Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն

Սեպտեմբեր 20,2001 00:00

ՋԱՀԵԼՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԹՌԻՉՔԻ Արդեն երկու տարի է, «Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված» կարգախոս-խորագրով իրենց յուրաքանչյուր մանր ու մեծ քայլերն ու գործողություններն ազդարարում են ոչ միայն նկարիչ-գրող-երաժիշտ-ռեժիսոր տեսակի մշակութային գործիչները, այլեւ՝ հարկահավաք-բիզնեսմեն-կագեբեյեշնիկ-պոլիցայ-կուսակցական- պատգամավոր-նախագահ տեսակի ոչ մշակութային (չշփոթել անկուլտուրականի հետ) գործիչները։ Չմոռանանք նաեւ վերջին օրերին առասպելի կարգավիճակով Երեւանում հայտնված մոլագար(ներ)ին, որի (որոնց) գործունեությունը նույնպես, ըստ առասպելաստեղծների, առնչվում էր վերոնշյալ կարգախոսին։ Եվ միայն օրերս, ընդամենը մեկ-երկու շաբաթով, «Քրիստոնեություն-1700» կարգախոսը փոխարինվեց «Անկախություն-10» կամ ավելի երկար՝ «Հայաստանի Հանրապետության անկախության 10-ամյակին նվիրված», նշանաբանով։ Ու թեեւ ե՛ւ մեր հավատքը, ե՛ւ պետականության ստեղծումը այն արժեքներն էին, որ չպիտի չարչրկման եւ տեղի-անտեղի գործածվելու պատճառով արժեզրկվեին, բայց սկսված բումը՝ գիտաժողովներ, ցուցահանդեսներ, հավաքներ, համերգներ, քննարկումներ, արդեն իսկ խոսում են այն մասին, որ վաղը-մյուս օրը Անկախության տոնն էլ զավեշտի վերածելու փորձեր կարվեն։ Սակայն եթե մենք մեր անկախությանը կառչենք նույն ուժով եւ դարերով կրենք նրա խաչը՝ նույն համբերատարությամբ, ինչ քրիստոնեությունը, ոչինչ, թո՛ղ այդպես լինի, թո՛ղ անկախության ինստիտուտն այնքան ներծծվի մեր գիտակցության մեջ, ինչպես քրիստոնեությունը, որ հանգիստ խղճով հումոր անենք, զավեշտի վերածենք՝ հաստատ գիտենալով, որ դրանից ոչինչ չի փոխվի։ Բայց մինչ այդ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Եվ այդ ճանապարհն արդեն անկախության ակունքներում եղածները չէ, որ պիտի անցնեն, այլ՝ անկախության սերունդը. նրանք, ովքեր հասունացել, գիտակից են դարձել, ծնվել են անկախ երկրում։ Եվ նա՝ «անկախության սերունդը», երեկ նշում էր իր հայրերի ձեռք բերած անկախության 10-ամյա տարելիցը։ ՀՀ տարբեր երիտասարդական կազմակերպություններ, այդ թվում՝ հանրապետությունում գործող գրեթե բոլոր կուսակցությունների եւ հասարակական-քաղաքական կազմակերպությունների երիտասարդական թեւերը, բուհերի ուսանողական խորհուրդներն ու երիտասարդական հասարակական կազմակերպությունները հավաքվել էին Քրիստոնյա-Դեմոկրատական միության «Ալիք» ակումբի կազմակերպած հանդիպմանը՝ քննարկելու անկախության տարիների եղած բացթողումներն ու ձեռքբերումները եւ հող նախապատրաստելու՝ իրենց մուտքը պետականության կերտման գործում ապահովելու համար։ Ի դեպ, հասարակական-քաղաքական կազմակերպությունների երիտասարդական թեւերի բավական լայն սպեկտրում՝ ռամկավարներ, սոցիալիստներ, հնչակյաններ, պահպանողականներ, դեմոկրատներ, հհշականներ, աժմականներ, հժկականներ, հանրապետականներ եւ այլն, եւ այլն, չկար դաշնակցական թեւը։ Չենք ուզում մտածել, թե երիտասարդ դաշնակները չեն կարեւորել անկախության տարելիցը, բայց… Բավական պաթոսով ու խրատական-քննադատական տոնով (ինչը հատուկ է ջահելներին) ելույթներում երիտասարդները խիստ կարեւորում էին իրենց դերը։ Մասնավորապես նրանց ընդունած համատեղ հայտարարության տեքստում տեղ գտած մի շարք այլընտրանք չհանդուրժող մտքեր դրա խոսուն վկաներն են. «Ավագ սերունդները հետեւողական չգտնվեցին հայակենտրոն ժողովրդավարական, ազատ, աշխարհի համար բաց Հայաստանի իդեալի հաստատման գործում», «Հայտարարում ենք, որ չենք հանդուրժի ո՛չ ներկայում, ո՛չ ապագայում Հայաստանում արեւելյան տիպի կեղեքիչ, գավառամիտ բռնապետության հաստատման որեւէ փորձ», «Մենք արտահայտում ենք մեր վճռականությունը մոտակա տարիներին ուժեղ, առողջ եւ բանական Հայաստանի կերտման մարտահրավերը պատվով ընդունելու համար»։ Ամեն դեպքում, նրանք նույնիսկ շարժման ակունքներում եղած գործիչներին՝ Վազգեն Մանուկյանին, Արամ Մանուկյանին, Խոսրով Հարությունյանին, Վազգեն Խաչիկյանին, Իդա Մարտիրոսյանին, Վահրամ Մարտիրոսյանին ձայնի իրավունք տվեցին։ Սակայն դատելով նրանց հայացքներից՝ այս մարդիկ այլեւս իրենց համար «ավտարիտետ» չէին։ Իրենց համար իրենք են «ավտարիտետ». «Մենք պատրաստ ենք վերցնելու նետված ձեռնոցը», «Մենք պետք է նոր իդեալներ եւ նոր ավանդույթներ կերտենք», «Մենք նոր աշխարհ, նոր սերունդ եւ նոր ապրելակերպ պիտի ստեղծենք»։ Նման ինքնավստահությամբ եւ ոգեւորությամբ՝ բարի ճանապարհ։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել