Լրահոս
Օրվա լրահոսը

Կռվից պրծանք

Փետրվար 24,2001 00:00

Կռվից պրծանք Երբ Գագիկ Մինասյանը ընտրվեց ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀԺԿ-ականներից մեկը ծիծաղեց, թե՝ կռվից պրծանք։ Ասել է թե՝ Մինասյանի ընտրվել-չընտրվելը վիճակախաղի հավանականություն էր։ Հայաստանի քաղաքական կյանքում հաստատված անշարժությունը մերթ կառավարության մոտալուտ հրաժարականի, մերթ խորհրդարանը լուծարելու վերաբերյալ կանխատեսումների առիթ է տվել։ Պարզապես այլեւս քաղաքական վերադասավորումների ասպարեզ չի մնացել, մյուս կողմից անշարժությունը երկար չի կարող շարունակվել։ Այդուհանդերձ, գործնականում որեւէ փաստարկ հօգուտ խորհրդարանի լուծարման առայժմ չկա։ Կառավարության հրաժարականը առավել տրամաբանական է։ Այդ կառավարությունը ոչ միայն մակրոտնտեսական ցուցանիշներով առաջընթաց չի արձանագրում, այլեւ աշխատավարձերն ու նպաստները անկարող է վճարել։ Առայժմ, սակայն, իրենց պարտականություններն են կատարում թե խորհրդարանը, թե կառավարությունը եւ դիտարկելով վերջին մեկ-երկու ամիսների պաշտոնանկություններն ու նոր նշանակումները, կարծես թե երկու քաղաքական ուժ են մնացել ասպարեզում։ Առերեւույթ դրանք միասնական են, քանի որ խորհրդարանում ներկայացված են մեկ՝ «Միասնություն» խմբակցությամբ, իսկ գործելակերպով, շահագրգռություններով ու պատասխանատվությամբ օտար են՝ ՀԺԿ եւ ՀՀԿ։ Երբ աշնանային նստաշրջանում Տիգրան Թորոսյանը ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնելու հայտ էր ներկայացրել, նույնիսկ Վարդան Այվազյանին «իրականից» թվացել էր, որ գործընթացները երկրում կառավարելի զարգացում են ապրում։ Կառավարությունը կձեւավորի խորհրդարանական մեծամասնություն, այն կպահի կախման մեջ եւ շղթան կփակվի։ Այդպես չպատահեց։ Իսկ երբ 2001-ի տարեսկզբին Երեւանի քաղաքապետի թափուր պաշտոնը տրվեց ՀԺԿ-ական Ռոբերտ Նազարյանին, հասկանալի էր, որ Հանրապետականի հավակնությունները երբեւէ այլեւս չեն բավարարվելու։ Հետեւաբար, եթե կառավարության կազմում էլ լինեն փոփոխություններ, առաջին հերթին դա վերաբերելու է վարչապետին, այնուհետեւ՝ որեւէ քաղաքական ուժի աջակցությունը չվայելող, ոչ այն է՝ երկրապահ, ոչ այն է՝ հանրապետական նախարարներին։ ՀԺԿ-ական նախարարներին թերեւս պաշտոնանկություն չսպառնա։ Ինչ-որ տեղ դա անցած մեկ-երկու տարում նախարարների ծավալած գործունեության փոքրիշատե գոհացուցիչ արդյունքներով է բացատրվում։ Ասենք, գյուղատնտեսության ոլորտում, 2000-ին, առաջին անգամ թերեւս, առանց գյուղացիական դժգոհության ցույցերի անցկացվեց գյուղատնտեսական կուլտուրաների մթերումը։ Երկրորդ հանգամանքը, որով բացատրվում է ՀԺԿ-ական նախարարների երկարակեցությունը, թերեւս Ստեփան Դեմիրճյանի ընտրած ճիշտ տակտիկան է։ Նա, որպես կանոն, առաջադրելով թեկնածուներ պաշտոնների համար, ձեռնպահ է մնում կուսակցական անձանց երաշխավորելուց։ Ոչ ԿԳ նախարարը, ոչ գյուղատնտեսության նախարարը, ոչ Երեւանի քաղաքապետը կուսակցական պատկանելություն չունեն, հետեւաբար, այդ անձանց պաշտոնանկ անելը երբեք չի կարող մեկնաբանվել իբրեւ կուսակցությունից ազդեցության ոլորտներ վերցնել։ Իսկ իբրեւ տեխնոկրատ՝ ՀԺԿ-ական նախարարների, ինչպես նաեւ՝ այլ կուսակցությունների կողմից առաջադրված կամ երաշխավորված նախարարների պաշտոնում մնալու գրավականը ոլորտը ղեկավարել կարողանալն է եւ քաղաքական լոյալությունը։ Երկրորդ պայմանը, 2000-ի մայիսից ի վեր, չկա նախարար, որ չկարողանա ապահովել։ Առաջինի մասին… մինչ այժմ արվածով կարելի է դատել։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728