Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՃԵՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲԱԶՄԱՑՈՂ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԱՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 23,2002 00:00

ՊԱՏՃԵՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲԱԶՄԱՑՈՂ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԱՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ Թումանյանի ծննդյան օրը առիթ է մեզ հաշիվ տալու, թե որքան խորն է արմատացել մեզանում մասնագիտական տգիտությունն ու գաղափարին հակառակ գործելու գաղափարի մշակի սովորույթը։ Քննիչի, դատախազի տգիտությունն ու իրավագիտակցության բացակայությունը աղետ են հասարակության համար։ Հուսահատվում ես, երբ այս արատներից, մեղմ ասած, զերծ չէ ՀՀ դատախազությունը՝ իր գլխավոր դատախազով ու հատուկ կարեւոր գործերի քննիչով։ Թիվ 62206401 քրեական գործի քննիչ Հ. Բաբայանը 17.01.02 որոշել է. 1. «Մուշեղ Սաղաթելյանին ՀՀ քրօր-ի 182 հոդվածի 1-ին, 183 հոդվածի 1-ին եւ 2-րդ, 15-195 հոդվածի 2-րդ, 213 հոդվածի 3-րդ եւ 222 հոդվածի 3-րդ մասերով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կայացնել եւ նրան այդ հոդվածներով մեղադրանք առաջադրել։ 2. Վազգեն Սարգսյանին Մովսես Գեղանգուլյանի եւ Արծրուն Մարգարյանի վերաբերյալ քրգործի մասով վարույթը կարճել նրանց մահվան կապակցությամբ։ 3. ՀՀ ԿԸՀ անդամներին ծեծի ենթարկելու վերաբերյալ դրվագով քրգործի մասը կարճել Վ. Սարգսյանի եւ Մ. Գեղանգուլյանի գործողություններում հանցակազմի առկայությունը հիմնավորող բավարար ապացույցների բացակայության պատճառաբանությամբ»։ Նույն քննիչը 18.01.02 որոշել է. «62206401 քրեական գործից պատճենահանման միջոցով անջատել Ռոմեն Ղազարյանին, Մուրադ Կիրակոսյանի եւ բռնությունների գործադրմանը մասնակցություն ունեցած մյուս անձանց վերաբերյալ գործի մասը եւ նախաքննությունը շարունակել»։ Այո՛, քիչ բան է փոխվել դատախազությունում, մի ժամանակ դատախազը ու քննիչը գրամեքենայով ու «կապիրովկայով» էին իրենց անօրինությունը բազմացնում, հիմա՝ կոմպյուտերով ու քսերոքսով։ Երկու դեպքում էլ քննիչը չի նշել, թե որ օրենքով է ղեկավարվել այդ որոշումը կայացնելիս, ենթադրում եմ, որ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի (կետ 1, ենթակետ 10, կետ 2)։ Հիմա կարդանք օրենքը։ «Քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման՝ կատարված հանցագործությանը մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները»։ Սա է ՀՀ օրենքի (քրդատօր172ի 35 հոդված, կետ 2) պահանջը։ Կարդացի՞ք՝ մեղադրյալի մասնակցության մասին է խոսքը։ «Համապատասխան կրթություն եւ գիտելիքներ ունեցող» հատուկ կարեւոր քննիչն ու գլխավոր դատախազը չգիտե՞ն, որ դատավարական օրենսգրքով (հոդվ. 6) սահմանված հասկացություններ են դեպքը եւ քրեական գործը։ Ի՞նչ ասել է «Վազգեն Սարգսյանի եւ այլոց վերաբերյալ քրգործով մաս» կամ Մուրադ Կիրակոսյանի եւ այլոց գործով, երբ «քրեական գործը՝ քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմից իրականացվող առանձին վարույթ է՝ քրեական օրենսգրքով արգելված մեկ կամ մի քանի ենթադրաբար կատարված արարքների կապակցությամբ»։ Գրագետ քննիչը պարզապես պիտի Վազգեն Սարգսյանի եւ այլոց մասով քրեական հետապնդում չիրականացնելու որոշում կայացներ, որովհետեւ անձը մահացել է (քրդատօր-ի հոդված 35, կետ 1, ենթակետ 10), իսկ Մուրադ Կիրակոսյանի կամ որեւէ անձի նկատմամբ քրեական հետապնդում այս գործով իրականացնելու համար քննիչը նախ եւ առաջ պիտի սահմանված կարգով մեղադրանք առաջադրի։ Թիվ 62206401 քրգործով նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող Արամ Թամազյանը պարտավոր էր վերացնել քննիչի հիշյալ որոշումները, քանի որ Վ. Սարգսյանը, Մուրադ Կիրակոսյանը եւ այլք գործով մեղադրյալներ չեն, այդպիսի որոշում քննիչը չի կայացրել։ Իսկ ի՞նչ է արել գլխավոր դատախազը։ Գլխավոր դատախազը պարզել է, որ եթե «Մ. Սաղաթելյանի վերաբերյալ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, մյուսների մասով (Վազգեն Սարգսյան, Մովսես Գեղանգուլյան եւ Արծրուն Մարգարյան) նախաքննությունը անհրաժեշտ է շարունակել նույն գործից անջատված մասի շրջանակներում, որից հետո հանգել վերջնական հետեւության… Վերոգրյալից ելնելով՝ Արամ Թամազյանը 04.02.02 թ. որոշել է. «Վերացնել ՀՀ գլխ. դատախազին առընթեր քննիչ Հ. Բաբայանի կողմից 17.01.02թ. Վ. Սարգսյանի եւ մյուսների մասով որոշումը, այդ մասով գործը վերադարձնել քննիչին՝ գործից անջատված մասի հետ համատեղ նախաքննությամբ ընթացքը լուծելու համար»… Ասել է թե՝ գլխ. դատախազը իր այս ակնհայտ անօրինական որոշումով ստիպում է հանգուցյալների նկատմամբ քրեական հետապնդումը շարունակել՝ արտոնելով ակնհայտ ապօրինի վարույթ։ Ավելի ուշ, իր բարձր բարոյականությունը եւ Վ. Սարգսյանի նկատմամբ իր խորին հարգանքը դրսեւորելու համար, գլխավոր դատախազը հարցազրույցում «կանկեղծանա». «Չեմ համաձայնել քննիչի հունվարի 17-ի որոշման այն ձեւակերպմանը, թե Վ. Սարգսյանի, Ա. Մարգարյանի, Մ. Գեղանգուլյանի մասով գործի վարույթը պետք է կարճել նրանց մահվան պատճառաբանությամբ։ Ես հակառակ եմ եղել այդ ձեւակերպմանը, քանզի դրանից կարծեք թե անուղղակի երեւում է, որ նրանք ինչ-ինչ գործողություններ են կատարել, սակայն մահվան պատճառաբանությամբ է վարույթը կարճվել։ Դրա համար էլ, չհամաձայնելով հիշյալ ձեւակերպմանը, գտնելով, որ բավարար ապացույցներ չեն այդպիսի հետեւություն անելու համար, քննիչի որոշումը վերացվել է»։ Ահա այսպիսի գլխավոր դատախազ ունենք, իր լիազորությունը չի գործադրում Մուրադ Կիրակոսյանի եւ այլոց նկատմամբ քննիչի ակնհայտ ապօրինի որոշումը վերացնելու համար։ Ավելին, Արամ Թամազյանը իր անօրինական որոշումով արտոնում է մոգոնած-արգելված քրեական գործի մասով վարույթի շարունակումը եւ կանխորոշում դրա արդյունքը, որ հաղթի… «բարոյականությունը»։ Իսկ ՀՀ օրենքը (քրդատօր172ի հոդվ. 52) շատ է կատեգորիկ «Քրեական գործի վարույթով իր լիազորությունները իրականացնելիս դատախազն անկախ է եւ ենթարկվում է միայն օրենքին»։ Ահա՞ Օրենքը՝ եթե անձը մահացել է, քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրգործի վարույթը ենթակա է կարճման։ Վազգեն Սարգսյանի եւ մյուսների մասով կատարված հանցագործությանը, նրանց մասնակցության ապացույց չլինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնել որեւէ դատախազ կամ քննիչ չի կարող, որովհետեւ Վ. Սարգսյանը եւ այլք գործով մեղադրյալ չեն։ Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը եւ կարգը կարդացեք դատավարական օրենսգրքում (հոդվ. 202-204)։ Քրեական գործերի (գործերի եւ ոչ մասերի) միացումը եւ անջատումը սահմանված է քրդատօր-ի հոդվ. 28-ով, բոլոր դեպքերում գործերը միացվում են կամ անջատվում են ըստ մեղադրյալի։ Քննիչը, դատախազը իրենց վարույթում գտնվող քրգործի նյութերով կայացնում են որոշում նոր գործ հարուցելու եւ այն առանձին վարույթում առանձնացնելու մասին, եթե մեղադրյալին վերագրվող հանցագործությունից բացի, բացահայտված է առաջինի հետ չկապված այլ հանցագործություն, որը կատարել է այլ անձ՝ առանց մեղադրյալի մասնակցության (քրդատօր172ի հոդվ. 184)։ Կարդացի՞ք։ Կարծում եմ՝ պարզ է գրված անգամ համապատասխան (իրավաբանական) կրթություն եւ գիտելիքներ չունեցող իմ ու հազարավոր ընթերցողների համար։ Անկախ, միայն օրենքին ենթակա դատարան ունենայինք, կարելի էր բողոքարկել եւ այդ ապօրինությունները վերացնել։ Ինչպե՞ս ստիպել ՀՀ գլխավոր դատախազին ու իրեն առընթեր քննիչին, այս անգամ էլ Մուշեղ Սաղաթելյանի գործով, պահպանել դատավարության թիվ 1՝ օրինականության սկզբունքը։ Իսկ քրգործի վարույթի «Բարոյականության մասով» ասված է արդեն՝ մի՛ շնանար։ Ա. ԲԼԵՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել