Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 25,2000 00:00

… ԵՎ ԱՅԼՆ ԿՏՐՎՈՒՄ ԵՆ ՉՈՐ ԾԱՌԵՐ Օրերս խմբագրություն դիմեց «Հաղթանակ» զբոսայգու հարեւանությամբ բնակվող Սուսաննա Հարությունյանը։ «Ամեն առավոտ մարզվում եմ այգում։ Վերջերս տեսնելով, թե ինչպես են կտրում այգու ծառերը, մոտեցա եւ կանաչապատման տեղամասի պետ Հրանտ Մանուկյանից փորձեցի ճշտել ծառահատման պատճառները։ Նա ինձ պատասխանեց, թե «չորացած են, դրա համար էլ կտրում ենք»,- պատմեց տիկին Սուսաննան։ Երբ տիկին Հարությունյանի հետ այցելեցինք այգի, նկատեցինք, թե ինչպես են հերթական անգամ ծառ կտրում։ Կանաչապատման տեղամասի պետ Հրանտ Մանուկյանը տվեց նույն պատասխանը. «Քաղաքապետարանի ս/թ 11.09 կայացած գործկարգավորական խորհրդակցության 35 արձանագրության թիվ 85 հսկողական հանձնարարականի «Կանաչապատում» ՊՓԲԸ միջոցով մենք իրավասու ենք կազմակերպել Երեւան քաղաքի չորացած ծառերի հատում»։ Նշենք, որ նույն այդ հրամանի մեջ նշված է. «Մայրաքաղաքը պատշաճ տեսքի բերելու եւ բնակչության անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ ենք համարում կազմակերպել թվով 416 հատ չորացած ծառերի հատում, պայմանով, որպեսզի հետագայում լրացվի նորատունկով»։ Պրն Մանուկյանի խոսքերով. «Տարեկան կծառահատվի 65 հատ ծառ, իսկ փոխարենը կտնկվի 300-500 ծառ»։ Երբ փորձեցինք պրն Մանուկյանից ճշտել, եթե ամեն տարի կտրվի 65 հատ «ակտավորված» ծառ եւ այգում մնան միայն 1-2 մետրանոց ծառեր, արդյո՞ք դա մայրաքաղաքը պատշաճ տեսքի կբերի, նա պատասխանեց. «Նույնիսկ 4-5 տարում նորատունկ ծառերը չեն գերազանցի 2-2,5 մետրը: Որպեսզի ծառը նորմալ հասունանա, պահանջվում է 10-50 տարի։ Բայց ինչ կարող ենք անել, վերադասը հրամայում է, մենք միայն կատարողներ ենք»։ Տեղեկացանք նաեւ, որ հատված ծառերը աշխատավարձի փոխարեն բաժանվելու են բանվորներին, որպես վառելափայտ։ Երեւանում ծառահատումներ կազմակերպելու մասին քաղաքապետի խորհրդական Սուրեն Սուրենյանցը մեզ տեղեկացրեց. «Դա ընդամենը սանիտարական ծառահատումներ են եւ հավատացնում եմ, որ կտրվում են միայն չոր, ոչ պիտանի ծառերը, իսկ փոխարենը տնկվում են տասնյակ ծառեր»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ ԿՐԹՎՈՒՄ ԵՆ ԿԱԴՐԵՐԸ «Tacis» ծրագրի «Աջակցություն ՀՀ զբաղվածության քաղաքականությանը» նախագծի շրջանակներում Հայաստանում ընթանում է կադրերի վերապատրաստում։ Ուսուցման ծրագրերը առանձին խմբերի (տնօրեններ, աշխատակազմ եւ այլն) համար տարբեր են։ Օրերս ավարտվեց «Կառավարման վերապատրաստում» թեմայով սեմինարը, որի մասնակիցները աշխատանքի եւ զբաղվածության 51 տարածքային կենտրոնների խմբի անդամներն էին։ Քանի որ սեմինարին մասնակցել ցանկացողները շատ էին, այն անցկացվեց երեք խմբով, յուրաքանչյուրում մոտ 20 հոգի։ Դասընթացն անցկացնում էին «ԵՄ» փորձագետ Ռոբին Վան Դը Պոլը եւ Յորգեն Դամգարը։ Սեմինարում քննարկվեց նաեւ զբաղվածության ծառայությունների կազմակերպման հիմնական դժվարությունները, խնդիրները եւ դրանց լուծման ուղիները։ Մոտ օրերս կկազմակերպվի նոր սեմինար՝ նվիրված աշխատանքային խմբի ձեւավորմանը։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ «ԶՎԱՐԹՆՈՑՆ» ԷԼ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի կապակցությամբ Երեւանը մեծ պատրաստություն է տեսնում՝ արտասահմանցիների առջեւ խայտառակ չլինելու համար: Կառուցվում են հյուրանոցներ, նորոգվում են ճանապարհներ, ամեն «օբյեկտ» իր (միմիայն իր) շրջակայքի աղբն ու չորացած տերեւներն է հավաքում: Հանրապետության հրապարակում մայթերն այնպես են վերանորոգում, որ երեխամայրերին եւ հաշմանդամներին՝ իրենց սայլակներով հարմար լինի փողոց առանց ուղեղի ցնցումի անցնել: Ընդհանրապես, Հայաստանի հաշմանդամների վիճակը տխուր է: Արտասահմանում լինելիս թվում է, թե հաշմանդամների երկիր ես ընկել, սակայն խոր մտածելուց հետո հասկացվում է, որ հայաստանցի հաշմանդամները ուղղակի խուսափում են մեր խորդուբորդ ճանապարհներով երթեւեկել: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանը ավտոկանգառն է նորոգում: Չնայած, վերոհիշյալ տոնի կապակցությամբ Հայաստան ժամանող հյուրերը դժվար թե օգտվեն սովորական մահկանացուների օդանավակայանից՝ նրանք կժամանեն «Զվարթնոցի» VIP: Իսկ VIP-ը նորոգելու կարիք չի զգում: Ինչպես նաեւ հյուրերին ընդունելու օրերին կնվազի օդանավի աշխատակիցների կաշառակերության աստիճանը: Թեպետ աշխատակազմից բողոքում են, որ «Առավոտի» մի քանի հրապարակումներից հետո իրենց մոտ նախագահական աշխատակազմից մարդ են ուղարկել՝ «Զվարթնոցի» գործունեությունը վերահսկելու համար: ՄԱՐԻՆԱ ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ Դատապարտյալների մասին էր Երեկ Սահմանադրական դատարանում քննության դրվեց «դատապարտյալների փոխանցման մասին» միջազգային կոնվենցիայում առկա պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության մասին գործը։ Աշխատակարգային որոշումով զեկուցող էր ճանաչվել ՍԴ անդամ Ֆ. Թոխյանը, իսկ պատասխանող կողմ՝ ՆԳ փոխնախարար Արարատ Մահտեսյանը։ Կոնվենցիան համապատասխանում էր ՀՀ գործող Սահմանադրությանը։ Այն ստորագրել են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, բացառությամբ՝ Ռուսաստանի, Խորվաթիայի, Վրաստանի եւ Ուկրաինայի։ Ըստ այդ միջազգային փաստաթղթի, պայմանավորվող պետություններից մեկի տարածքում ազատազրկման դատապարտված օտարերկրյա քաղաքացին պատիժը կամ դրա չկրած մասը կկրի իր քաղաքացիության պետության տարածքում։ Նախատեսվում է նաեւ փոխանցված դատապարտյալների նկատմամբ կիրառել ներում, համաներում կամ պատժի մեղմացում։ Ակնկալվում է նաեւ դատավճռի վերանայում։ Եվ կատարող պետությունն էլ պարտավորվում է ըստ այս կոնվենցիայի «դադարեցնել դատավճռի կատարումը, եթե դատապարտող պետության իրավասու դատարանը համապատասխան որոշում է ընդունել»։ Սեփ. լր. ՎԱՀՐԱՄԻ ՎԵՊԸ Գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանի «Սողանք» վեպը շուտով կհայտնվի գրախանութներում։ Այն տապագրվել է «Ապոլոն» հրատարակչությունում եւ վեպի նյութը մեր օրերն են։ Այս գրքով «Ապոլոնը» բացում է «XXI դար. հայ արձակ» մատենաշարը։ Գիրքը ձեւավորել է արվեստաբան Նազարեթ Կարոյանը։ Ի դեպ, այս վեպի առավելություններից մեկն այն է, որ հեղինակը մինչ գրելը «Ար» հեռուստաընկերության փոխնախագահն էր, վեպը գրելու համար վեցամսյա ստեղծագործական արձակուրդ է վերցրել եւ չի վերադարձել «Ար»։ ՊԱՏՌԵ՞Լ Է, ԹԵ՞ ՈՉ Վերջերս լուր էր պտտվում, որ հերթական գալա-համերգի ժամանակ մենակատար Աննա Շիրոյանը եւ Լիլիթ Գրիգորյանը պարգեւատրման արդյունքների հետ համաձայն չլինելով՝ պատռել են բեմում իրենց գովասանագրերը: Մենք փորձեցինք հանդիպել Աննա Շիրոյանին, բայց վերջինս համառորեն հրաժարվեց հարցազրույց տալ: Նա միայն ասաց, որ առաջին անգամ է լսում իր մասին այդ լուրը: «Ոչ ես, ոչ էլ Լիլիթը ոչինչ չենք պատռել: Երբ մենք ցանկացանք իմանալ մրցույթի արդյունքները, մեզ ասացին, որ բեմում կհայտնեն: Ըստ իմ հավաքած միավորների, երրորդ տեղն արդարացի չէր: Ես, ի նշան բողոքի, պարզապես լքեցի բեմը: Իսկ ինչ վերաբերում է Լիլիթ Գրիգորյանին, նա անչափ գոհ էր իր պարգեւատրումից»: Սեփ. լր. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝ ԸՆԴԴԵՄ ԱԲՈՐՏԻ Համազգային թատրոնը վերջերս Բելգիայում մասնակցեց «Բժիշկներ առանց սահմանի» MSF կազմակերպության բելգիական մասնաճյուղի կազմակերպած փառատոնին։ Կանանց աբորտի դեմ պայքարող եւ առողջության մասին պրոպագանդող գովազդներից հետո, Համազգային թատրոնը թեմատիկ պատվեր ստացավ։ Ներկայացումը կոչվեց «Ընտրություն»։ Հիշեցնենք մեր ընթերցողին, որ Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարը Սոս Սարգսյանն է։ Հյուրախաղերի մասին խնդրեցինք պատմել թատրոնի դերասան, խմբի ղեկավար Դավիթ Հակոբյանին։ – Ներկայացում պատրաստելու առաջարկն ընդունվեց՝ որովհետեւ թատրոնը ֆինանսական պրոբլեմնե՞ր ուներ։ – Հարկավ։ Չնայած ես կողմ եմ նորին, եթե ասելիք կա, ժամանակները փոխվել են եւ պետք է ապահովվի նաեւ նոր մոտեցում։ Բոլոր կայացած երկրներում թատրոնի հանդեպ վերաբերմունքը շատ լուրջ է, մեզ մոտ դա չկա։ Եվ, վերջապես, հյուրախաղերը ուղղակի անհրաժեշտ են թատրոնին։ – Կարծիք կա, որ այդ ներկայացումը չի համապատասխանում թատրոնի որդեգրած սկզբունքներին։ – Թատրոնն ինքնին ակցիա է։ Եթե այն որեւէ բան չի սովորեցնում, ապա անիմաստ է նրա գոյությունը։ Շրջում են բավականին տհաճ, անհիմն խոսակցություններ Համազգային թատրոնի եւ MSF-ի հասցեին, իբր ընտանիքի պլանավորում անվան տակ պրոպագանդվում է երեխաների քանակի սահմանափակում, որը սպառնում է մեր գենոֆոնդին։ Մենք այդ ներկայացումը խաղացել ենք Տավուշի մարզի համարյա բոլոր գյուղերում։ 15 տարուց ի վեր այնտեղ կենդանի դերասան չէին տեսել, եղանք մշակույթի պալատներում, ուր դահլիճում ծիծեռնակի բներ էին հյուսված։ Տավուշում ծրագիրը լուրջ ներդրումներ է կատարել։ Չգիտես ինչու՝ զարմացան ու զայրացան մերօրյա ազգասեր այրերը։ MSF-ի բժիշկները մեր առաջատար բժիշկների հետ որոշեցին օգնել հայ կնոջը՝ առողջ մնալու, քաղաքակիրթ ճանապարհով հոգալու իր մասին։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԶԲԱՂՎԵՑ ՋՐԾԱՂԻԿՈՎ Նոյեմբերի 23172ին «Առավոտ» օրաթերթում տպագրված «Ինչո՞ւ չեն փակվում դպրոցները» վերնագրով ռեպլիկում նշված էր հատկապես Կենտրոն համայնքի Նիկոլ Աղբալյանի անվ. միջնակարգ դպրոցը։ Նույն օրն էլ քաղաքապետարանի հանձնաժողովի կողմից (Կենտրոնի շրջանի ՀՀՀԿ172ի տնօրեն Ա. Բալասանյան, Երեւան քաղաքի գլխավոր սանիտարական բժիշկ Մ. Հախվերդյան, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Ա. Կուբանյան, առողջապահության վարչության պետ Նիկոլայ Դալլաքյան, առողջապահության վարչության գլխ. մասնագետ, Երեւան քաղաքի գլխ. մանկաբույժ Է. Մնացականյան) կազմակերպվեց ստուգայց, որի արդյունքում պարզվեց. Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում, որն ունի 1200 աշակերտ, 2000 թ. սեպտեմբերի 12172ին արձանագրվել է ջրծաղիկ հիվանդության առաջին դեպքը։ Այնուհետեւ 25 տարբեր դասարաններում 3 ամսվա ընթացքում հիվանդացել է 130 աշակերտ։ Նկատի ունենալով հիվանդության առանձնահատկությունները եւ դպրոցում հիվանդության համաճարակային ընթացքը, ՊՀՀ ծառայությունը առայժմ դպրոցի գործունեության դադարեցումը գտնում է ոչ նպատակահարմար։ ՊՀՀ ծառայությունը եւ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունները ձեռնարկում են անհրաժեշտ խստացված հակահամաճարակային միջոցառումներ` վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել