Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիմա Սարիբեկյանի «Նոր կյանքը»

Փետրվար 23,2002 00:00

Ռիմա Սարիբեկյանի «Նոր կյանքը» Հայկական ժողովրդական երգը մեր հոգու թարգմանն է։ Ժողովրդական երգը ամեն մի ժողովրդի պատմությունն է՝ մեղեդու մեջ բյուրեղացած, հղկված… Սկսած 1977 թվականից, այդ պատմությունը ռադիոյով, հեռուստաէկրանից, բեմերից մեզ պատմում էր, սխալված չենք լինի, եթե ասենք, առաջին բեմելուց սիրված երգչուհի Ռիմա Սարիբեկյանը։ Եվ մինչեւ 1991 թվականը նա ապրում էր, բառի իսկական իմաստով, բուռն բեմական ու ստեղծագործական կյանքով ոչ միայն մեզ մոտ, այլ նաեւ արտերկրում։ 1991-ին մեկնեց հերթական համերգային շրջագայության ԱՄՆ, վերադարձավ 1992-ին։ Եվ մինչեւ 1994-ը, իր ժողովրդի հետ տանելով կյանքի, ավելի ճիշտ՝ մեզ բաժին հասած ծանր պայմանները, նույն թվականին մեկնեց Նովոռոսիյսկ եւ վերադարձավ միայն 2001 թվականի հոկտեմբերին։ Երգչուհու բացակա այս տարիներին հազար ու մի պատմություններ, ասեկոսեներ, ինչու չէ՝ լեգենդներ էին պտտվում։ Այսօր երգչուհի Ռիմա Սարիբեկյանը որոշում կայացրեց իր ունկնդրի, ժողովրդի հետ առաջին անգամ կիսելու իր խոհերը կամ, ավելի ճիշտ՝ բացակա տարիների իրական պատմությունը։ «Ամերիկայից վերադառնալով, ունենալով ամեն ինչ կամ երկրային ամեն բան, զգում էի, որ հոգիս սնանկ է ու դատարկ։ Առանց երկմտելու գնացի Ջերմուկ՝ հանգստանալու։ Փոքրուց տատիկիցս լսել էի, որ երկրի վրա Աստծո խոսքն է ու կամքը եւ ուզում էի գոնե մեկ անգամ կարդալ Աստվածաշունչը։ Ստացվեց այնպես, որ այդ հանգստավայր էր եկել Աստծո խոսքը ասող մի մարդ՝ Աստծո ծառա։ Նրա խոսքին էլ չէի հավատա, բայց վերջինս ընթերցում էր հատվածներ «Աստվածաշնչից»։ Իհարկե, հետո հասկացա, որ այդ ունկնդրումը ճակատագրական եղավ ինձ համար՝ սկսվեց Աստծո ծրագիրը իմ կյանքի նկատմամբ։ Ընթերցումից այսօր էլ հիշում եմ հետեւյալը. «Քրիստոսը ծնվեց Մարիամից, ապրեց այս երկրի վրա։ Հետո խաչվեց ու դրվեց գերեզման։ Ապա հարություն առավ ու համբառնեց երկինք։ Կատարեց Աստծո կամքը, ծրագիրը եւ փրկություն գործեց համայան մարդկության։ Ով որ հավատա, ընդունի որդուն, ունի փրկություն մեղքից ու մահից։ Քրիստոս ինչպես համբառնեց, այնպես էլ պիտի վերադառնա եւ որ կա Աստծո դատաստանը՝ ո՜վ մարդ, ով էլ որ դու լինես, պիտի կանգնես Աստծո դատաստանի առջեւ, պատասխան տալու քո ապրած կյանքի համար»։ Այնժամ ես հասկացա, որ Քրիստոսով ունեմ մեղքերի քավություն, ապաշխարություն եւ նոր կյանք՝ ապրելու այս երկրի վրա եւ այդ կյանքը Քրիստոսի կյանքն է։ Մի խոսքով, հասկացա՝ ինչ կյանքով ապրել եմ՝ դա մեղք է, դա կյանք չէ։ Անցան օրեր… Ջերմուկից վերադարձա Երեւան։ Էդ ժամանակ Հիսունական եկեղեցին էր Երեւանում, ուր Աստծո անունով ժողովուրդ էր հավաքվում եւ Ավետարանն էր քարոզվում։ Աստծո խոսքը լսելու կարիք ունեի ու սկսեցի հաճախել այդ եկեղեցին՝ 1992-94 թվականներին։ Թողեցի մեր հայկական ժողովրդական երգերը եւ սկսեցի երգել հոգեւոր փառաբանության երգեր։ Դրանից հետո, առանց իմ գիտության, Աստված ինձ այդ եկեղեցուց դուրս բերեց եւ տարավ մի ճանապարհով, որ միայն ինքը գիտեր։ Դա իմ հոգեւոր անցնելիք ճանապարհն էր։ 94-ի հունիսին մեկնեցի Նովոռոսիյսկ։ Ապրել եմ Աստծո ընտանիքում ու բացարձակ չեմ շփվել աշխարհիկ կյանքի հետ։ 97-ին Նովոռոսիյսկից մեկնել եմ Մոսկվա եւ Տերը իր մարգարեի միջոցով կամ օժանդակությամբ տվեց խոսքն ու կամքը՝ ոտքերս ուղղելով Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցի։ Բարձրյալը տվեց հետեւյալ իմաստը. «Հայկական ժողովրդական երգը Աստծուց է տրված եւ որ դա քո կոչումն է։ Կատարիր այդ մարգարիտները ու ծառայիր»։ Դեռ Երեւանում, Հիսունական եկեղեցում վեց ամիս երգելուց հետո այլեւս չէի երգում, ձայնս վերցվել էր Տիրոջ կողմից։ Պատկերացնո՞ւմ եք, տարիներ շարունակ չեմ երգել։ Աստծո կամքն էր, որ գնալով եկեղեցի, վերջինիս հետ մասնակցեցի այդ օրերին Մոսկվայի հայկական դպրոցում անցկացվող միջոցառմանը, որին ներկա էր արքեպիսկոպոսը ու իմ ժողովուրդը։ Նրանց առջեւ առաջին քննությունս էր ու հավատքիս հաստատումը, որ հենց այդ ժամանակ պետք է բերանս բանայի ու Տերը պետք է լեցներ իր երգով։ Այո, կատարվեց հրաշք՝ երգեցի։ Մոսկվայում 97-ից մինչեւ 2001 թվականի աշունը ունեցել եմ իմ ամենօրյա հոգեւոր ընթացքը, ժամանակ առ ժամանակ շփվել ժողովրդիս հետ։ 2001-ին վերադարձա ու հոկտեմբերին բարձրացա մեծ բեմ։ Սա էլ Աստծո գործն էր։ Իմ վերադարձը վերջինով է հաստատված, արդեն իմ կոչման մեջ եւ այդ երգը՝ Աստված է։ Հիմա ուրախ եմ եւ ուզում եմ հայտնել ժողովրդիս, որ այն կյանքը, որ ես ապրում էի (ունեի ամեն ինչ, բառիս իսկական իմաստով)՝ դա կյանք չէր։ Ես ունեմ հիմա նոր կյանք, որ է Քրիստոս, որովհետեւ կյանքը նրանից է։ Ունեմ նոր երգ, որ է Աստված, որովհետեւ երգն էլ է նրանից։ Այսօր ապրում եմ ստեղծագործական ու բեմական նոր կյանքով։ Ինչպես ասվում է Աստվածաշնչում. «Հներն անցավ, ամեն բան նոր եղավ»։ Ինձ համար հիմա ամեն բան նոր է։ Հին կատարումներս, հին Ռիմա Սարիբեկյանը այլեւս չկան։ Կատարում եմ նոր ձայնագրություններ։ 2001 թվականին ԱՄՆ-ում դուրս եկավ իմ առաջին CD-ն՝ «Վերադարձ»։ Պատրաստ է արդեն երեք ալբոմ, որոնցից մեկը՝ «Մշո աղջիկը» շուտով կթողարկվի։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել