Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցների

Մայիս 12,2001 00:00

Կրթության վարչության նոր խաղը Դպրոցների տնօրենների վերջին խորհրդակցության ժամանակ Կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը գուժեց, որ այսուհետ ուսմասվարներին նշանակելու են ոչ թե տնօրենները, այլ Կրթության վարչությունը։ Խոսվեց նաեւ դպրոցական համազգեստի վերականգնման մասին։ Այս հարցերի առնչությամբ դպրոցների տնօրենների կարծիքն իմանալու համար երեկ այցելեցինք մայրաքաղաքի 9 դպրոց։ Միայն թիվ 144, 152, 84, 62, 61 դպրոցների տնօրենները համաձայնեցին հանդես գալ իրենց անունից։ Մյուս դպրոցների տնօրենների անունները, նրանց իսկ ցանկությամբ, չենք հրապարակում՝ կարեւորելով նրանց տեսակետի ներկայացումը։ Թիվ 62 եւ 144 դպրոցների տնօրենների կարծիքով, եթե դպրոցի տնօրեններին նշանակում է ոչ թե դպրոցը, այլ Կրթության վարչությունը, ապա ինչո՞ւ ոչ, թող ուսմասվարներին էլ նրանք նշանակեն։ Թիվ 61, 192, 84 դպրոցների տնօրենների կարծիքով, ուսմասվարների նշանակման հարցում քաղաքապետարանի Կրթության վարչությունը իրենց հետ հաշվի պետք է նստի։ «Միգուցե մենք ավելի լավ թեկնածուներ առաջարկենք։ Թող իրենք ընտրություն անեն»։ Իսկ եթե իրենց կարծիքը հաշվի չառնեն, «անհայտ, անկապ ինչ-որ մեկին նշանակեն, մենք դա չենք հանդուրժի»,- ասացին տնօրենները։ Ներկայանալ չցանկացող տնօրենները Կրթության վարչության որոշմանը միանգամայն դեմ էին։ Նրանց բացատրությամբ՝ իրենք ավելի լավ ընտրություն կարող են կատարել, քանի որ իրենց կադրերի ունակություններն իրենք ավելի լավ գիտեն. «Մենք հաշվի ենք առնում ոչ միայն աշխատանքային ստաժը եւ գիտելիքները, այլեւ աշակերտների հետ աշխատելու, կազմակերպչական աշխատանքների պլանավորման եւ իրականացման ունակությունները»,- նշեցին տնօրենները։ Ըստ դպրոցների կանոնադրության՝ տնօրենները պետք է ուսմասվարներ նշանակեն. «Էդ ո՞ր օրենքով են այդ լիազորությունը վերցնում, ի՞նչ ա, կանոնադրություննե՞րն էլ են իրենք փոխել։ Սա նոր խաղ է, ու բոլորս էլ հասկանում ենք՝ ինչի համար է դա արվում»,- ասացին նրանք։ Բոլոր տնօրեններն էլ կողմ էին դպրոցական համազգեստին։ Միայն թե այն չպետք է լինի կոմունիստական ոճով։ 10-րդ դասարանցին չպետք է հագնվի առաջին դասարանցու նման։ Դպրոցական համազգեստը պետք է լինի երեք տեսակի՝ մանկական, որը կկրեն 1-4-րդ դասարանցիները, դեռահասների՝ 4-6-րդ դասարանցիների համար եւ պատանեկան՝ 7-10-րդ դասարանցիների համար։ Տնօրենների կարծիքով, հագուստը պետք է նաեւ սեզոնային լինի։ Այսինքն, ամառայինը եւ գարնանայինը՝ կիսաշրջազգեստ կամ զգեստ, իսկ աշնանայինը եւ ձմեռայինը՝ հավանաբար կլինեն ոչ շատ նեղ տաբատներ։ Դպրոցների տնօրենների կարծիքով, մանկական հագուստը պետք է լինի պայծառ եւ ուրախ գույներով։ Դեռահասներինը երեւի թե սպորտային ոճի լինի։ Իսկ բարձր դասարանցիների հագուստը պետք է լինի դասական եւ ներդաշնակ գույներով։ Ի դեպ, դպրոցականներին կառաջարկվեն հագուստի նմուշներ, որոնցից եւ նրանք կընտրեն։ «Պետք է իրենց սրտով լինի, որ հաճույքով հագնեն»,- ասացին տնօրենները։ Հետո ավելացրին, որ յուրաքանչյուր դպրոց պետք է ունենա իր համազգեստը, որպեսզի դպրոցները իրարից տարբերվեն հագուստով։ «Արտասահմանում այդպես է, ամեն դպրոց ունի իր ոճը, եւ հագուստով իմանում են, թե ով որ դպրոցի սան է։ Համ էլ կյանքը միապաղաղ չէ, եւ մարդու աչքը չի հոգնի դպրոցականներ տեսնելուց, այլ կշոյվի, տեսնելով բազմապիսի համազգեստներ»,- կարծում են տնօրենները։ Սակայն, ինչպես իրենք նշեցին, այդ ամենը մեծ ծախսերի հետ է կապված եւ նման հագուստը շատ թանկ կարժենա։ Այդ ծախսերը դպրոցն ի վիճակի չէ իր վրա վերցնել, իսկ արդյո՞ք ծնողները ի վիճակի կլինեն այդ թանկ հաճույքի համար վճարել։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել