Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՎԱՐՏ

Փետրվար 05,2002 00:00

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՎԱՐՏ Զուգահեռն անսպասելի էր «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը շարունակվում է։ Հունվարին հրավիրվեց 9 նիստ։ Հունվարի 7-ին, 11-ին, 14-ին, 16-ին, 21-ին, 23-ին, 24-ին, 28-ին, 30-ին։ Փետրվարը նոր է սկսվել եւ, փաստորեն, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (նախագահող՝ Սամվել Ուզունյան) երեկ 2-րդ նիստը հրավիրեց։ Փաստաբանների հարցերին ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը պատասխանելու ձեւ է թափում։ Նախորդ մի քանի նիստերին նա կարծես խաղում էր «զղջացողի», «խաբվածի» իրեն վերապահված (այդ պահին) դերը, նպատակ ունենալով ուսերից գցել համակատարողի եւ 27-ը համածրագրավորողի «ծիրանին»։ Չստացվեց։ Շատ հաճախ նրա կտրուկ պատասխաններն ավելին են ասում, քան երկարաշունչ նախադասությունները։ Երեկ նա պատասխանեց տուժող Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչներ, փաստաբաններ Օլեգ Յունոշեւի եւ Մարինա Ջանոյանի հարցերին։ Վերջինս դատարանին տեղեկացրեց, որ իրենց մի ներկայացուցիչը՝ Տիգրան Ջանոյանը նույնպես հարցեր ունի եւ փետրվարի 6-ի դատական նիստին մասնակցելով՝ կտա (երեկ հիվանդ էր)։ «Ձեր գործողությունները արդյոք ժողովրդավարության եւ մեր պետության հեղինակության վրա չե՞ն ազդել» փաստաբան Մ. Ջանոյանի հարցին ամբաստանյալ Է. Գրիգորյանը պատասխանեց, որ այդ քայլին գնացել է գիտակցաբար, իսկ պետությունն էլ, իր կարծիքով, 27-ից հետո ավելի ժողովրդավար չի դարձել։ Մի ուշագրավ հայտարարություն էլ նա արեց, երբ պատասխանում էր, թե «Նաիրի Հունանյանի ծրագիրն ավելի լա՞վն էր» հարցին։ Նա հայտարարեց, որ «համեմատելու բան չի եղել» եւ որ ինքը հավատացել է… իրեն մատուցված ծրագրին։ «Ն. Հունանյանն ասել էր, որ ամբողջ փաթեթը տվել է ձեզ ծանոթանալու» հարցին ամբաստանյալը չպատասխանեց։ Իսկ երբ փաստաբան Մ. Ջանոյանը հարցրեց «զրպարտե՞լ է» (2 անգամ)… ամբաստանյալը հակադարձեց, թե դուք ձեր գնահատականն եք ասում եւ որ ինքը փաթեթից տեղյակ չէ։ Նախորդ նիստերի ամբաստանյալը կարծես չլիներ։ Երբ իր հասցեին արված այսպիսի մեղսագրումներ (Ն. Հունանյանի) էր նա լսում, ու փաստաբանները հարցնում էին. «այսինքն նա խաբե՞լ է» կամ «զղջո՞ւմ ես», Է. Գրիգորյանը չէր էլ հասցնում, որ հարցն ավարտվեր, անմիջապես հաստատում էր այդ։ Ինչ-որ ցուցում ստացածի՝ դոպինգային էր նրա պահվածքը. տուժող Յու. Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը ցանկություն հայտնեց կրկին հարցեր տալ ամբաստանյալին։ Վերջինիս նա հարցրեց, թե «ինչ որ մեկին որոշե՞լ էիք սպանել» եւ հիշեցրեց ամբաստանյալ Ն. Հունանյանի 2001թ. մայիսի 11-ի դատաքննական ցուցմունքը, երբ նա ասել էր, որ «տղաներին նախազգուշացրել էր Վանոյին չսպանել, քանի որ նա տիրապետում է մեծ ինֆորմացիայի»։ Ամբաստանյալը ցույց տվեց, թե այդպիսի խոսակցություն առաջին անգամ է լսում։ Ա. Բախշյանին հետաքրքրեց, թե ի՞նչ պաշտոններ պետք է ստանձներ հնգյակը, երբ հասներ վարչապետի հրաժարականին։ Ամբաստանյալը ասաց, որ իր համար պաշտոն ունենալը ծանր պարտականություն է եւ դեռ հարց է՝ կհամաձայնե՞ր։ Նա հայտնեց ամբաստանյալ Ն. Հունանյանի հավակնությունների մասին. «Լսել էի, որ Ն. Հունանյանն ուզում էր վարչապետ լինել»։ Ա. Բախշյանը երբ հարցրեց, թե 5 հոգով «իշխանությունը վերցնելուց հետո ի՞նչ պիտի անեիք», ամբաստանյալը ասաց. – «Իշխանություն վերցնել» բառակապակցությունը չեմ հասկանում։ Ավելորդ չէր նրան հիշեցնել, որ դեռ նախորդ նիստերին տարբերակման ձեւեր էր թափել, թե զինված ապստամբությունն ի՞նչ էր եւ ինչո՞վ պիտի իրականացվի այն։ «Իշխանությունը 5, 10, 15 հոգի չէ։ Չեմ հասկանում»,- շարունակեց նա, ինչին հետեւեց Ա. Բախշյանի ռեպլիկը. «Մենք էլ չենք հասկանում, թե ինչ բան է 5 հոգով, 7-ով իշխանություն վերցնելը»։ Մի վիրավորական արտահայտություն էլ նախորդ դատական նիստին արել էր ամբաստանյալ Է. Գրիգորյանը։ Տարբեր լրատվամիջոցներ լսել էին այլ կերպ. «Գնացել էինք այդ երկչոտներին (լսվել էր նաեւ եղջյուրներին, գեղջուկներին) սպանելու»։ Պարզվեց օգտագործել էր «գեղջուկ» բառը ու, երբ փորձ արվեց ճշտելու, թե ովքեր էին այդ գեղջուկները, նա այսպես պատասխանեց. «Չեմ ուզում մասնավորեցնել։ Չեմ ասի, որ վատ չզգաք»։ Փաստաբան Աշոտ Սարգսյանը հարց տվեց, թե արդյոք մինչեւ հոկտեմբերի 27-ը որեւէ աղբյուրից լսե՞լ է, որ որեւէ երկրում գրավել են խորհրդարան կամ որեւէ ահաբեկչական գործողության մասին տեսաժապավեն դիտե՞լ է ամբաստանյալը։ Վերջինս նախ պատասխանեց, որ «հասկանում է ակնարկը» եւ ապա ինքն ակնարկեց Լիբանանի դեսպանատունը 5 (զարմանալի զուգադիպմամբ) դաշնակցականների կողմից (եթե չեմ սխալվում՝ 1983-ին) գրավումը։ Ավելին, շարունակեց. «Եթե Նաիրիի հետ տեսած լինեմ, ապա չեմ կարծում, որ Տիգրան Նաղդալյանի հետ տեսած կլինեի»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել