Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքը հիասքանչ է

Փետրվար 14,2002 00:00

Կյանքը հիասքանչ է Անկախ այն բանից, որքանով է ապազգային կամ ոչ առաքելական սուրբ Վալենտինի տոնը (որն ավելի հաճախ անվանում են ուղղակի Սիրահարների օր), անպայմանորեն արժե այն նշել։ Որովհետեւ շատ մեծ շռայլություն կլինի աստվածատուր այդ զգացմունքին՝ Սիրուն նվիրված տոնից հրաժարվելը միայն այն պատճառով, որ դա ազգային չէ։ Առանց այդ էլ մեր կյանքում գորշությունը, կենցաղն ու առօրեական հոգսերն այնքան շատ են, որ ցանկացած հնարավորություն, այն էլ այդպիսի գեղեցիկ առիթը չի կարելի կորցնել հերթական անգամ սիրած մարդուն «ես քեզ սիրում եմ» խոսքերով երջանկացնելու։ Իսկ սիրո խոստովանությունը երբեք շատ չի լինում։ Բոլորն ունեն սիրելու եւ սիրվելու կարիքը։ Եվ, ի վերջո, եթե մի փունջ ձնծաղիկով կամ մի տուփ շոկոլադով կարելի է երջանկացնել մարդուն, ով քեզ համար թանկ է, ապա՝ ինչո՞ւ չանել։ Եվ կարեւոր չէ, թե որոնք են սուրբ Վալենտինի տոնի արմատները, որ լեգենդն է ավելի արժանահավատ, զուտ քրիստոնեական տո՞ն է սա, թե՞ հերթական քրիստոնեացված հեթանոսական տոնը։ Եվ պետք էլ չէ ստուգել՝ իրո՞ք այդ օրը՝ փետրվարի 14-ին են թռչունները փնտրում եւ գտնում իրենց զույգերին։ Կարեւորն ինքը՝ սերն է, այդ ամենակուլ զգացմունքը։ Ու թող գիտնականները որքան ուզում են ապացուցեն, որ սերն ընդամենը քիմիական ռեակցիա է, որն անգամ բանաձեւ ունի։ Դրանից ոչինչ չի փոխվում։ Ինչպես հազարամյակներ առաջ, այսօր էլ այդ զգացմունքը մարդկանց թույլ է տալիս իրենց երկնքում զգալ, անգամ երբ պարզորոշ գիտեն, որ գետնից կտրվելու որեւէ հույս չկա։ Այսօր էլ այդ զգացմունքը մարդկանց ստիպում է անել խենթություններ, որ երբեք չէին անի, թե սթափ լինեին։ Ստիպում է տառապել եւ երջանկանալ ընդամենը մի հայացքից։ Ուրիշ ի՞նչ կա աշխարհում, որ համազոր է այդ զգացմունքին։ Թերեւս՝ ոչինչ։ Եվ ուրեմն, ինչպե՞ս չնշել այդ տոնը, եթե նույնիսկ սիրահարված չեք, չեք սիրում։ Շնորհավորեք ինքներդ ձեզ եւ ցանկացեք ձեզ սեր, սեր եւ կրկին սեր։ Առանց սիրո այնքան դատարկ ու անիմաստ է աշխարհը։ Ցանկացեք եւ կսիրեք։ «Ուզում ես երջանիկ լինել՝ եղիր»,- Կուզմա Պրուդկովի այս խոսքերն ընդունեք որպես նշանաբան, նայեք ձեր շուրջը, զգացեք գարնան բույրը, մոտեցող սիրո ոտնաձայնը լսեք եւ ժպտացեք։ Կյանքը հիասքանչ է։ Շնորհավոր բոլոր սիրահարների տոնը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել