Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՆԻ ՉԻ «ՊԱՅԹԵԼ» ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Փետրվար 13,2002 00:00

ՔԱՆԻ ՉԻ «ՊԱՅԹԵԼ» ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀՀ-ում բանկերի նոր տեսակ է ձեւավորվում՝ անձնական օգտագործման։ Միխայիլ Բաղդասարովն ու Հակոբ Հակոբյանը հայտարարել են, որ մեկը՝ «Հայխնայբանկը», մյուսը՝ «Ագրոբանկը» ձեռք են բերել իրենց մեծ գումարները սեփական բանկերի միջոցով շրջանառելու եւ բանկային ծառայությունների դիմաց ուրիշին չվճարելու համար։ Մասնագետների գնահատմամբ, շատ նորմալ երեւույթ է, երբ բիզնեսի այլ ոլորտներում իրեն հաջողությամբ դրսեւորած սուբյեկտը գործունեություն է ծավալում նաեւ բանկային համակարգում։ Ընդհանրապես, սա ընդունված է նաեւ միջազգային պրակտիկայում։ Սակայն հարցն այն է, թե այդ սուբյեկտի հաջողություններն իրո՞ք վստահելի են, թե՞, ասենք, Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի իշխանությունից հետո հավասարվելու են զրոյի։ Եվ այս դեպքում հարյուրավոր ավանդատուներ արդյոք նորից «խաբվածների» շարքը չե՞ն դասվելու։ Իսկ մեր բանկային օրենսդրությունը, փառք Աստծո, ԿԲ-ին բավականին լիազորություններ է տվել սրանից «ապահովագրվելու» համար։ Որեւէ բանկում նշանակալից չափով բաժնետոմսեր ձեռք բերելու համար սուբյեկտը պետք է ստանա ԿԲ թույլտվությունը։ Որը ԿԲ-ն պետք է տա սուբյեկտի փողերի ծագումը, պատմությունը, շարունակականությունը գնահատելուց հետո։ Իսկ Մ. Բաղդասարովի դեպքում փողերի առնվազն ծագումն ու շարունակականությունը կասկածելի են։ Պարզապես այլ հարց է, որ ԿԲ-ն կամ նրա նախագահը չէր կարող մի այդպիսի թույլտվության համար նեղացնել Սերժ Սարգսյանին, որի հետ որեւէ կապ ունեցող 1-2 բանկ այսօր արդեն խնամակալության տակ է կամ սնանկ։ Ի դեպ, նկատենք, որ, որպես կանոն, չեն պահպանվում նաեւ ԿԲ հաստատած խնամակալության ծրագրերի ժամկետները։ Իսկ «Ագրոբանկում», ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանից տեղեկացանք, որ նախարարությունը ստուգումներ է սկսել, քանի որ պետությունն այստեղ բաժնեմաս ունի, իսկ բանկի կասկածելի վիճակի մասին տեղեկությունների պակաս չի զգացվում։ Վ. Խաչատրյանն, ի դեպ, նշեց, որ իրոք, ԿԲ-ն բանկերի վիճակի վատացումը կանխելու մեծ լծակներ ունի. «Բա ինքն է խնամակալ նշանակում։ Եվ ասենք, հաշվետվությունները ստանալիս, երբ տեսնում է բանկի վիճակը կարող է վատանալ, նախօրոք է նշանակում խնամակալ եւ այլն»։ «Առավոտի» հարցին, թե ինչպես է պատահում, որ թերթերը նախօրոք իմանում են այդ մասին, ԿԲ-ն՝ ոչ, նա պատասխանեց. «Բանկն այնպիսի համակարգ է, որ եթե խնամակալ նշանակես, կարող է էլ ավելի վատանա վիճակը։ Մյուս կողմից բանկեր կային, որ էլի վատ վիճակում էին հայտնվել, հետեւեցին, բայց խնամակալ չնշանակեցին, բանկը ոտքի կանգնեցրին, ցնցում չեղավ»։ Այսինքն ԿԲ-ն բախտին է հույսը դնում, որը ոչ մի կերպ չի ժպտում վերջերս։ Նկատենք, որ կայացած բանակն ու բանկային համակարգը անկախ Հայաստանի անվիճելի ձեռքբերումներն էին համարվում։ Վերջինը, սակայն, քայքայվել է, ինչը հիմնավորենք այլ փաստերով եւս։ Մի շարք արդեն սնանկացած, խնամակալության տակ գտնվող, նյարդային համակարգը խախտված, ինֆարկտ ստացած ավանդատուներից բացի, բավականին խոսուն փաստ է նաեւ բանկերի շահութաբերության ցուցանիշը, որը անցած տարի կազմել է շուրջ մինուս 20 մլրդ դրամ։ Սա այն դեպքում, երբ բանկային կապիտալի ծավալը շուրջ 65 մլն դոլար է։ Նախորդ տարի բանկերն աշխատել են մինուս 2,5 մլրդ շահութաբերությամբ (մինչ այդ շահույթով է աշխատել)։ Շահութաբերություն բառը այսօրվա բանկային համակարգի համար, հասկանալի է, պայմանականորեն է օգտագործվում։ Այն տվյալ պարագայում տնտեսագիտական տերմին է եւ այս դեպքում վնաս է կոչվում։ Իսկ բանկն այն ոլորտն է, որ, մասնագետների գնահատմամբ, ինքնաբերաբար չի լավանում։ Իսկ Տիգրան Սարգսյանը, փաստորեն, ապացուցեց, որ ԿԲ նախագահի պաշտոնն ակնհայտորեն իր համար չէ, բայց հրաժարական չի տալիս։ Մի ելք է մնում. նրան մեկ ուրիշով փոխարինելը, քանի դեռ բանկային համակարգը չի «պայթել», քանի որ նույնիսկ հաջող գործունեություն իրականացնող բանկիրներն էլ են խոստովանում, որ ստեղծված մթնոլորտն ազդել է ընդհանրապես բոլոր ավանդատուների վրա եւ ավանդների արտահոսք է նկատվում։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728