Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ

Մարտ 20,2002 00:00

ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ Հայ ուժի արթնության տո՞ն, թե՞ վերադարձ անցյալ Վերջին տարիներին կարծես հեթանոսական որոշ (հատկապես հեթանոս աստվածներին նվիրված) տոներ վերադառնում են մեր առօրյա։ Թողնենք մի կողմ այն տոները, որոնք ի սկզբանե հեթանոսական են եղել, ապա՝ քրիստոնեացվել, ինչպես, ասենք՝ Վարդավառը, Խաղողօրհնեքը, Տրնդեզը եւ այլն։ Բայց նաեւ զուտ հեթանոսական տոները (ինչպես, օրինակ՝ Վահագնի ծնունդը) տարեցտարի ավելի մեծաթիվ մարդիկ են նշում։ Մարտի 21-ին Գառնիի տաճարում տոնվելու է Վահագն աստծո ծնունդը։ Դա էլ առիթ հանդիսացավ հեթանոսության հետ կապված որոշ հարցերի շուրջ զրուցելու իրեն հայ ցեղակրոն իմաստասեր համարող Սերգեյ Մանուկյանի հետ։ – Ինչո՞վ եք բացատրում վերջին շրջանում հեթանոսական տոների եւ հայ հին աստվածների հետ կապված հետաքրքրության ուժեղացումը։ – Աստվածները միշտ հին ու միշտ նոր են լինում։ Նրանք մարմնավորում են բնական՝ երկրային թե երկնային ինչ-ինչ ուժեր ու դրանց դրոշմ-պատկերը ազգերի էության մեջ։ Պարզապես երկրային պայմաններում մերթ մի աստվածությունն է առաջին պլան մղվում, մերթ մյուս, ինչպես եղանակների փոփոխություններն են մեզ հուշում… Ձեր ասած «հին» աստվածների հետ կապված առասպելապատումներում ազգերն իրենց ծագումնաբանությունը, իրենց դեմքը, դիմագիծն են արտահայտել, իրենց հսկայական կենսափորձերն են խտացրել, այնպես որ, «հին» աստվածների վերհուշ-կանչն ապրել՝ փաստացի նշանակում է ծագումը վերհիշել, ինքն իրեն տեսնել, իր նախնիների կուտակած փորձը երեւան բերել ու օգտագործել… Ներկա դեպքում, Վահագնով մենք մեր հրածին տարերքը, մեր տան օջախի կրակն ենք բորբոքում։ – Ի՞նչ կարող է տալ մեզ Վահագն աստվածը։ – Ամեն մի մարդու կենսունակության առաջին պայմանը նրա բնատուր կենսուժը, զորությունը, էներգիան է։ Անշուշտ, հային բնատուր այդ շնորհը ի վերուստ տրված է։ Բայց դա ունենալը բավական չէ. անհրաժեշտ է նաեւ այն իր բնույթի հանգվույն հղկել, մշակել, բազմապատկել, նորոգել, անընդհատ այն սնել, ստեղծել ուժավորման այն ամբողջական համակարգությունը, որի քուրայով անցնելով հայը (սերնդային ու տարիքային իր բոլոր փուլերում) ավելի ու ավելի կդառնա ուժեղ, արի, փորձություններին դիմացող եւ, հետեւաբար, կենսահաստատ։ Եղել է ժամանակ, որ հայը ուշադրություն է դարձրել իր ուժավորման նաեւ այդ «լրացուցիչ» աղբյուր-լծակներին։ Ասել է թե՝ նա անտերության չի մատնել իր ուժը, եռանդը, այն տեղի-անտեղի չի մսխել, շաղ տվել, ծառայեցրել ուրիշներին, այլ ապրել է «հանուն ույժին», այն կենտրոնացնելուն, բազմապատկելուն եւ այն հայ կյանքի տարբեր ոլորտներ ուղղորդելուն։ Ընդ որում, հայի մեջ ուժականության որակի դաստիարակությունը իրականացվել է տարբեր մասշտաբներով՝ ոգեղենից սկսած կենցաղով վերջացրած։ Մի կարեւոր ճշգրտում։ Մեր նախնիները, ի տարբերություն մեզ, բնազգաց էին եւ զգում էին, որ բնության մեջ, տիեզերքում ու մարդու մեջ ուժ-զորությունները, էներգիաները տարբեր՝ դրական ու բացասական են լինում (թեեւ մեր նախնյաց իմաստնությունը չի բացառել նաեւ դրանց միջեւ անցումները). առաջինը արարող, ծնող, կենսանպաստ, տիեզերական Չարին հաղթող զորություն-էներգիան է, երկրորդը՝ կործանող, սպանող, ոչնչացնող։ Նրանք, իրենց բնույթի թելադրանքով հատկապես կարեւորել են արարող, ստեղծող ուժ-էներգիան (դա է ասում նաեւ հայի անունը՝ Ար-մեն, այսինքն արարչածին մարդ) եւ դա ինչպես իրենցում, այնպես էլ տիեզերքում։ Իսկ այդ ուժ-էներգիայի մեջ մեր նախնիք իրենց հոգեհարազատ են համարել հատկապես հուր-արեւը՝ կյանքի պարգեւատուն։ Այսպիսով, մեր նախնիք, ի տարբերություն մեզ, իրենց հրածին էին համարում, նրանք բացարձակ արեւից էին իրենց կենաց սնունդն առնում… Եվ այդ ուժը մարմնավորվել է Վահագնի կերպարում։ – Հայ վահագնապաշտության խորհուրդների համակարգում հատուկ տեղ է գրավում Վահագնի ծնունդի խորհուրդը։ Վահագնի ծնունդը արդյո՞ք առասպել չէ։ – Այո, առասպել է, բայց ո՞վ ասաց, որ առասպելը իրական ու հեռանկարային հիմք չունի։ Ավելին, կենաց ճշմարտությունները միշտ առասպելապատում ճշմարտություններ են լինում։ Ըստ վահագնապատում առասպելի, յուրաքանչյուր տիեզերական գարնան սկզբին, որը երկրային ժամանակագրությամբ մոտ 10-12 հազար տարին մեկ է լինում, որը զորություն Վահագն աստվածն է ծնվում, ծնվում է սպանելու տիեզերական ձմռանը հզորացած Վիշապին (մարմնավորում է տիեզերական բացասական ուժերը), որ դառնա Վիշապաքաղ։ Վահագնի ծնունդի այդ տիեզերական արարողության մեր նախնյաց նկարագրության մի փոքրիկ պատառիկ Խորենացու միջոցով եկել- հասել է մեզ, որն արդեն իսկ շատ բան է ասում։ Բայց դա Վահագնի ծնունդն է տիեզերական մասշտաբով, որն ունի նաեւ իր երկրային դրոշմ-արտահայտությունները։ Երկրային մեծ մասշտաբով Վահագնի ծնունդը արտահայտվում է բոցեղեն աստծո արարած Մեծ ջրհեղեղով, որով նա երկիրը մաքրում-լվանում է Վիշապի ու նրա հովանավորյալների աղտեղություններից ու պղծություններից։ Իսկ երկրային փոքր ժամանակային չափումներով Վահագնի ծնունդը արտահայտվում է գարնան գալուստով, երբ երկիրը կրկին արթնանում է ձմռան քնից ու բնությունը նախկին կանաչապատ ու ծաղկուն տեսքն է ստանում։ – Ե՞րբ է տոնվում Վահագնի ծնունդի տոնը։ – Բուն հայկական տոմարով՝ Արեգի 1-ին (համապատասխանում է մարտի 21-ին)։ – Ովքե՞ր են տոնել ու ովքե՞ր են տոնում տոնը։ – Հնում տոնել են բոլոր արիական ազգերը։ Այսօր տոնը բուն իմաստով տոնում են հայ արորդիները եւ պարսիկ զրադաշտականները (վերջիններս մի փոքր այլափոխված ձեւով), իսկ մասնավոր իմաստով՝ որպես երկրային գարնան տոն, նաեւ մյուս արիական ազգերը։ Տարօրինակ է, բայց փաստ, որ տոնը որպես արիացիների մշակութային ազդեցության հետեւանք, տոնում են նաեւ թուրքերը, պարզ է՝ նշված վերջին իմաստով միայն… Ժամանակն է այս առումով տեր կանգնել հնուց եկող հայ ազգային տոներին եւ դրանք հռչակել համազգային տոներ։ Զրուցեց ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031