Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի

Սեպտեմբեր 06,2001 00:00

ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ, ՈՐ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՉՀՐԱՊԱՐԱԿԵԼ Կարելի է ըմբռնել, թե ինչ ուժ էր թելադրում դատախազության աշխատակիցներին լռել, երբ իշխանամետ մամուլում հրապարակվում էին, ասենք, Վանո Սիրադեղյանի կամ Արծրուն Մարգարյանի գործերի նախաքննական նյութերը եւ ընդվզել, երբ ընդդիմադիր մամուլը հրապարակում է «Հոկտեմբերի 27»-ի նյութերը։ Ավելին՝ իշխանամետ մամուլում «Հոկտեմբերի 27»-ի գործի նյութեր հրապարակվում էին անգամ նախաքննության ընթացքում։ Հիշեցնենք թեկուզ Հայկ Բաբուխանյանի եւ Նաիրի Հունանյանի առերեսման մասին տեղեկությունը՝ որեւէ մեկը հրապարակավ հայտարարությո՞ւն արեց, թե անթույլատրելի է նախաքննության տվյալի հրապարակումը։ Ո՛չ, նաեւ՝ որովհետեւ ի սկզբանե էլ սովորական քրեական գործ չէր սա, եւ իրավաբանական ֆորմալ մոտեցումներն այս պարագայում շատ անգամ կիրառելի չեն։ Մի մասնավոր դեպք. երբ զինդատախազության քննիչը հարցաքննությունից առաջ ինձ առաջարկեց ստորագրել նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին զգուշացման ներքո՝ ասացի. «Ինչ որ գրելու եմ իմ ցուցմունքում, արդեն գրել եմ հոկտեմբերի 27-ին ԱԺ-ից վերադառնալուց հետո եւ հաջորդ օրը հրապարակվել է 5 հազար տպաքանակով՝ մեր թերթում»։ Ի՞նչը պիտի արգելվեր. այլեւս որպես լրագրող այդ թեմային անդրադառնա՞լը։ Մի հանգամանք էլ կա՝ նախաքննությունն ավարտված է եւ գործի նյութերն այլեւս գաղտնի չեն։ Այդ ցուցմունքների քսերոպատճենները կան մի քանի տասնյակ մարդկանց ձեռքին։ Ընդսմին, այս գործով վկաները, տուժողները, նախկին մեղադրյալները եւ նրանց փաստաբաններն այնքան են հանդես եկել մամուլում, որ գործի նյութերում շատ քիչ են մնացել մինչ այժմ ոչ հայտնի մանրամասներ։ Երեկ դատարանում ասվել է, թե նախաքննական նյութերի հրապարակմամբ հնարավոր է ուղղորդել վկաներին։ Վերջիններս մինչեւ իրենց հարցաքննությունը, ճիշտ է, դատարանի դահլիճ մտնելու իրավունք չունեն, բայց փոխարենը տեղի ունեցածին կարող են ծանոթանալ թերթերից, հեռուստատեսությունից… եւ լիուլի ուղղորդվել։ Մեզ զգուշացրին, թե կարող ենք ուղղորդել ամբաստանյալներին, որոնք ծանոթանում են արդեն բոլոր թերթերին։ Մի պահ խելքին մոտ համարեցինք այս փաստարկը, բայց հետո հիշեցինք, որ ամբաստանյալներն իրենց ձեռքի տակ ունեն քրգործի բոլոր հատորները եւ դրանցից որեւէ հատվածի հրապարակումը նրանց համար նորություն չի կարող դառնալ։ Եզրակացությունը մեկն է՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի ցուցմունքների հրապարակման անթույլատրելիությամբ մտահոգ են նրանք, ովքեր չեն ցանկանում, որ դրանք ավելի լայն շրջանակների սեփականությունը դառնան եւ ում «կոշտուկն» արդեն տրորել ենք այդ հրապարակումներով։ Ուստի՝ շարունակենք։ Այս անգամ անդրադառնում ենք մի ցուցմունքի, որն արդեն իսկ ամբողջությամբ է հրապարակվել մամուլում, սակայն դրա առանձին դրվագներ այնքան ուշագրավ են, որ արժե ներկայացնել նաեւ մեր թերթի լսարանին։ Խոսքը 2000 թ. հունիսի 1-ին Սամվել Բաբայանի հարցաքննության մասին է, որում նա անդրադառնում է, ասենք, Մուշեղ Մովսիսյանի հետ իր հանդիպումներին. «Երկրորդ եւ վերջին անգամ ես Մուշեղ Մովսիսյանի հետ հանդիպել եմ 1999 թ. ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին Երեւանում, «Արցախ» կոմիտեում։ Հիշում եմ, որ նա այնտեղ էր եկել իր եղբայր Շմայսի եւ «Ճոյտ» մականունով Հակոբի հետ։ Մենք խոսում էինք Հայաստանի ԱԺ-ի առաջիկա ընտրությունների մասին։ Մուշեղը եւ «Ճոյտը» թեկնածուներ էին Էջմիածնի ընտրատարածքներից, եւ ես նրանց խոստացա աջակցություն ընտրությունների ժամանակ»։ Սամվել Բաբայանը նաեւ ցուցմունք է տվել դրանից հետո իրենց երկու հեռախոսազրույցների մասին. «1999-ի ամռանը Շմայսի ձերբակալությունից մի քանի օր անց զանգեց Մուշեղը եւ խնդրեց միջնորդել ղեկավարության առջեւ Շմայսին ազատ արձակելու համար։ Երկու անգամն էլ Մուշեղին մերժեցի, հիմնավորելով, թե իմ միջնորդությունը Շմայսին չի օգնի»։ Քիչ անց ԼՂՀ պաշտպանության նախարարը պարզաբանում է. «1998-ի վերջից Վազգեն Սարգսյանի հետ իմ փոխհարաբերությունները սկսեցին վատթարանալ» եւ նշում պատճառը. «Խոսքը Վազգեն Սարգսյանի կասկածների մասին է, որ ես ինչ-որ կերպ առնչվում եմ Խոռխոռունու սպանությանը»։ Սամվել Բաբայանը նշում է, թե պիտի հանդիպեր Վազգեն Սարգսյանի հետ, բայց 1999 թ. հոկտեմբերի 27-ը խառնեց ամեն ինչ։ Եվս մի մանրամասն։ Իմանալով Վազգեն Սարգսյանի վախճանի մասին՝ Բաբայանն իր պարտքն էր համարել Երեւան գալ. «Այդ ժամանակ Երեւանից զանգահարեց գեներալ Ալիկ Պետրոսյանը եւ կարգադրեց Հայաստանի ճանապարհների վրա, Շուշիի մոտ պահակակետեր դնել եւ վերահսկել Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչների եւ զինված մարդկանց տեղաշարժը»։ Այսու պարզ է դառնում, թե ում էին առաջիններից մեկը կասկածել կատարվածի մեջ։ Իսկ ո՞ւմ էր կասկածում ինքը՝ Սամվել Բաբայանը։ Քննիչի հարցին, թե, իր կարծիքով, ո՞վ կարող էր կազմակերպել այդ հանցագործությունը, նա պատասխանում է. «Վազգեն Սարգսյանի անձի նկատմամբ այն բացասական վերաբերմունքը, որ քաղաքական գործիչների կողմից ձեւավորվել էր նրա կյանքի վերջին տարվա ընթացքում՝ կարող էր հանցագործներին դրդել կատարել այդ հանցագործությունը»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել