ՝ այո, որովհետեւ որոշ մասնավոր բուհեր պատրաստ են իրենց այս տարվա շրջանավարտներին ներկայացնելու որպես մեկ տարվա շրջանավարտ, որոնք պետք է անցնեն ատեստավորման գործընթացը։ Եվ այս տարվա ատեստավորման արդյունքներից կախված էլ տվյալ բուհերը կարող են հավատարմագրվել։ Մի շարք բուհեր արդեն սկսել են իրենց աշխատանքը՝ կրթության վերլուծության գծով։ Վերջինս հավատարմագրման փուլերից մեկն է, որտեղ բուհերը ներկայացնում են իրենց կատարած ուսումնական գիտական աշխատանքները եւ այդ ինքնավերլուծությունն էլ կհանդիսանա մի փաստաթուղթ, որ նրանք կներկայացնեն կրթական փորձաքննության։ Եվ եթե փորձաքննության արդյունքները դրական լինեն, կնշանակի, որ բուհը հավատարմագրման առաջին փուլն արդեն անցավ, առջեւում կմնա հաջորդ՝ ավարտական քննությունների փուլը։ Եթե բոլոր չափորոշիչները համապատասխանեն պետական պահանջներին, չի լինի այլեւս ոչ մի խոչընդոտող հանգամանք եւ բուհը կհավատարմագրվի։

-Պետական եւ մասնավոր բուհերի համար գործելու են միեւնո՞ւյն չափորոշիչները։

-Չափորոշիչը դա կրթության բովանդակության նվազագույնն է եւ շրջանավարտներին ներկայացվող պահանջները։ Այս առումով, ՀՀ տարածքում գործող բոլոր բուհերի համար (թե մասնավոր, թե պետական) գործում են միեւնույն չափորոշիչները։

ԱՆԱՀԻՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930