Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Հունիս 26,2001 00:00

ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾՈՒԽԸ ՎԸ-ՆԱ-ՍԱ Երեկ սկսվեց խորհրդարանի արտահերթ նստաշրջանը։ Ազգային երեսփոխանները փորձում էին հերոսաբար դիմադրել որեւէ տրամաբանության մեջ չտեղավորվող ամառային «էս անտեր» շոգին։ Այս ճակատամարտում փայլուն հաջողություններ չէին գրանցվում։ Փոխարենը՝ օրենսդիր դաշտում իրար հետեւից օրենքի նախագծեր էին քննարկվում, իսկ օրվա վերջում նույնիսկ քվեարկություն եղավ։ Երեկվա նիստում հերթը չհասավ այնքան քաղաքականացվող «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Ի դեպ, նախագծերի ցուցակում սա թիվ «ԻԲ» երրորդն էր, իսկ թվերի լեզվով՝ 22-րդը։ Սրա մասին դեռ կխոսենք։ Առայժմ անդրադառնանք ծխելու վնասներին։ Նույնիսկ փոքրիկ երեխան գիտի, որ ծխելը «վը-նա-սա»։ Բայց ծխում են։ Ոչ միայն ծխում են, այլեւ այնպիսի տպավորություն է, թե այս երկրում ներմուծվող եւ արտահանվող ծխախոտի հաստատագրված վճարների մասին խոսելուց բացի, մյուս բոլոր կարեւոր հարցերը քննված եւ քննարկված են եւ մնում է միայն սարի սմբուլը։ Դե, եթե մնացել է, ուրեմն սա էլ պետք է քննել։ Մեր դիտարկմամբ, եթե կոնկրետ ծխախոտի դեպքում ներմուծվողի եւ ներարտադրվողի շահերի եւ վնասների մասին հարց է մտնում խորհրդարան, ապա առավել տրամաբանված կլիներ, եթե կառավարության հոգսը լինեին հայրենական ոչ միայն ծխախոտ արտադրողները, այլեւ բոլոր մյուս տեսակի ապրանք արտադրողները։ Ինչո՞ւ այսքան ջերմ վերաբերմունք մի ապրանքատեսակի նկատմամբ, որի օգտագործումը «վը-նա-սա»։ Բայց արտադրողը հարցը որոշել է բարձրացնել, քանի որ իր եւ ներմուծողի միջեւ հարկային գանձման 20 դոլարին համարժեք տարբերությունը բավարար չէ դիմանալու մրցակցային դաշտում։ Հարցը բարձրացել է եւ կառավարությունն էլ որոշել է ընդառաջել։ Սա չէ խնդիրը, խնդիրն այն է, որ ԱԺ-ն տարին մեկ որոշում է վերոհիշյալ հարցերով բուռն քննարկումներ անցկացնել, կարծես թե թիվ մեկ խնդիրը սա է։ Բայց ԱԺ-ի կամ կառավարության մտքով չի անցնում այս քննարկումներին զուգահեռ առաջարկ անել՝ նաեւ ներմուծվող կամ արտադրվող ծխախոտի տուփի վրա նշել, ասենք նիկոտինի պարունակության մասին ինֆորմացիա։ Մարդիկ գոնե կիմանան, թե քանի տոկոսով են թունավորվում։ Հարցերը զուտ շահի եւ վնասի հարթությունում շարունակաբար քննարկելուց որեւէ օգուտ հասարակությանը չի տրվում։ Վստահ եմ, ԱԺ-ի նիստերին հետեւող շարքային քաղաքացին ձեռքը թափ է տալու, իր չիբուխն է ծխելու եւ իրավացիորեն փնթփնթալու է՝ իրար մեջ հարցեր են լուծում։ Նույն շարքային քաղաքացին հասկանալու է մեկ ուրիշ բան եւս՝ այս ամբողջ աղմուկից ստվերայնությունը չի նվազելու։ Եթե արտադրողն ու ներմուծողը, թերեւս ավելի՝ արտադրողը դժգոհում էր, որ իր գործին նման քաղաքականությունը «խփում է», շարունակելու է դժգոհել, բայց շարքային ծխողի համար պարզ է, չէ՞, որ որոշ ստվերներ նույնիսկ կեսօրին չեն անհետանում։ Այսպիսով, քրտնած խորհրդարանն օրվա վերջում 87 «կողմ», 5 «դեմ» եւ 5 «ձեռնպահով» ընդունեց «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Հետաքրքիր բաներ կատարվեցին «ՀՀ-ում դեղամիջոցներից եւ դեղանյութերից գանձվող ավելացված արժեքի հարկի գումարների ծախսման ուղղությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ կապված։ Նախ ասենք, որ սա եւս ընդունվեց, արդեն 89 «կողմ» ձայնով, 1 «դեմ» եւ ոչ մի «ձեռնպահով»։ Պարզապես, լրագրողների ուշադրությունից չվրիպեց մի հետաքրքիր փաստ։ ԱԺ նախագահին ուղղված վարչապետի նամակում պաշտոնական ներկայացուցիչ էր նշված ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը։ Օրենքի նախագիծը, ըստ նույն վարչապետի նամակի, ԱԺ-ում պետք է ներկայացներ սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը, բայց, չգիտես ինչու, երեկ հարցը ներկայացրեց առողջապահության նախարարը։ Ավելի ուշ, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը փորձեց բացատրել, որ գուցե լրացուցիչ նամակ է եղել, բայց՝ մեղմ ասած, համոզիչ չէր։ Վերադառնալով ծխելու վնասներին, արձանագրենք՝ մեր փոքրիկ հարցումը պատգամավորների շրջանում պարզեց, որ հարցումին մասնակցած 26 պատգամավորներից ութը ծխում են արտասահմանյան արտադրության ծխախոտ։ Ահա նրանք, արեք նրանց հետ ինչ ուզում եք՝ Վազգեն Մանուկյան, Վարդան Մկրտչյան, Գրիգոր Հարությունյան, Մանուկ Գասպարյան, Գագիկ Ոսկանյան, Խաչատուր Սուքիասյան, Վոլոդյա Բուդաղյան, Հենրիկ Աբրահամյան։ Տեղական սիգարետ ծխողները եւս ութն են՝ Արմեն Խաչատրյան, Արմեն Մխիթարյան, Սամվել Ավետիսյան, Շավարշ Քոչարյան, Մարտուն Մաթեւոսյան, Սեյրան Ավագյան, Ստեփան Զաքարյան, Արշակ Սադոյան, մնացած տասը ծխելուց հրաժարվել են տարբեր պատճառներով։ Աղասի Արշակյանն, օրինակ, երդվել է՝ «ով ծխի, Եվրախորհրդի անդամ դառնա»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել