Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացիները՝ համաշխարհային տեռորի դեմ պայքարի թիրախ ընտրելով Աֆղանստանն ու թալիբներին, արդեն պատրա

Սեպտեմբեր 20,2001 00:00

Իսկ վաղը… պատերազմ էր Ամերիկացիները՝ համաշխարհային տեռորի դեմ պայքարի թիրախ ընտրելով Աֆղանստանն ու թալիբներին, արդեն պատրաստ են մարտական գործողություններ սկսել եւ Աֆղանստանն «արյան ծով» դարձնել։ Չմոռանանք, սակայն, որ նույն բանը փորձել են անել նաեւ խորհրդային զորքերը՝ 1979-ի դեկտեմբերի 27-ից մինչեւ 89-ի փետրվարի 15-ը։ Սակայն՝ անհաջող։ Ովքեր ծանոթ են Աֆղանստանի պատմությանը, գիտեն, որ Աֆղանստանին կոտրել չի հաջողվել անգամ Ալեքսանդր Մակեդոնացուն։ Կկարողանա՞ն իրագործել «քաջարի արծիվ» ամերիկացիներն իրենց ծրագիրը, եւ արդյո՞ք այժմ իրենք ստիպված չեն պայքարելու իրենց իսկ ստեղծած չարիքի դեմ։ Հայտնի փաստ է, եւ վերջերս անգամ Ժիրինովսկին հայտարարեց, որ 10-15 տարի առաջ թալիբներին Ամերիկան եւ Պակիստանը նախապատրաստում էին Խորհրդային Միության դեմ պայքարի նպատակով։ Սակայն խորհրդային զորքերը դուրս եկան Աֆղանստանից, Միությունը փլուզվեց, եւ թալիբներին «ոչինչ անել չէր մնում», քան՝ գրավել իշխանությունն իրենց երկրում։ Ամեն դեպքում՝ պատերազմը հայտարարված է։ Ժամանակին բազմաթիվ հայ զինվորներ են պայքարել Աֆղանստանում, եւ նրանցից մեկին՝ ՀՀ աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանին խնդրեցի ներկայացնել իր կարծիքը։ Հաշվի առնելով, որ նա ծանոթ է Աֆղանստանի լանդշաֆտին, այնտեղի ժողովրդի մենթալիտետին եւ մոլեռանդությանը, ի՞նչ է կարծում՝ կկարողանա՞ն ամերիկյան զորքերը հաղթանակած վերադառնալ։ Ըստ պրն Մխիթարյանի՝ եթե ԱՄՆ-ը հետեւի ԽՍՀՄ-ին եւ իր զորքերը մտցնի Աֆղանստան, պարտություն կկրի (ի դեպ, ԽՍՀՄ-ը, պաշտոնական տվյալներով՝ 100 հազար զորք էր մտցրել Աֆղանստան)։ Ճիշտ է, այժմ ԱՄՆ-ը առավել նպաստավոր պայմաններում է, քանի որ Պակիստանը, Իրանը, Իրաքը՝ գոնե բանավոր հայտարարություններով, չեն պատրաստվում աջակցել Աֆղանստանին։ Սակայն անկասկած է նաեւ այն, որ ԱՄՆ-ը մեծաթիվ զոհեր կունենա, քանի որ աֆղանցիները (էլ չենք խոսում թալիբների մասին) դեռեւս մանկուց են սովորում զենքի հետ գործ ունենալ եւ չափազանց պատվախնդիր են եւ ֆանատիկ հավատացյալներ։ Մեր հարցին ի պատասխան՝ պրն Մխիթարյանը նշեց, որ աֆղանցիները շատ բարի ու հյուրասեր են, այժմ ապրում են 17-18-րդ դարերի կենցաղով, բարձր ինտելեկտ չունեն, թեեւ ժամանակին աֆղանցի շատ երիտասարդներ իրենց կրթությունը ստանում էին եվրոպական հայտնի համալսարաններում. «Սակայն խորհրդային զորքերի այնտեղ գտնվելու 10 տարիների ընթացքում ամեն ինչ զրոյի հավասարվեց. բոլորը՝ կրթված թե անկիրթ, զենքը ձեռքներին՝ կռվում էին»։ Հետաքրքիր է, որ խորհրդային զորքերի դեմ պատերազմողների մեջ, ի թիվս՝ հնդիկների, չինացիների, արաբների եւ փոքրաթիվ եվրոպացիների, կռվել է նաեւ Մոնթե Մելքոնյանը։ Թալիբների դեմ մեր օրերում, ըստ զրուցակցիս, կարող էր կռվել եւ հաղթանակել Մասուդը, սակայն նրան ժամանակին ո՛չ Խորհրդային Միությունը, ո՛չ էլ ԱՄՆ-ը լուրջ աջակցություն ցույց չեն տվել։ Մասուդի սպանությունից հետո պայքարն առավել բարդանում է։ «Խորհրդային Միության սխալներից մեկն այն էր, որ գնաց խաղաղ ժողովրդի բնաջնջմանը։ Նույն բանն այսօր էլ անթույլատրելի է։ ԱՄՆ-ը հաջողություններ կունենա, եթե լոկալ օպերացիաներ իրականացնելով փորձի իր խնդիրը լուծել»։ Իմ հարցին՝ անհրաժեշտության դեպքում կարո՞ղ են մեր «աֆղանցիներն» իրենց ծառայություններն առաջարկել ԱՄՆ-ին, ստացա դրական պատասխան. «Սակայն մեր ՕԳԳ-ն շատ փոքր կլինի։ Մենք պետք է ճիշտ քաղաքականություն վարենք. գուցե կարողանանք աջակցել հետախուզական աշխատանքներով, Սփյուռքի միջոցով»։ Կարո՞ղ են միջինասիական երկրները, Իրանը՝ համագործակցելով ԱՄՆ-ի հետ, պատերազմական գործողությունները մոտեցնել Հայաստանին։ Մասնավորապես Վրաստանն արդեն իսկ առաջարկել է իր աջակցությունը ԱՄՆ-ին, իսկ Ադրբեջանն էլ ջանք չի խնայում Ղարաբաղն ու Հայաստանը ներկայացնել որպես տեռորիզմի եւ նարկոբիզնեսի օջախներ։ Մեր այս հարցերին պրն Մխիթարյանը պատասխանեց, թե «Վրաստանն ունի 26 հազարանոց բանակ, 2 մեծ ֆրոնտային գիծ, 74 գեներալ։ Էդ բանակի զինվորներն էլ հագնելու համազգեստներ չունեն։ Վրացիները մեծ-մեծ հայտարարություններ են անում։ Եթե պատրաստ եք՝ ձեր մոտի տեռորիստներին պատժեք։ Գաղտնիք չէ, որ չեչեն գրոհայինները Վրաստանով են գնում-գալիս։ Դա Շեւարդնաձեի աղվեսային քաղաքականությունն է»։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա «համաշխարհային տվյալներով Ադրբեջանը համարվում է աշխարհում թմրանյութերի տարածման առաջին տրանզիտային երկրներից մեկը։ Եվ ո՞վ չգիտի, որ 93-ին ու 94-ին մեր դեմ նրանց կողմից պայքարում էին թալիբները։ Իսկ օրերս աշխարհով մեկ հայտարարվեց, որ բեն Լադենը սերտ կապեր ունի ադրբեջանցիների հետ»։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել