Լրահոս
Օրվա լրահոսը

Ձգվում էր ճանապարհը դեպի Ջավախք։ Պահ առ պահ այնքան խորդուբորդ ու անհարմար դառնալով, որ

Մայիս 05,2001 00:00

ՋԱՎԱԽՔՑԻՆ ՀՈԳՆԵԼ Է ՍԻՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՑ Ձգվում էր ճանապարհը դեպի Ջավախք։ Պահ առ պահ այնքան խորդուբորդ ու անհարմար դառնալով, որ ուղղակի հուսահատվում էիր։ Ճանապարհը երկար էր ու միկրոավտոբուսի մեջ մարդիկ շատ արագ «մտերմացան»։ Վիճում էին տաք- տաք եւ, ինչպես պիտի սպասել, միեւնույն կարծիքին չէին նույնիսկ երկուսը։ Հասանք Ախալքալաք։ Քաղաքը անմխիթար, բարձիթողի վիճակում էր, փոշոտ ու անհարթ ողջ ճանապարհին քանդված, թալանված ու կիսավեր շինություններ էին։ Միալար տեղացող անձրեւն էր պատճառը, թե մարդկանց հոգնած-անտարբեր դեմքերը՝ տպավորությունը ճնշող էր։ Իսկ երեկոյան արդեն քաղաքը թաղվում էր անթափանց խավարում։ Սոցիալ-տնտեսական կյանքը Շրջանում այսօր ցանկացած հարցի լուծում կախված է էլեկտրաէներգիայի նորմալ մատակարարումից։ Սակայն այդ հարցը ոչ մի կերպ չի կարգավորվում։ Հայաստանը իր սուղ միջոցներից մոտ 2 միլիոն դոլար է տրամադրել՝ կառուցելու 70 մգվ հզորություն ունեցող մի հոսքագիծ, որը կարող է շուրջօրյա լույսով ապահովել ամբողջ Ախալքալաք-Ախալցխան՝ իրենց հարակից շրջաններով։ Սակայն ողջ Ջավախքում ներկայումս լույս ունի միայն Բոգդանովկայի շրջանը, որն օգտագործում է միայն 2-3 մգվ հոսանք։ Շրջանի գործադիր իշխանության տնօրեն Աթո Համբարձումյանը հունվար ամսից ի վեր չի կարողանում ապահովել լույսի հոսքը Ախալքալաք։ Չես հասկանում՝ կազմակերպչական աշխատանքի անընդունակությո՞ւնն է պատճառը, թե՞ անձնական ինչ-ինչ շահեր, որ շրջանի բնակիչն այսօր մեկ լույսի եւ հեռուստացույցի համար վճարում է 20 դոլար (ամսական)՝ ստանալու իր հոսանքը մասնավոր էներգակայանից, այնինչ կարելի է նույն գումարով ունենալ շուրջօրյա լույս եւ, որ ամենակարեւորն է, բոլորը ապահովված կլինեն։ Մարդիկ պատրաստ են վճարել, իսկ այդ չարաբաստիկ գումարները ոչ մի կերպ չեն հավաքվում։ Այս անգամ խոստացված էր հոսանքի մուտքը մինչեւ ապրիլի 20-ը եւ՝ հերթական հուսախաբություն։ «Չգիտես ում հոգածությամբ ստեղծվել է այնպիսի համակարգ, որ էներգակամպանիան շրջանից տեղափոխվել է կենտրոնական հսկողության, եւ այսօր շրջան-նահանգ-Թբիլիսի ճանապարհով անցնող գումարները մինչեւ հասնում են հասցեատիրոջը, խափանվում է լույսի մատակարարման գրաֆիկը։ Եվ հարց է առաջանում. միջին օղակների կողմից տարվող այս խաղը քաղաքակա՞ն, թե՞ անձնական շահեր է հետապնդում»,- ասում է շրջանի ներկայացուցչական մարմնի ղեկավար Վ. Գաբրիելյանը։ Թեպետ քաղաքապետ Ենոք Խոդիկյանը վստա հեցնում էր, թե շուտով ամեն ինչ իր տեղն է ընկնելու, մարդիկ հուսահատ ձեռքերն են թափահարում՝ հոգնել են սին խոստումներից։ Քաղաքական կյանքը Վրաստանում գործում է 60-ից ավելի կուսակցություն, որոնցից մեկն էլ երկու տարի առաջ հիմնադրվել է Ախալքալաքում՝ «Վիրք» անվամբ։ Ունի կառույցներ 16 շրջաններում եւ 15000 անդամ։ Հիմնական նպատակն է դեմոկրատիայի ապահովում, ազգային փոքրամասնությունների, մարդու իրավունքների պաշտպանություն, հայ մշակույթի, հոգեւոր կյանքի, կրթության կայացման ու զարգացման ապահովում։ Այսօր Ջավախքի քաղաքական կյանքում կարեւորվում է մեկ հիմնական խնդիր։ Տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորումը։ Շրջանը ցանկանում է ձեռք բերել ուղղակի ենթակայություն կենտրոնին։ Արդյունքում՝ հստակ կկարողանա կարգավորել իր սոցիալ-տնտեսական հարցերը։ Վրացական կառավարությունը Ջավախքին մյուս շրջաններին հավասա՞ր հատկացումներ է անում հարցին Ախալքալաքի շրջանից խորհրդարանի պատգամավոր Մելիք Ռաիսյանը պատասխանեց՝ մի բան էլ ավելի, ուրիշ հարց է, որ տեղի հարկերը չենք կարողանում հավաքել տեղական իշխանությունների սխալ տնտեսական քաղաքականության պատճառով։ Դա եւ իրականացվող կադրային ճնշումը բերում են բարդությունների։ «Մեր հիմնական նպատակն այն է, որ ժողովուրդը ինքն իրենից կախված լինի, ոչ թե մի քանի շնուրոկներից»,- ասաց վրաց խորհրդարանի պատգամավորը։ Մեկ ցավոտ հարց եւս. Ըստ 1998թ. Վրաստանի սահմանադրությամբ ընդունած օրենքի՝ պատասխանատու աշխատանք ունեցող բոլոր քաղաքացիները պիտի տիրապետեն պետական լեզվին։ Սակայն եւ նախագահի, եւ պառլամենտի կողմից հաշվի էր առնվել շրջանի առանձնահատկությունը եւ մի տեսակ բացառություն էր արվում, բայց վերջին ժամանակներս նահանգապետ Գիգլա Բարամիձեն հրապարակել է մի հոդված, ուր ասվում է, որ այն մարդիկ, ովքեր չեն տիրապետում վրացերեն լեզվին, մեկ տարվա ընթացքում ազատվում են աշխատանքից։ Դա նշանակում է, որ Ջավախքի զավակները զրկվում են ապագայում հայրենիք վերադարձի իրավունքից։ «Նահանգապետարանը այսօր բացասական ազդեցություն է թողնում շրջանի վրա եւ մենք որոշում ենք ընդունել խնդրանքով դիմել նախագահին՝ շրջանը վերցնելու կենտրոնական ենթակայության եւ այժմ սպասողական վիճակում ենք»,- ասաց Վ. Գաբրիելյանը։ Մաքսատուն Մի հանգամանք եւս, որ ինչքան էլ անմեղ եւ օրինական թվա, շատերի կարծիքով ունի իր ենթատեքստը։ Վրացական մաքսատունը 15-20 լարի մաքս է պահանջում այն մեքենաների համար, որոնք մտնում են իր սահմանը (գումարի չափը պայմանավորված է նստելատեղերի քանակով), իսկ հայկական մաքսատունը, ըստ ապրիլին ընդունված օրենքի, մաքս է պահանջում երկիր ներկրվող ապրանքի դիմաց՝ 5 կգ-ից ավելիի դեպքում ըստ քաշի։ Արհեստականորեն բարդացվում է Ջավախք-Հայաստան հաղորդակցությունը՝ պետակա՛ն որոշումներով։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել