Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՅԻՆ ՈԴԻՍԱԿԱՆ

Փետրվար 02,2002 00:00

ՀԱՐԿԱՅԻՆ ՈԴԻՍԱԿԱՆ Հրազդանի քաղաքացի Մալետա Ղահրամանյանին հարկային տեսուչները վերջերս տուգանել էին 150 հազար դրամով։ Նրանք տեսչավարի, տեղը տեղին «ստուգել» էին խանութի ՀԴՄ-ի շահագործման կանոնները եւ արձանագրել, որ «ՀԴՄ-ի ժամը ձմեռայինից փոխված չէ ամառայինի»։ Իսկ երբ խանութի տերը՝ Մ. Ղահրամանյանը նրանցից պահանջել էր անձը հաստատող փաստաթղթեր ներկայացնել, պարզվել էր, որ հանձնարարագրում նշված Հայկազ Մկրտչյանի փոխարեն «վիրուչկայի կարգով» ներկայացել է նրա կոլեգան՝ Մասիս Բաբուխանյանը։ Իր ակամա «հյուրընկալվելը» նա պատճառաբանել էր Հայկազ Մկրտչյանի խիստ զբաղվածությամբ։ Մ. Ղահրամանյանի խանութը ստուգող երկու տեսուչներն իրենց հետ բերել էին նաեւ մի երրորդ անձի, որին ներկայացրել էին իբրեւ ընթերակա։ Ի դեպ, երբ Ղահրամանյանները պահանջել էին դադարեցնել ստուգումը, տեսուչները արագ հեռացել էին խանութից՝ հասցնելով իրենց հետ տանել նաեւ հանձնարարագրի երկրորդ օրինակը։ (Տվյալները նշվում են Ղահրամանյանի ներկայացրած փաստերի եւ պատմածների հիման վրա)։ Այդ մասին նրանց վերադասին՝ մարզի տարածքային հարկային տեսչության (ՄՏՀՏ-ի) պետին Ղահրամանյանների ուղարկած դիմում-նամակներից մեկին վերջապես տրվել էր պատասխան։ Պատասխանում նշվում էր, որ խախտվել է ՊԵ նախարարի 27.11.98թ. թիվ 01/58 հրամանով հաստատված ՀԴՄ-ի շահագործման կանոնների 3-րդ գլխի 3.1 ենթակետը։ Այն դեպքում, երբ ՊԵ նախարարի 27.07.1999թ. թիվ 01/10 հրամանով նշված կետից վաղուց հանվել էին «թվագրել տվյալ օրը, ամիսը, ամսաթիվը եւ ժամը» բառերը։ Բացի այդ, ակտը կազմվել է օրենքի տարբեր խախտումներով։ Ստուգման արդյունքներով՝ կազմված ակտում պետք է նկարագրված լինեին ոչ միայն խախտումները, այլեւ այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել։ Ըստ օրենքի՝ կազմված ակտը ստուգում իրականացնող անձանց կողմից երեք օրվա ընթացքում պետք է ներկայացվեր տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին։ Այս բոլոր պահանջները չէին կատարվել Հրազդանի ՏՀՏ-ի կողմից։ Ավելին, ստուգումներ իրականացնողները օրենքով պետք է ստորագրեին ակտը, ինչը չէր արել տեսուչ Հայկազ Մկրտչյանը։ Ղահրամանյանների վկայությամբ, սակայն, այս ամենը չէր խանգարել, որ սկսվեին քաշքշուկներ եւ Հրազդանի տարածքային հարկային տեսչության աշխատակիցների կողմից հնչեին սպառնալիքներ վերջիններիս խանութը «փակել տալու» վերաբերյալ։ Մ. Ղահրամանյանն էլ ճարահատյալ դիմել էր դատարան՝ իր ոտնահարված իրավունքները վերականգնելու ակնկալիքով։ ՀՀ տնտեսական դատարանը (դատավոր՝ Ե. Սողոմոնյան) վերը նշված ստուգման ակտը համարել է անհիմն եւ անվավեր ճանաչել այն։ Սակայն Ղահրամանյան ամուսիններին միայն նյութական վնասի փոխհատուցումը չէ, որ հետաքրքրում է։ Նրանք մտահոգված են իրենց կարծիքով ոչ մի կերպ չվերականգնվող բարոյական վնասով, որը հասցվել է իրենց երկարատեւ դեգերումների, սպառնալիքների ու լարված օրերի պատճառով։ Ամուսինների վկայությամբ, կատարվածը Հրազդանի տարածքային հարկային տեսուչների կողմից ոտնձգությունների առաջին դեպքը չէ։ Չգիտես ինչու՝ Ղահրամանյանները քանիցս բանավոր դիտողություններ են ստացել ՄՏՀՏ-ի կողմից, սեփական տեսուչների կատարած խախտումների համար։ Ղահրամանյանների՝ «Առավոտ» թերթում իրենց հետ պատահածի մասին տպագրելու ցանկությունը մի նպատակ էր հետապնդում՝ այս ամենը վերջապես լսելի դարձնել «վերեւներում»՝ համապատասխան հետեւությունների համար։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել