Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղիղ համեմատական է ուղիղ ոտքերին

Փետրվար 02,2002 00:00 Share

Ուղիղ համեմատական է ուղիղ ոտքերին Աշխատանքի իրավունք Եթե աշխատանք գտնելու հույսով հայտարարություն եք կարդում, ուրեմն մինչեւ դրանք թերթերում փնտրելն իմացեք՝ եթե չունեք բարձրագույն կրթություն, եթե հաշվել չգիտեք, եթե չունեք համապատասխան արտաքին (հատկապես ուղիղ ոտքեր), եթե ձեր տարիքը 30-ն անց է, եթե դուք կին չեք (նոտարական վավերացման տակ չեք ընկած), եթե… Նշանակում է զուր է ձեր փնտրտուքը։ Ուրեմն դուք սեւամորթ եք, ուղղակի դասական իմաստով։ Չեք հավատում ինձ, ուրեմն հավատացեք «հորոսկոպին», եթե այն ձեզ «ապագայի» հետ հանդիպման խորհուրդն է տալիս։ Նշանակություն չունի, որ ձեր «ապագան» բարձրագույն կրթություն չունի, գեղեցիկ չէ, նույնիսկ ուղիղ ոտքեր չունի, կարեւորը, որ նա բարձր ճաշակ ունի (կամ ուզում է բարձրացնել), եթե ուզում է իր կողքին տեսնել վերը թվարկված տվյալներով անձնավորությանը։ Հաճախ կարելի է հանդիպել նմանատիպ հայտարարությունների. «Հրավիրում ենք աշխատանքի՝ աման լվացող, մինչեւ 30 տարեկան գեղեցիկ կանանց, կրթությունը՝ բարձրագույն»։ «Հրավիրում ենք երիտասարդ կանանց հավաքարար աշխատելու, ցանկալի է աշխատանքի փորձ եւ անգլերենի իմացություն»։ «Պահանջվում են կանայք բենզալցակայանում աշխատելու համար։ Տարիքը՝ մինչեւ 30, կրթությունը՝ բարձրագույն»։ Երբ հարցնում ես, թե բենզալցակայանում բարձրագույն կրթությունն ինչի՞ է պետք, նրանք զարմացած պատասխանում են՝ բա հաշվել չիմանա՞։ Չնայած հայտարարության մեջ չեն նշում, բայց զրույցի ընթացքում պարզում ես, որ նրանց պահանջների մեջ է մտնում համակարգչի իմացությունը, գեղեցիկ արտաքինը… Ուղղակի ապշում ես, երբ նման հայտարարության ես հանդիպում։ Նրանց կարծիքով, եթե միջնակարգ կրթություն ես ստացել, ուրեմն հաշվել չգիտես, բայց եթե բանասիրության, պատմության կամ աշխարհագրության ֆակուլտետն ես ավարտել, անպայման հաշվել կիմանաս։ Այստեղ ռուսը կասեր՝ «զդռաստե»։ Հետաքրքիր է, եթե կինը ավարտած լինի ֆիզմաթը, բայց չունենա հետաքրքիր արտաքին եւ տարիքն էլ 34 լինի, օրինակ, այդ դեպքում ի՞նչ պահանջներ կներկայացնեն եւ ի՞նչը կխանգարի նրան այդտեղ աշխատելուն։ Միգուցե նրա տվյալներից բենզինի որակը կընկնի՞։ Կամ էլ հաճախորդները նրան տեսնելիս վթարային իրավիճակ կստեղծեն, ինչն էլ կխափանի նրանց աշխատանքը։ Այ, ուրիշ բան, երբ որեւէ ֆիրմայի շեֆ ցանկանում է տեսնել 90-60-90, մինչեւ ականջները հասնող ոտքերով քարտուղարուհի (այստեղ ոչ կրթությունն է կարեւոր, ոչ էլ լեզվի ու համակարգչի իմացությունը։ Այստեղ ուրիշ իմացություններ են պահանջվում…), որի հագին կլինի ամենակարճ զգեստը կամ մի քիչ երկար բլուզ (կարելի է առանց փեշի հագնել)։ Ու պատկերացնո՞ւմ եք՝ շեֆը դեռ չի էլ հասցնում առավոտյան կաբինետում տեղավորվել, երբ ներս է մտնում վերը նկարագրված արտաքինով քարտուղարուհին՝ սուրճի գավաթը ձեռքին ու անուշիկ ժպտալով՝ բարի լույս մաղթում։ Շեֆի որպիսությունը հարցնելուց հետո գնում է՝ երկու րոպե անց ներս գալու պայմանով… Թղթեր է բերում ստորագրելու ու նորից է ժպտում։ Հրաշք է սա իրական։ Ասացեք, խնդրեմ, այսպիսի քարտուղարուհի գտնելու համար ինչպիսի՞ հայտարարություն կտաք։ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել