Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԳՌՓԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ

Մարտ 19,2002 00:00

ԻՆՉՊԵՍ ԳՌՓԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ Նա առայժմ հասել է «Առավոտին», բայց հավաստիացնում է, որ մինչեւ վերջ, մինչեւ հանրապետության նախագահի մոտ էլ գնալու է իր ոտնահարված շահերը պաշտպանելու համար։ «Ոտնահարվածը» Երեւանի ՆԳՎ պետավտոտեսչության բաժնի հետախուզության բաժանմունքի նախկին ավագ տեսուչ Ավագ Գասպարյանն է, որի դեպքը մեկ աբսուրդի թատրոնի է նման, մեկ այս պետությունում կատարվող ապօրինությունների, կամայականությունների դասական օրինակի։ Ամենադժվարը ոստիկանին անօգնականի, զրկվածի, անպաշտպանի կարգավիճակում եւ անփող, անելանելի վիճակում պատկերացնելն է, բայց երբ Ա. Գասպարյանը որոշ մանրամասներ է ներկայացնում, նրա վիճակին այլ գնահատական տալը դժվարանում է. «Էլեկտրաէներգիայի դիմաց մեծ պարտք է կուտակվել, պարտքը չվճարելու համար ինձ աշխատանքից ազատել են (տեղափոխել են այլ աշխատանքի), կինս մահացել է, երեխաներս որբ են մնացել, օրինակ, այսօր հարեւաններս են պահում երեխաներիս, Արցախի պատերազմի մասնակից եմ, 2 անգամ վիրավորված»։ Հիմա ամեն ինչ մանրամասնորեն։ Ավագ Գասպարյանի ներկայացմամբ, «լույսի պարտք էր կուտակվել։ Բայց հաշվիչս շատ արագ էր աշխատում։ Բազմիցս դիմել եմ, որպեսզի էլեկտրիկին՝ Կայծակ Կարողանլյանին ուղարկեն, որ հաշվիչս հանի, լաբորատորիա ստուգման տանեմ։ Երբ նրան մի օր պատահաբար տեսա, ասաց, որ իմ հաշվիչն անջատված է, եւ որ իմ բոլոր հարցերը կկարգավորի, բայց պնդեցի, որ հաշվիչը հանի, քանի որ մեծ էր պարտքը։ Կարողանլյանը 6-7 ամիս շարունակ չի ներկայացրել հաշվիչի ցուցմունքը, չի եկել, հաշվիչը չի հանել։ Անցած տարվանից 300 հազար դրամի պարտք է կուտակվել»։ Էլցանցում այդպես էլ ասել է միլիցիայի լեյտենանտը։ «Առավոտը» տեղյակ է, որ ընդհանրապես մի քանի հազար դրամ (անգամ 10 հազարի չհասնող) պարտքի դիմաց բնակչի էլեկտրական հոսանքն անջատվում է, իհարկե, եթե նա «անտեր-անտիրական» է։ Իր նկատմամբ այս վարչական միջոցի չկիրառումն է մատնացույց անում նաեւ միլիցիայի լեյտենանտ Ա. Գասպարյանը։ Իսկ գուցե էլեկտրիկը փորձել է, բայց Ա. Գասպարյանը նրան սպառնացե՞լ է։ Վերջինս ժխտեց դա։ Հետաքրքիր էլ չէ, թե տվյալ պարագայում ինչն է խանգարել Կայծակ Կարողանլյանին՝ նույն պրակտիկան կիրառել նաեւ ՆԳՎ աշխատակցի նկատմամբ։ Գուցե վերջինիս պաշտո՞նը կամ աշխատանքի բնո՞ւյթը։ Դժվար թե, հակառակ դեպքում Ա. Գասպարյանին հետեւյալ առաջարկը չէր անի. «Ձեր պարտքը 300 հազար դրամ է կազմում, դուք ինձ տվեք դրա կեսը եւ ես այդ ինֆորմացիան համակարգիչ չեմ մտցնի»։ Այսինքն, համաձայնելու դեպքում էլեկտրաէներգիա սպառողը եւ դրա դիմաց գումար գանձող պետության ներկայացուցիչն անձամբ 150 հազարական դրամ կշահեն՝ պետությանը երեք մատի կոմբինացիա ցույց տալով։ Սա պետությանը գռփելու դասական եւ համատարած ձեւ է, որի հետեւանքները էներգետիկները խիստ փաղաքշական անունով են կոչում՝ գերկորուստ։ Անմեղության կանխավարկածի մասին լսել ենք, բայց տվյալ դեպքում Ավագ Գասպարյանի ասածին խիստ դժվար է չհավատալը, քանզի պետությանը գռփելով փող աշխատելու այս մեթոդը շատ կիրառական է մեր հանրապետությունում։ Եվ խնդիրն էլ այն է, որ այն ստուգելու ձեւ չկա՝ հո հատուկ գրությա՞մբ չեն անում նման առաջարկները։ Եվ սա 1-2 էլեկտրիկի հարց էլ չի։ Դառնալով բողոքողին, ներկայացնենք դեպքերի հաջորդականությունը, ըստ նրա իսկ պատմածների։ Հետո մեկը մյուսին սպառնում է, թե կբողոքեմ, իսկ Կայծակ Կարողանլյանը, թե՝ «Ձեր շեֆը՝ հատուկ տեսչության պետի տեղակալ Արարատ Գրիգորյանը, իմ բարեկամն է, այնպես կանեմ, որ Ձեզ կազատեն աշխատանքից»։ «Այնպես» անում է, թե ոչ, հայտնի չէ, բայց Ավագ Գասպարյանին հաջորդ օրը հրավիրում են Ա. Գրիգորյանի մոտ եւ հարցնում՝ իմ բարեկամի վրա ինչ հիմքեր ունես բողոքելու, այնուհետեւ ազատում են աշխատանքից եւ իբր հայտնում, թե սպային ոչ վայել պահվածքի համար, այսինքն էլեկտրաէներգիայի վարձը չմուծելու համար։ Սակայն Երեւանի ՆԳՎ պետ Ա. Գիզիրյանի հրամանում նման բան չկա նշված, այլ, որ Ա. Գասպարյանն այլ աշխատանքի է նշանակվում՝ «Երեւանի Շահումյանի ՆԳ բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի միլիցիայի տեղամասային տեսուչի պաշտոնին, ազատելով նրան Երեւանի ՆԳՎ ՊԱՏ բաժնի հետախուզության բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնից»։ Հիմքը ՆԳ նախարարի թիվ 68 շրջաբերական հրամանն է։ Իր ենթականերին պաշտոնից ազատելու, նոր նշանակումներ անելու, պաշտոն իջեցնել-բարձրացնելու իրավունքը, իհարկե, ՆԳ նախարարինն է, բայց ազատվող-նշանակվողը պե՞տք է իմանա՝ ինչի համար։ Ավագ Գասպարյանը ստույգ չգիտի, իսկ բանավոր տեղեկատվության պատճառով՝ էլհոսանքի վարձը չմուծելու համար, համոզված է, որ իրավունք չունեին իրեն ազատել զբաղեցրած պաշտոնից։ Խնդրի վերաբերյալ «Առավոտն», իհարկե, փորձեց պաշտոնական պարզաբանումներ ստանալ նաեւ իրավասուներից. «Շահումյան» էլցանցի տնօրեն (2 ամիս է, ինչ նշանակվել է) Արտուշ Գեւորգյանը, ինչպես նաեւ ՆԳՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Վարդազարյանը հայտնեցին, որ խնդրի վերաբերյալ հանգամանորեն պատասխան կուղարկեն առաջիկա օրերին։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել