Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը՝ գործընկերնե՞ր, թե՞ մրցակիցներ

Փետրվար 23,2002 00:00

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը՝ գործընկերնե՞ր, թե՞ մրցակիցներ Ցավոք, այս հարցը նորից արդիական է դառնում։ Բրիտանական «Գարդիանի» տեղեկություններով, ԱՄՆ-ը հարձակում է նախապատրաստում Իրաքի վրա։ Միաժամանակ նախագահ Բուշը խոսում է «չարիքի առանցքի» մասին, նկատի ունենալով այն երկրները, որոնք «համագործակցում են ահաբեկչական կազմակերպությունների հետ»։ Այդպիսով, բոլորովին անտեսվում է Պուտինի արտահայտած կարծիքը, ըստ որի, Ռուսաստանը կտրականապես դեմ է «ահաբեկչական» երկրների ցուցակը կազմելուն եւ համարում է, որ, մասնավորապես, Իրաքի խնդրիներով պետք է զբաղվի ՄԱԿ-ը։ Սկսում է ուրվագծվել ամերիկյան վարչակազմի արտաքին քաղաքականության հիմնական ուղեգիծը՝ ահաբեկչության դեմ պայքարի ներքո դիմել ցանկացած գործողությունների, որոնք բխում են ԱՄՆ-ի սեփական շահերից։ Անտեսելով այլ երկրների շահերը եւ կարծիքները ու սպասելով, թե ինչպես կարձագանքեն ուրիշները՝ Ռուսաստանը առաջին հերթին։ Նոր քաղաքականությունը զգացնել է տալիս իրեն անգամ օլիմպիական մարզադաշտերում։ Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահն ուղղակիորեն արտահայտվեց, թե գտնում է, որ ռուսական մարզիչների հանդեպ կազմակերպված «սառը պատերազմի» ոգով ոտնձգությունները քաղաքական հիմք ունեն։ Հիմնական հարցն այն է, թե որքանո՞վ Ռուսաստանը պատրաստ է ընդդիմանալ ԱՄՆ-ի «ագրեսիվ» կեցվածքին, եւ ի՞նչ դիրք կզբաղեցնեն այլ պետությունները։ «Ուոլ Սթրիթ Ջորնըլի» նույն համարում, որտեղ տպագրված էր Պուտինի հետ հարցազրույցը, տեղ է գտել նաեւ հարցազրույց վերցնող լրագրողի հոդվածը ՌԴ նախագահի մասին։ Հեղինակի կարծիքով, Պուտինը ռեալիստ է եւ բարձրացնում է միայն այն խնդիրները, որոնք ի զորու է լուծել եւ որ այդ տեսակետից նա հակված է առաջին հերթին զբաղվել Ռուսաստանի վերականգնմամբ։ Դիպուկ դիտարկում է, որի հետ հիմնականում կարելի է համաձայնել։ Իսկապես, Պուտինը կգերադասի չփչացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, եթե վերջինս օգնի կամ առնվազն չխանգարի Ռուսաստանի տնտեսական վերականգնմանը եւ զարգացմանը։ Դա երեւաց, օրինակ, հակահրթիռային պաշտպանության խնդրում, երբ Ռուսաստանը սկզբում կոշտ դիրքորոշում ընդունեց, իսկ հետո զիջեց, համոզվելով պայքարի անարդյունավետության մեջ, փորձելով դիվիդենդտներ ստանալ այլ հարցերում։ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների վերոհիշյալ մոդելը, սակայն, ունի երկու սահմանափակում։ Առաջինը ժամանակային է։ Որքան ամրանա Ռուսաստանի տնտեսական եւ ներքաղաքական վիճակը՝ այդքանով նա ավելի ակտիվ եւ վճռական կմիջամտի միջազգային գործերին։ Երկրորդը՝ Ռուսաստանը կընդդիմանա ԱՄՆ-ին առանձին խնդիրներում, եթե լուրջ համախոհներ ունենա։ Իրաքի խնդրի վերաբերյալ ամերիկյան դիրքորոշման մասին, օրինակ, բացասական են արտահայտվել Ֆրանսիան եւ Կանադան։ Հավանական է, որ նրանց կմիանա եւ Չինաստանը։ Ընդհանուր առմամբ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Չինաստանը, ե՛ւ Եվրոպան շահագրգռված են վերականգնելու եւ բարձրացնելու Միացյալ ազգերի կազմակերպության դերն ու կշիռը, քանի որ դա այսօր միակ լուրջ հնարավորությունն է դիմակայելու ԱՄՆ-ի «ուժային» քաղաքականությանը։ Սլոբոդան Միլոշեւիչի հանդեպ Հաագայում տարվող դատավարությունը առնվազն քաղաքական գործիչների համար պարզ կդարձնի Սերբիայում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների չհիմնավորվածությունը։ Եվրոպան էլ միավորվում է, ինքնուրույնանում, եւ նոր «հարավսլավական» տարբերակով ակցիաները չեն կարող նույնքան սահուն ընդունվել աշխարհի կողմից։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել