Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականում աշխարհը շատ մեծ է, իսկ Հայաստանը՝ շատ փոքր, բայց

Փետրվար 01,2001 00:00

ՄԵՆՔ ՉԵՆՔ ՃԱՆԱՉՈՒՄ ԱՇԽԱՐՀԸ «Իրականում աշխարհը շատ մեծ է, իսկ Հայաստանը՝ շատ փոքր, բայց դա չի նշանակում, որ մենք աշխարհի մասը չենք»,- ասում է ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանը: Ռ. Մանգասարյանը՝ ուղտին. ծխելը վնասակար է առողջությանը: Բնակվելով Երեւանում, նա հիմնականում աշխատում է Հայաստանից դուրս՝ Կովկասում, Ռուսաստանում, Միջին Արեւելքում, Միջին Ասիայում: Նրա լուսանկարները այս տարածաշրջանի երկրների մասին տպագրվել են այնպիսի թերթերում եւ ամսագրերում, ինչպիսիք են՝ «Բոսթոն Գլոբ» ԱՄՆ, «Ֆոկուս» Գերմանիա, «Բիզնես Ուիք» ԱՄՆ, «Իտոգի» Ռուսաստան եւ այլն: Վիզայով հարսը: – Երբ փոքր էի, նայում էի քարտեզին եւ ուրախանում այն մտքից, որ ես ապրում եմ Հայաստանում, որը գտնվում է աշխարհի քարտեզի կենտրոնում։ Իրոք, մեր տվյալները հրաշալի են. այստեղից հասանելի են թե՛ Եվրոպան, թե՛ Ասիան, թե՛ Ամերիկան, կարճ ասած՝ ամբողջ աշխարհը: Այլ խնդիր է, որ մեր ավանդական կապերի շնորհիվ ուրիշ կերպ ենք պատկերացնում աշխարհը: Մեզ համար Փարիզը, Լոս Անջելեսը ավելի մոտ են, քան Թեհրանն ու Կահիրեն: Ավելի լավ ճանաչում ենք հեռուները, քան մեր հարեւան երկրներին, ժողովուրդներին, նրանց խնդիրներն ու կարգավիճակը: Հայաստանում վիճակը դեռ լավ չէ, բայց այնքան էլ վատ չէ, հավատացեք, մեզ նախանձողներ կան: Մենք չենք ճանաչում մեզ շրջապատող աշխարհը եւ դա բերում է բացարձակ ինքնամեկուսացման: Շատերի աչքերում Հայաստանը դժբախտ մի կղզի է, որից կարելի է փախչել միայն կտրելով Ատլանտյան օվկիանոսը: Համոզված եմ, որ ներկա արտագաղթի հիմնական պատճառներից մեկը տեղեկատվական վակուումն է, որը տիրում է մեր տարածաշրջանի երկրների միջեւ: Օրինակ, շատ քչերը Հայաստանում գիտեն Միջին Ասիայում տիրող ճգնաժամի մասին,- ասաց Ռ. Մանգասարյանը։ Ռ. Մանգասարյանը «Բոսթոն Գլոբի» թղթակցի հետ վերջերս եղավ Ֆերգանայի հովտում: – Ֆերգանայի դաշտավայրը Միջին Ասիայի ամենախիտ բնակեցված ու ամենաբերրի տարածքն է, որը պատկանում է Ուզբեկստանին: Դաշտավայրի արեւելքից ու հարավից Ղրղըզստանն է, արեւմուտքից՝ Տաջիկստանը։ Այն հանդիսանում է Միջին Ասիայի հիմնական խաչմերուկը: Այդ տարածքում այսօր շատ լարված իրավիճակ է, ու գարնանը հնարավոր է անգամ պատերազմ սկսվի։ Թալիբները Աֆղանստանից նպատակաուղղված փորձում են Միջին Ասիայի կենտրոնում ուժեղացնել իրենց ազդեցությունը՝ իսլամական պետություն հաստատելու համար: Անցյալ ամռանը ընդհարումներ եղան Նամանգանի ջոկատի ու Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի զորքերի միջեւ: Ի պատասխան, Ուզբեկստանը խստացրեց իր սահմանը Տաջիկստանի հետ: Այդ սահմանի մի մասն այսօր ականապատված է, իսկ տաջիկները չեն կարող առանց վիզայի մուտք գործել Ուզբեկստան: Ուզբեկստանի ներսում ոստիկաններն ամենուր անձնագրեր են ստուգում, բետոնե հատուկ պաշտպանական կառույցներ ունեն պետավտոտեսչության կետերը: Տաշքենդ մտնող ճանապարհներին ստուգվում են բոլոր մեքենաներն ու անձնագրերը: Թերեւս հետաքրքիրը նաեւ այն է, որ այս տարածքում ԽՍՀՄ-ի տարիներին գծված սահմանները շատ խնդիրներ են առաջացնում: Օրինակ, Ռ. Մանգասարյանի մի լուսանկարում հարսանիք է Ուզբեկստանի եւ Տաջիկստանի սահմանի վրա եւ հարսին մաքսատնով տանում են փեսայի մոտ: Ուզբեկստանի նախագահը, պետությունը փորձում է բոլոր հնարավոր ու անհնար ձեւերով կանխել իսլամական շարժման տարածումը, փակվում են մզկիթներ, ձերբակալվում են հազարավոր մարդիկ, որոնք որեւէ առնչություն են ունեցել իսլամի հետ: – Եթե անգամ Իսլամը պրոպագանդող որեւէ թռուցիկ կամ գիրք գտնեն մեկի տանը՝ կարող են ազատազրկել առնվազն 5 տարով։ Ստալինյան ժամանակների երեւույթներ կան, ինչպես՝ «դանոսներ» գրելը։ Թեկուզեւ երկու հարեւաններ կենցաղային ինչ-որ վեճի պատճառով կարող են «դանոս» գրել… Իսկ Վրաստանի մասին պատմելիս Ռ. Մանգասարյանն ասաց. «Եթե ուզում եք հայտնվել 1992-1993 թթ. մութ ու ցուրտ Երեւանում, ապա մեկնեք Թբիլիսի: Հոսանքի հովհարային անջատումներ՝ օրական 4 ժամ ռեժիմով էներգետիկ ճգնաժամ: Առկա են նաեւ չլուծված ներքաղաքական, տարածքային, տնտեսական, սոցիալական խնդիրներ»։ Այժմ Ռուբեն Մանգասարյանը «Ճանապարհորդություն՝ հայտնագործելով Արաբական աշխարհը» ծրագրի վրա է աշխատում։ Մտադիր է ճանապարհորդությունը սկսել Օմանից եւ ավտոմեքենայով հասնել Մարոկկո՝ ընդհանուր առմամբ 15 արաբական երկիր։ – Այս մեծ աշխարհում որպեսզի ճիշտ վերարժեքավորես քեզ, պետք է ոչ թե հայկականը փնտրես ուրիշ երկրներում, այլ ճանաչես ու հասկանաս, թե ովքեր են արաբները, պարսիկները, եվրոպացիները, եւ այլն: Պետք է ուսումնասիրել նրանց մշակույթը, պատմությունը, որպեսզի դուրս գանք այս ինքնամեկուսացումից: Ֆոտոլրագրողի այս ճանապարհորդության նպատակն է՝ տեսնել եւ ցույց տալ Արաբական աշխարհը, մշակույթը, պատմությունը եւ ներկան: Ամեն օր արված լուսանկարները տեղադրվելու են Ինտերնետում, որը հնարավորություն կտա հետեւել ճանապարհորդության ընթացքին: Այս ծրագրով արդեն հետաքրքրվել են մի շարք խոշոր թերթեր եւ ամսագրեր: Ֆինանսավորման համար բանակցություններ են արվում արաբական հիմնադրամների հետ: Ռ. Մանգասարյանը այս ծրագրի համար համագործակցելու առիթով դեռ չի դիմել որեւէ հայկական կազմակերպության, սակայն միգուցե կգտնվեն մարդիկ, որոնց կհետաքրքրեն. Արաբական աշխարհը նաեւ ծարավ աշխարհ է, ջուր չունեն, գուցե ջուր արտադրող որեւէ կազմակերպություն կցանկանա համագործակցել։ Ուզբեկական բլիթները: – Այս ճանապարհորդությանն աջակցելու համաձայնություն են տվել «Միջազգային ճանապարհորդությունների ակումբը»՝ Թունիսից, «Ուորլդ Թրեյդ Փրես» ընկերությունը՝ ԱՄՆ-ից, «Իսլամիք Քոմ» ֆինանսական կազմակերպությունը եւ Արաբական Էմիրությունների Առեւտրի պալատը: Շուտով մեկնելու եմ Սիրիա եւ Լիբանան՝ նախապատրաստական աշխատանքները սկսելու համար: Կարծում եմ, մի քանի ամսից կհանդիպենք «Առավոտի» էջերում, որին ես հաճույքով կտրամադրեմ Արաբական ներկա աշխարհը ներկայացնող լուսանկարներ: ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել