Լրահոս
Օրվա լրահոսը

Դրանով, փաստորեն, Բլինքենը զբաղվում է Ադրբեջանի սարսափելի գործողությունների մեղմացմամբ. «Ազգ»

Մայիս 10,2024 11:05

Ավելի քան մեկ դար առաջ իրականացված Ցեղասպանությունից ի վեր 2023-ը թերեւս ամենավատ տարին էր հայերի համար: Թուրքիայի հատուկ ջոկատայինների աջակցությամբ եւ իսրայելական ԱԹՍ-երի կիրառմամբ ադրբեջանցիները հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա եւ կարողացան հաջողությամբ այնտեղից դուրս քշել բնիկ հայ քրիստոնյա բնակչությանը: Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւի համար քրիստոնյաների բնաջնջումն ու էթնիկ հայերի արտաքսումը երկարամյա ձգտումների իրագործումն էր:

Ափսոս, սակայն, որ 2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված Մ. Նահանգների պետքարտուղարության «2023-ի մարդու իրավունքների գործադրման տարեկան զեկույցը» չի լուսաբանում այս իրականությունը: Մինչ նախագահ Ջո Բայդենը իրեն ներկայացնում է որպես մարդու իրավունքների պաշտպանի եւ հպարտանում է, որ բարոյական կամք դրսեւորելով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, վերոնշյալ զեկույցի ոչ միայն Ադրբեջանի հանցագործությունների, այլեւ իր իսկ դիվանագետների նախկին հայտարարությունների անտեսումը ցույց է տալիս, որ ինչ-որ բան նեխած է առնվազն պետքարտուղարությունում, եթե ոչ ամբողջ Սպիտակ Տանը:

Իրականությունն այն է, որ Լաչինի միջանցքը շրջափակելով Ադրբեջանը ոչ միայն խախտեց 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնության դրույթները, այլեւ Մ. Նահանգների օրենքը:

«Մարդասիրական օգնության միջանցքներ տրամադրելու հրամանագիրը» արգելում է որեւէ միջամտություն կատարել կամ խաթարել մեկ այլ երկիր, շրջան կամ տարածք ուղարկվող Մ. Նահանգների օգնության նախաձեռնություններին: Այս կետը հստակ չի արտահայտված զեկույցում: Լաչինի միջանցքի շրջափակման մասին մենք այնտեղ (զեկույցում) կարդում ենք. «Ադրբեջանը խափանեց Լաչինի միջանցք հասնելը, ինչը աներթեւեկելի դարձրեց ճանապարհը քաղաքացիական շատ անձերի եւ առեւտրական փոխադրամիջոցների համար: Ադրբեջանը արգելեց, որ Հայաստանի մարդասիրական օգնության առաքումները տեղ հասնեն, նշելով, որ պատրաստ է ապրանքների պաշարները Լեռնային Ղարաբաղ հասցնել այլընտրանքային ճանապարհներով, սակայն ԼՂ-ի բնիկ հայերը մերժեցին ընդունել Ադրբեջանից առաքված ապրանքները»: Նման պարբերությունը անտեսում է ոչ միայն այն հանգամանքը, որ իբրեւ բնապահպաններ ներկայացող անձինք իրականում երկրի անվտանգության աշխատակիցներ էին, այլեւ այն, որ Ադրբեջանը անջատել էր գազի, էլեկտրականության եւ կենցաղային սպասարկման այլ մատակարարումները: Դրանով, փաստորեն, պետքարտուղարության զեկույցը օրինականացնում է Ադրբեջանի այլընտրանքային ուղիների առաջարկը եւ ընդգծում Ադրբեջանի ապատեղեկատվությունն այն մասին, որ անկլավի բնակչությունը մեղքի իր բաժինն ունի առաջարկը չընդունելու համար: Իրականում Ադրբեջաննի առաջարկը անկեղծ չէր: Այն ավելի շուտ հավասարազոր էր Երկրորդ համաշխարհայինի օրերին Վարշավայի հրեական թաղամասի բնակիչներին սնունդով ապահովելու Գերմանիայի առաջարկին:

Մ. Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չի կարող անտեղյակ ձեւանալ այս ամենից: Զեկույցը հակադրվում է իր իսկ նախկինում արտասանած խոսքերին եւ պետքարտուղարության 2023-ի հունվարից-սեպտեմբեր կատարած հայտնաբերումներին:

Նույնը կարելի է ասել Արցախի հանրապետության պաշտոնական այրերի ձերբակալման մասին: Պետքարտուղարությունը կարծես վախվխելով չակերտների մեջ է առել «պաշտոնական այրեր» բառերը հակառակ, որ նրանք ընտրվել են ազատ քվեարկության հետեւանքում: Դրանով փաստորեն Բլինքենը զբաղվում է այդ ընտրությունների ժխտմամբ եւ Ադրբեջանի սարսափելի գործողությունների մեղմացմամբ: Նա դրանք ներկայացնում է ոչ թե որպես էթնիկ զտումներ եւ դիտումնավոր բնաջնջում հազարամյակների վաղեմություն ունեցող բնիկ ազգաբնակչության դեմ, այլ որպես բռնակալական իշխանության հաղթանակը մի տարածքի վրա, որն արդեն ժողովրդավարությունն էր ընտրել որպես կենսակերպ: Բլինքենը կարող է նման բացթողումների նշումը խեղաթյուրված համարել, բայց Բայդենի վարչակազմը կորցնում է բոլոր բարոյական հիմքերը դատապարտելու ընտրական զեղծարարությունների ժխտումը երկրի ներսում եւ քաջալերելու այն այլ պետություններում:

Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031