Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱԿԱՆՈՆԻ ՀԱԿԱԿԱՆՈՆԱԿԱՆ «ԿԱՆՈՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ»

Հունվար 26,2002 00:00

ՀԱԿԱԿԱՆՈՆԻ ՀԱԿԱԿԱՆՈՆԱԿԱՆ «ԿԱՆՈՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ» Հայ եկեղեցվո միությունը եւ հայ հավատացյալ ժողովուրդի ազգային միասնությունը հնարավոր է հաստատել միմիայն հայրենի հողի վրա խարսխված Սուրբ Էջմիածնի Ամենայն Հայոց Հայրապետության վեմին վրա, որուն հավասարազոր ուրիշ հեղինակություն կամ կեդրոն չէ եղած, չկա եւ չի կրնար ըլլալ։ Վազգեն Առաջին, 1977թ. Պաշտպանել Ս. Էջմիածնի շահերը` կնշանակե պաշտպանել հայ ժողովուրդի շահերը։ Համաստեղ, 1957թ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն Կանադայում առանձին թեմի ստեղծման իր որոշումն փորձում է ներկայացնել որպես թեմական ներքին վերաբաժանում, այսինքն հոգեւոր հովվությունից առանձին թեմական կարգավիճակի է բարձրացվել Հյուսիսային Ամերիկայի Անթիլիասական Արեւելյան թեմը (չշփոթել բուն Էջմիածնական ԱՄՆ Արեւելյան թեմի հետ), որը կազմված է ԱՄՆ-ում եւ Կանադայում գտնվող այն եկեղեցիներից, որոնք ենթարկվում են Կիլիկիո կաթողիկոսությանը։ Ասվածը միանգամայն ճիշտ կլիներ եւ իրոք թեմական ներքին բաժանում կդիտվեր, եթե այն վերաբերեր ասենք Լիբանանահայ թեմին։ Այս պարագայում սակայն որեւէ խոսք չի կարող լինել ներքին բաժանման կամ վերադասավորման մասին, քանի որ Անթիլիասական Ամերիկյան հիշյալ թեմը ժամանակին բռնությամբ է անջատվել Էջմիածնից, որը երբեք չի ճանաչել Մայր Աթոռն եւ տասնամյակներ շարունակ բանակցություններ են ընթացել թե՛ այս եւ թե՛ բռնի անջատյալ Իրանահայոց եւ Հունաստանի թեմերի պատկանելության եւ կարգավիճակի ճշտման շուրջ։ Այս հարցը նաեւ զուտ Անթիլիասին ու Էջմիածնին վերաբերող եւ նրանց միջոցով ճշտվելիք հարց չէ, քանի որ թե Ամերիկահայոց թեմի եւ թե ընդհանրապես Անթիլիաս- Էջմիածին հակամարտությունը եղել է ոչ թե եկեղեցական, այլ կուսակցական հարց, որն իր հերթին միջազգային քաղաքական շահերին է ծառայեցվել երկբեւեռ աշխարհում։ Մենք չէինք ցանկանա բարձրացնել այս հարցի պատմության հայ հոգեւորականի արյունով շաղախված վարագույրը, եթե Անթիլիասը չկատարեր այս քայլը եւ այն նրա աջակից քաղաքական ուժերի կողմից չանվանվեր որպես երկու կաթողիկոսությունների քննարկմանը վերաբերող եկեղեցական մի ներքին խնդիր, որը, սակայն, դժբախտաբար, այդպես չէ։ Քանի որ եկեղեցական կառույցները Սփյուռքում նաեւ համայնքային կյանքի ղեկավարման գլխավոր միջոցներից մեկն են, ուստի Մեծ Եղեռնից հետո միջկուսակցական պայքարը հաճախ տեղափոխվում էր թեմական վարչություններից ներս, որի նպատակն էր թեմական կառույցների գրավմամբ տարածել կուսակցական գերիշխանությունը։ 1930-ական թվականների սկզբներին այս պայքարն առանձնակի սուր բնույթ է ընդունում Ամերիկայում, ուր այն ստանում է նաեւ շեշտված քաղաքական գունավորում, որում մերժվում է Խորհրդային Հայաստանն ու իբրեւ թե Կրեմլի կամքի կատարողի վերածված Էջմիածինը։ Դաշնակցությունը պահանջում է, որ կազմակերպվող հանդիսությունների ու միջոցառումների ժամանակ բարձրացվի ազգային եռագույնը, որին ընդդիմանում է թեմական առաջնորդ Ղեւոնդ եպիսկոպոս Դուրյանը, ասելով, որ ինքը չի կարող իրական հայրենիքի պետության դրոշը թողած ընդունել արդեն անցյալի վերածված մի հանրապետության դրոշը։ Այս վեճն 1933թ. դեկտեմբերի 24-ին ավարտվում է հայոց պատմության մեջ իր նախադեպն չունեցող հրեշավոր մի ոճրագործությամբ։ Այդ օրը Նյու Յորքի Ս. խաչ եկեղեցում երբ սկսում է պատարագ մատուցել Ղեւոնդ եպիսկոպոսը, բեմ են բարձրանում երկու դաշնակցականներ եւ ձեռքների մեծ դանակները խրում սրբազանի աջ եւ ձախ կողերն, այնուհետեւ բեմ են բարձրանում նրանց ընկերները եւ ոտքերով սկսում հարվածել խորանի առջեւ ընկած սրբազանի գլխին։ Թեեւ այս սպանությունից առաջ մեկ տարի շարունակ Ղեւոնդ եպիսկոպոսն հակախորհրդային քարոզչության շրջանակում ներկայացվում էր որպես Չեկայի գործակալ, սակայն այս հանցագործությունն այնպես է ցնցում ողջ ամերիկյան հասարակությունը, որ հասարակական կարծիքի ճնշման ներքո ոստիկանությունը ձերբակալում է սպանությանը անմիջականորեն մասնակից ութ դաշնակցականների։ Կատարված եղեռնագործության համար Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոսին իրենց վշտակցությունն են հայտնում Անգլիկան եկեղեցու պետը եւ քույր եկեղեցիների մի շարք ներկայացուցիչներ։ Բնականաբար, անհամեմատ առավել մեծ էր հայոց եկեղեցու նվիրապետական աթոռների եւ թեմերի առաջնորդների ու հոգեւորականների սոսկումն եւ ապրած ողբերգությունը։ Տեղի ունեցածը Խորեն Ա կաթողիկոսին ուղղված նամակներով խստորեն դատապարտում են Մեծի Տանն Կիլիկիո ծերունազարդ եւ շնորհազարդ Սահակ Բ Խապայյան կաթողիկոսը եւ նրա աթոռակից Բաբկեն Ա Կյուլեսերյանը։ Դատապարտության այդ խոսքերը գրելիս նրանք չէին էլ կարող պատկերացնել, որ 1,5 տասնամյակ անց այդ եղեռնագործությունը «պսակվելու» էր Անթիլիասի հովանու ներքո Ամերիկայի անջատյալ թեմի ստեղծմամբ, իսկ նրանից էլ վերջերս «ծլարձակելու» էր Կանադայի թեմը։ 1930-ական թթ. սակայն նահատակ Ղեւոնդ եպիսկոպոսի պես էր մտածում նաեւ Անթիլիասի Սահակ Բ կաթողիկոսը, ում ճակատագրի բերմամբ վիճակված էր Տանն Կիլիկիո պատմական աթոռը հաստատելու Անթիլիասում։ 1930-ական թթ., երբ սկսում են ձայներ հնչել, թե Կիլիկյան Աթոռը հարկավոր է Սփյուռքի հայության կաթողիկոսության վերածել, որպեսզի Սփյուռքի հայության վրա չկարողանա ազդել բոլշեւիկյան իշխանության ներքո գտնվող Էջմիածինը, ծերունազարդ կաթողիկոսը ճշմարիտ հայ հոգեւորականի անխաբ բնազդով իր նշանավոր «Կտակ»-ում դեռեւս 1929թ. գրում է. «Ս. Էջմիածնի հայրապետութիւնը համեմատաբար աւելի ապահով է, քան Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը. նախ, որ իր աթոռը Հայաստանի մէջ անսասան կը մնայ, երկրորդ՝ խորհրդային կառավարութիւնը յոյս ունինք, որ օր մը բարեշրջումով ազգային տիպ ու կերպարան հագնի ու կարմիր քղամիդը մէկ կողմ նետէ եւ ցիրուցան հայութիւնը Մասսեաց հովանիին տակ համախմբէ, եւ երրորդ՝ Խորհրդային Հայաստանը անխորհուրդ Հայաստանէն լաւագոյն է իր խաղաղ ու շինարարական գործունէութեամբ»։ Ասենք նաեւ, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Մերձավոր Արեւելքում հաստատվելու եւ կանոնական վիճակի մեջ դրվելու եւ այդպիսին տեղի ու մյուս երկրների իշխանության կողմից ճանաչվելու համար իսկ պարտական է Էջմիածնին։ Մեծ Եղեռնից հետո Կիլիկյան աթոռը, բացի Հալեպի հայոց թեմից, կորցրեց իր մնացած բոլոր թեմերն ու Կիլիկիայի հայության հետ հանգրվանեց Սիրիայում ու Լիբանանում։ Կաթողիկոսության վերականգնման երկու գլխավոր խոչընդոտներն էին եկեղեցիներ եւ կից շինություններ չունենալը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Լիբանանի ու Սիրիայի հայությունն այնտեղ եղող փոխառաջնորդների միջոցով ենթարկվում էր Երուսաղեմի հայոց պատրիարքությանը։ Մայր Աթոռն ու Երուսաղեմի պատրիարքությունը, քաջ գիտակցելով Կիլիկյան պատմական աթոռի պահպանության կարեւորությունը Կիլիկիայից տարագրված հայության համար եւ որ այն կենդանի հիշատակն է Տանն Կիլիկիո, ընդառաջելով Սահակ Բ կաթողիկոսի թախանձագին խնդրանքներին, Սիրիայի եւ Լիբանանի՝ Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող եկեղեցական բոլոր կալվածքները նվիրաբերում են վերակազմավորված կաթողիկոսությանը։ Առանց հուզմունքի հնարավոր չէ կարդալ այս առիթով Սահակ Բ կաթողիկոսի հեկեկախառն երախտագիտության խոսքերը՝ ուղղված Գեւորգ Ե Ամենայն Հայոց կաթողիկոսին եւ նրա մերձավոր գործակից, ապա եւ կաթողիկոսական գահի վրա հաջորդած Խորեն եպիսկոպոսին։ Եկեղեցական կալվածքների այս փոխանցումը խորհրդային իշխանությունների կողմից դիտվեց որպես դաշնակցականների հետ կատարված մի գործարք եւ, ինչպես վկայում են ժամանակի վավերագրերն, շատ թանկ արժեցավ Խորեն Ա Մուրադբեկյան նահատակ կաթողիկոսին, դառնալով 1938թ. Մայր Աթոռում նրան խեղդամահ անելու պատճառներից մեկը։ Կիլիկյան կաթողիկոսությանը կատարված երկրորդ կարեւոր զիջումն այն էր, որ ոչ միայն եկեղեցական կալվածքները տրվեցին Կիլիկիո կաթողիկոսությանը, այլեւ Սիրիայի ու Լիբանանի թեմական իրավասությունները։ Ինչպես ասացինք, տեղի հայությունն ենթարկվում էր Երուսաղեմի պատրիարքությանը եւ եթե այստեղ հանգրվանած Կիլիկիայի վերապրող հայությունն էլ սկսեր ենթարկվել նորակազմ կաթողիկոսությանը, ապա դուրս կգար, որ միեւնույն վարչական տարածքում հայությունը պետք է ենթարկվեր միեւնույն եկեղեցու վարչական երկու տարբեր բաժանումներին, որն արտառոց է եւ կանոնական առումով մերժելի յուրաքանչյուր եկեղեցու համար։ Ահա այս պատճառով Սահակ կաթողիկոսն Երուսաղեմի Եղիշե պատրիարք Դուրյանին խնդրում է, որ Երուսաղեմը Կիլիկյան աթոռին հանձնի Լիբանանում եւ Սիրիայում ունեցած թեմական իրավասություններն եւս, որպեսզի առաջ չգան հնարավոր «խաչաձեւումները եւ բարդութիւնները մէկ հօտին երկու հովիւ եւ մէկ եկեղեցւոյ երկու առաջնորդ ունենալը…»։ Քաջ գիտակցելով նման վիճակի անբնականությունը եւ հակականոնականությունը, Եղիշե պատրիարքը ոչ թե լոկ եկեղեցական կալվածքներն է տրամադրում եւ թույլ տալիս, որ Երուսաղեմին ենթակա Լիբանանի ու Սիրիայի եկեղեցական իշխանություններին զուգահեռ ստեղծվեն Կիլիկյան թեմերը, այլ Սիրիայում եւ Լիբանանում ունեցած եկեղեցական իրավասությունները հանձնում է հենց Կիլիկյան աթոռին։ Այժմ եւ մենք խոնարհաբար, որպես պարզ մի աշխարհական, մեր հարցումն ենք ուղղում Արամ Ա կաթողիկոսին, թե ինչպես եք բնական համարում ԱՄՆ-ում եւ Կանադայում, Սահակ կաթողիկոսի խոսքերով ասած, «մէկ հօտին երկու հովիւ եւ մէկ եկեղեցւոյ երկու առաջնորդ ունենալը…»։ Ինչպե՞ս, ինչո՞ւ եւ ո՞ւմ համար… Ինչ վերաբերում է Ամերիկահայ թեմին, Ղեւոնդ սրբազանի սպանությունից հետո թեմի մի շարք եկեղեցիներ այլեւս չեն ենթարկվում Մայր Աթոռին եւ բուն թեմին զուգահեռ ստեղծում «Ամերիկահայ ազգային թեմը»։ Զուր են անցնում Խորեն Ա կաթողիկոսի հայրապետական ու հայրական հորդորները, Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանին հաշտության համար որպես հայրապետական պատվիրակ ու նվիրակ ԱՄՆ առաքելը։ Այստեղ իր ունեցած բարձր հեղինակության համար նա թեեւ ընտրվում է Ամերիկահայոց թեմական առաջնորդ, սակայն չի կարողանում թեմի հոգեւոր իշխանությունը վերահաստատել պառակտված ու անջատյալ հատվածի վրա։ Վերջինս մնում է օդից կախված, քանի որ չենթարկվելով Էջմիածնին եւ մերժելով հարաբերությունները Մայր Աթոռի հետ, չի կարողանում մյուռոն ստանալ։ Նույն կերպ կապերը խզելով թեմի հետ, եկեղեցիների համար հոգեւոր սպասավորներ չի ստանում ու հոգեւոր պաշտամունքը կատարում են մի խումբ անհնազանդ կամ կախակայված ու կարգալույծ արված քահանաներ։ Քաջ գիտակցելով այս վիճակի անբնականությունը, երբ Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանը 1943թ. ընտրվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, փորձեր են արվում բաժանյալ այս հատվածը Անթիլիասին ենթարկելու համար, որը, սակայն, վճռականորեն մերժվում է նորընտիր Հայրապետի կողմից։ Մտահոգ այս կացությամբ, Գեւորգ Ե եւ Վազգեն Ա կաթողիկոսները, սկսյալ իրենց անդրանիկ հայրապետական կոնդակներից, սիրո եւ միության հրավերն են ուղղում նրանց, որը սակայն մնում է անպատասխան։ Անորոշ այս վիճակը շարունակվում է մինչեւ 1956թ. Անթիլասյան տագնապը։ Կուսակցական նույն միջոցներով, ինչով որ կատարվում է Կիլիկյան աթոռի նոր գահակալի ընտրությունը, նույն այդ մեթոդներով էլ հաջորդ տարի տեղի է ունենում եւ անջատյալ հատվածի կցումը Անթիլիասին։ Անհրաժեշտ է նշել, որ միացման այդ պահին Ամերիկայում կային 63 հայկական եկեղեցիներ, որոնցից միայն 13-ն էին բաժանված Մայր Աթոռից եւ այս 13 եկեղեցիներով ստեղծվում է Մայր Աթոռի կողմից երբեք չընդունված այն թեմը, որից էլ վերջերս «վարչական վերակազմակերպմամբ» թեմական առանձին կարգավիճակ է տրվել նրա Կանադայի հովվությանը։ Սակայն կուսակցական այս աջակցությունն անգամ բավարար չէր լինի, եթե չլիներ նաեւ արտաքին քաղաքական օժանդակությունը։ Այն եղավ, որովհետեւ այս հակամարտությունը ներկայացվեց որպես մի մասնիկը Խորհրդային Միության դեմ մղվող պայքարի։ Այս նպատակով Խորեն եպիսկոպոս Բարոյանը (մի քանի տարի անց՝ կաթողիկոս) մեկնում է ԱՄՆ։ Այստեղ նրան ընդունում է ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնը։ Բեյրութ վերադառնալուց հետո Խորեն եպիսկոպոսը Նիքսոնի հետ իր ունեցած այս հանդիպման մասին դաշնակցության պաշտոնաթերթ «Ազդակում» ասում է. «Խօսակցութեան նիւթ դարձաւ մեր տարած պայքարը համայնավարութեան դէմ, արտասահմանի մէջ եկեղեցին զերծ պահելու պամար բոլշեւիզմի թափանցումէն։ Պրն Նիքսըն խոր գոհունակութեամբ հաստատեց, որ դիւրազգաց ու հեռատես ենք այս ուղղութեամբ ու շեշտեց՝ թէ չի բաւեր քաղաքական եւ զինուորական ճակատներէ միայն պայքարիլ համայնավարութեան դէմ, հարկ է, որ նաեւ հոգեւոր ճամբով ու եկեղեցական գծով պայքար մղուի հակակրօն եւ անաստուած համայնավարութեան դէմ» (1958, հունիս, հմր. 24)։ Կարծում ենք, այս տողերը բավական են, որ անջատյալ թեմերի հարցն եկեղեցական ներքին խնդիր համարողները չշարունակեն պնդել նույնը եւ հասկանան, թե ինչպես էր, որ ԱՄՆ անջատյալ հատվածից հետո Անթիլասյան միացումների հաղթարշավը սառը պատերազմի, շարունակվեց երկբեւեռ աշխարհի բեւեռներից մեկում… Ամփոփելով ասենք, որ այս ամենը մինչեւ այժմ ոչ թե պատմություն էր, այլ կիսով չափ ներկա եւ Անթիլիասի այս քայլով այն արդեն վերստին դառնում է դառն իրականություն եւ այդ իրականության շարունակումից ետ դառնալուն մեր համեստ լուման բերելու ցանկությամբ էր պայմանավորված եւ այս հոդվածի գրությունը, ինչպես նաեւ մեկ անգամ եւս հիշեցնելու, որ այս խնդիրը զուտ եկեղեցական չէ, այլ նաեւ ազգային-քաղաքական, որով է մեծապես պայմանավորված հայ ժողովրդի ազգային միասնությունը իր ավանդական հոգեւոր կենտրոնի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ մեր պատմական հայրենիքի վերապրած այս վերջին հատվածի շուրջ։ ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ Բանասիրական գիտ. թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել