Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՆԱՆՅԱՆ ՈՃՐԱԳՈՐԾԻ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Օգոստոս 14,2001 00:00

 Զրույց «Հոկտեմբերի 27» դատավարությանը հետեւող անկախ դիտորդի հետ

Արձակուրդի մեջ գտնվելու պատճառով չենք լուսաբանել «Հոկտեմբերի 27» քրգործի օգոստոսի 1-ի, 2-ի, 6-ի, 8-ի, 10-ի դատական նիստերը։ Տեղեկացնենք, որ տակտիկական նկատառումներից ելնելով, իր հարցաքննությունը ժամանակից շուտ դադարեցրել է մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը։

Որքան էլ տարօրինակ էր, փետրվարի 15-ից սկսած, դատաքննությանը առաջին անգամ ներկայացած մի քանի տուժածներ էլ (խորհրդարանից) հրաժարվել էին հարցեր տալ ամբաստանյալ Նաիրի Հունանյանին։ Չգիտեմ, թե նման կեցվածք որդեգրելուց հետո այդ հատուկենտ տուժածները (նրանք 91-ն են) իրավունք կունենա՞ն գնահատել դատարանի գործունեությունը, կխոսե՞ն քրեական գործի արդարացի քննության մասին։

«Առավոտը» բազմաթիվ արձագանքներ ունեցավ օգոստոսի 1-ին լույս տեսած անկախ դիտորդի հետ մեր զրույցի կապակցությամբ։ Երեկվա իմ զրույցը վերաբերում էր ամբաստանյալ Հունանյանի հոգեբանական բարդույթներին։

– Ոճրագործությունից 3 օր հետո «Առավոտը» հարցազրույց էր ունեցել հոգեբանական գիտությունների թեկնածու Ալբերտ Նալչաջյանի հետ, որն ասել էր. «Եթե մարդը սպանել է մի քանի հոգու եւ կանգնած հանգիստ ինչ-որ բացատրություններ է տալիս՝ այ դա պաթոլոգիա է»։ Դատաքննությանը դուք հետեւում եք եւ կարո՞ղ եք ասել, որ ամբաստանյալն ունի բարդույթներ:

– Ոճրագործի առաջին ակնհայտ բարդույթը ֆրուստրուացիայի խրոնիկական բնույթն է։ 2001թ. ապրիլի 11-ի դատական նիստում հրապարակված, ապրիլի 19-ից իր իսկ կողմից մեկնաբանված կենսագրականից մի շարք հետաքրքրական հետեւություններ կարելի է անել։ Ոճրագործի սոցիալիզացիայի էտապներն ընթացել են երկու հակադիր, ծայրահեղ ռեժիմի օրոք։ Նախկին ԽՍՀՄ-ի օրոք կարիերայի բավական հստակ մեխանիզմի պայմաններում նա կարծես թե անցել է «սոցիալական աստիճանի» որոշակի մասը. իր խոսքերով, դպրոցում սովորել է լավ, մինչեւ 6-րդ դասարանը՝ գերազանց, ապա՝ հարվածային։ ՊՏՈՒ-ում ստացել է խառատի մասնագիտություն, աշխատել Երքիմշինտրեստում որպես բանվոր, ապա 1984-ին ընդունվել է ԵՊՀ-ի լեզվի եւ գրականության ֆակուլտետ, զորակոչվել է բանակ:

Սկիզբ առած համազգային շարժումն ու ԽՍՀՄ փլուզումը լուրջ սոցիալական ու քաղաքական տեղ չապահովեցին սոցիալական միջակությանը՝ չնայած ուսանողական շարժման ընթացքում վերջինիս ցուցաբերած մասնակցությանը։ Ոճրագործի մոտ «խրոնիկական» բնույթ է կրում իր սպասումների ու դրանց բավարարման հնարավորությունների պարբերական դարձած անհամապատասխանությունը, ինչն էլ նրա «հոգեկան խռովքի» պատճառ է դառնում։ Լրջագույն բարդույթ է սեփական անձի գերկարեւորումն ու գերարժեւորումը։

Իր իսկ վկայակոչմամբ, 2 տարեկանից բերանացի իմացել է «Սասունցի Դավիթ» էպոսը (որը հերքվեց հոր՝ Հրաչ Հունանյանի կողմից), կարդացել է մեծ թվով այլ գրքեր, իր աշակերտական բանաստեղծությունները երկար տարիներ փակցված են եղել դպրոցում, ակորդեոնի, դհոլի է գնացել։ Իր մասին մեծ կարծիք ունեցող Հունանյանը բնական է, որ սեփական «մեծ» հնարավորությունների ինքնաիրացման առկա հնարավորությունների մեջ պետք է մեծ խզման զգացողություն ունենար։ Այլ խոսքով՝ ֆրուստրուացիայի մեջ ընկներ, հոր մոտ «տրտնջալով» իր ընկերներ Ալիկի, Տիկոյի, Հարութի «պատրոնաժային հաջողականությունից»։

Առաջնորդ լինելու հավակնությունները կամ առաջատար քաղաքական դերակատարների «շրջակայքում» իրեն դասելը նարգիզականության վառ դրսեւորումներ են։ Դրանք տեսանելի էին ոչ միայն քաղաքական, այլեւ հանրային կյանքում։ Իր իսկ խոսքերով, «Եվպատորիայում հայ համայնքի նախագահի տեղակալ եղած ժամանակ իր նախաձեռնությամբ իր վրա է վերցրել համայնքի կազմակերպման ողջ բեռը, մասնակցել կիրակնօրյա դպրոցի ստեղծմանը, որտեղ 40-50 երեխայի հայապահպանման խնդիրն է մենակ լուծել, ամեն ինչ արել է, որ տեղի իշխանությունները հայերին քիչ հալածեն…»։

Ահաբեկչություն կատարելու ժամանակ նրա վարքաբանության վրա հիշյալ բնութագրի թողած դաջվածքի մասին է խոսում հեռախոսային խոսակցությունների բովանդակությունը. «Տղերք, ես իմ գործն արել եմ, եկեք, դուք էլ ձերն արեք», ապա մեկնաբանությունը՝ «տղաներ ասելով նկատի եմ ունեցել ղեկավար կազմին, որ գան, նստենք ու միաբան որոշենք հետագա արյունահեղությունը կանխելու համար»։ Սա դասական ահաբեկչի նկարագիր է։

– Մեր տպավորությամբ, ամբաստանյալն ագրեսիվ կերպար է։

– Ագրեսիան զուտ կենսաբանական որակներ ունի։ Այսպես, ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանի այն կարծիքին, թե Հունանյանը «մեծամիտ է, առաջնորդի մանիա ունեցող, սեփական անսխալականության մեջ համոզված», Հունանյանը հակադարձում է, թե նա իր շնորհիվ է «մարդ դարձել», «սեփական մտքերի բացակայության պատճառով միշտ աշխատել է իրենից հետո խոսել», վերջապես, «բագրատանման միջակությունները, ինչպես բորենիները, վտանգավոր են հասարակության համար»։ Գեղամ Մանուկյանին կոչեց «մարդկային կիսաֆաբրիկատ», Ռազմիկ Մարտիրոսյանի շրջապատի համար ասաց, թե «չնայած ինքնասիրահարվածությանը, համեմատած իր շրջապատի շնագայլերի հետ, անվնաս մարդ է»։

Որպես կենսաբանական վարքաբանության կրող, կարեւորում է բնական պահանջմունքները։ Զորօրինա՜կ, ժամանակին սնվելը։ Ապրիլի 5-ի դատական նիստում նա հայտարարեց. «Դատավարության մյուս մասնակիցները իրավունք ունեն տնօրինելու իրենց ժամանակը, իսկ ամբաստանյալնե՜րը՝ ոչ, ուստի ձեր ուշադրությունը հրավիրում եմ այն հանգամանքի վրա, որ դատական նիստերն այնպես կազմակերպեք, որ չզրկվենք սնունդ ընդունելու հնարավորությունից»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031