Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը հավատում է միայն պաշտոնյային

Ապրիլ 04,2002 00:00

Դատարանը հավատում է միայն պաշտոնյային Անահիտ Մանանդյանը եւ Լեւոն Մելիքյանը աշխատել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունում՝ հիմնադրման օրվանից: 2001 թվականի հուլիսին գործակալության պետ Զարեհ Սարգսյանին փոխարինեց ԱԺ պատգամավոր, «Հանրապետական» կուսակցության անդամ Գագիկ Խաչատրյանը: Մի քանի օր անց նոր պետը ծառայությունների ձեռքբերման բաժնի վարիչ Լ. Մելիքյանին եւ մի քանի այլ աշխատողների առաջարկեց ազատման դիմում գրել: «Նա աշխատանքի գալու հենց երկրորդ օրը կանչեց ինձ ու ասաց` դիմում գրիր, ազատվիր, որովհետեւ դու Զարեհ Սարգսյանի ընկերն ես: Ես չեմ ուզում, որ նրա մարդկանցից այստեղ մնան»,- պատմում է ծառայությունների ձեռքբերման բաժնի վարիչ Լ.Մելիքյանը: Վերջինս հրաժարվեց դիմում գրել: «Գ.Խաչատրյանն ասաց` չեմ ուզում, որ դու բաժնի պետ աշխատես: Ես էլ պատասխանեցի` ինչ է, վա՞տ եմ աշխատում, թերանո՞ւմ եմ, եթե այո, ապա ես կգնամ: Ասաց, չէ, ոչ մեկը չի կարող ասել, որ դու վատ աշխատող ես, ուղղակի չեմ ուզում, որ աշխատես: Ես էլ ասացի, իսկ ի՞նչ է նշանակում՝ չեմ ուզում: Սա պետական հիմնարկ է, ես էլ` պետական ծառայող, մրցույթով եմ անցել, կառավարությունից հրավերով եմ եկել: Ասաց` ի՞նչ ես ասում, ի՞նչ պետական հիմնարկ, ի՞նչ պետական ծառայություն, որոշում կայացնողը ես եմ այստեղ: Լավ, դու քո ասածն ասա, ես էլ իմը կանեմ, տեսնենք՝ ով կշահի: Ու չորս ամիս հետո այդ կրճատումը արհեստականորեն ստեղծեց»,- պատմում է ապրանքների ձեռքբերման բաժնի վարիչ Անահիտ Մանանդյանը: Հայաստանում, որպես կանոն, պետական կառույցներում ղեկավարի փոփոխությունից ամբողջ համակարգը ցնցում է ապրում: Նոր ղեկավարը սկսում է տեղավորել իր մարդկանց: Աշխատողներից ով միջնորդ չի բերում, ով թիկունք չունի՝ դառնում է գործազուրկ: Oրենքների բազմաթիվ խախտումներով աշխատանքից ազատվել են պետական ծառայողներ: Նշենք, որ դեռեւս պատգամավոր Գ. Խաչատրյանը կողմ էր քվեարկել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Բայց այն ժամանակ պետք էր քվեարկել, հրահանգն այդպիսին էր, նա էլ քվեարկել է: Գ. Խաչատրյանը որոշումն արդեն կայացրել էր. պետք է ազատվել իրեն ոչ հարմար աշխատողներից: Իսկ քանի որ դիմադրություն կար, որոշեց դա անել կառուցվածքային փոփոխությունների անվան տակ: Նրա հրամանով հաստատվեց գործակալության նոր կառուցվածքը: Թեեւ գործակալության պետը կառուցվածք հաստատելու իրավասություն չունի: Ըստ նոր կառուցվածքի, գնումների կազմակերպման վարչությունում մնաց երկու բաժին: Միավորված բաժնի վարիչ նշանակվեց գործակալության պետի խորհրդականը, իսկ Լ. Մելիքյանին ազատեցին աշխատանքից «հաստիքի կրճատում» պատճառաբանությամբ: Լ.Մելիքյանը գրավոր դիմել է գործակալության պետին` խնդրելով իրեն տրամադրել կառուցվածքային փոփոխության մասին հրամանի պատճենը, որպեսզի համոզվի՝ իրո՞ք կրճատվել է իր հաստիքը: Գործակալության պետի տեղակալը գրավոր պատասխանել է, որ հաստիքը կրճատվել է: Լ. Մելիքյանն ու Ա. Մանանդյանը օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքները վերականգնելու ակնկալիքով դիմել են Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան: Ներկայացված գործերը քննել է դատավոր Սիմագյուլ Հովսեփյանը: Դատաքննությունից հետո նա վճռել է մերժել հայցերը՝ ուշադրություն չդարձնելով գործակալության կողմից ՀՀ օրենսդրության խախտումներին: Անահիտ Մանանդյանի լիազոր172ներկայացուցիչ Կորյուն Սարգսյանը դժգոհեց դատավորից. «Դատավոր Ս.Հովսեփյանը չգիտի, որ ՀՀ աշխատանքային օրենսդրության բաց տեղերը լրացվում են ՀՀ քաղաքացիական օրենսդրության դրույթներով: Աշխատանքային օրենսգրքում սահմանված չէ, թե աշխատանքից ազատման մասին նախազգուշացման հետ միաժամանակ այլ աշխատանքի առաջարկությունը պետք է արվի գրավո՞ր, թե՞ բանավոր: Սակայն ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ հստակ նշված է, որ ազատման մասին նախազգուշացումը գրավոր պետք է լինի»: «Գործակալությունում ինձ ոչ ոք աշխատանքի առաջարկություն չի արել»,- ասում է Անահիտ Մանանդյանը: Դատարանում նույնը պնդեց նաեւ երկրորդ հայցվորը` Լ. Մելիքյանը: Գործակալության ներկայացուցիչ Հ. Բեգլարյանը փորձում էր դա ժխտել, սակայն ոչ մի գրավոր ապացույց չներկայացրեց: Դատավոր Ս. Հովսեփյանը հայտարարեց, որ ոչ մի իրավունք չունի չհավատալու պետական պաշտոնյայի վկայությանը: Իսկ քաղաքացուն ո՞վ պետք է հավատա: Այս դեպքում դատարանը փաստեց, որ կոչված է պաշտպանելու եւ հավատալու միայն պետական պաշտոնյային: Այնուհանդերձ, դատավոր Հովսեփյանի համար ակնհայտ էր, որ հայցվորների նկատմամբ օրենքի խախտումներ են տեղի ունեցել: Նա պատասխանողին նույնիսկ մի քանի անգամ հորդորել է հայցվորներին այլ աշխատանք առաջարկել եւ նիստը հետաձգել՝ հարցը գործակալության պետի հետ քննարկելու համար: Սակայն հաջորդ նիստի ժամանակ պատասխանողը փոխանցել է գործակալության պետի պնդումը, թե ոչինչ չունի հայցվորներին առաջարկելու: Սրանով ակնհայտ դարձավ, որ հայցվորներին, իրոք, ոչինչ չի էլ առաջարկվել: Դատավոր Ս. Հովսեփյանն անտեսեց այս հանգամանքն էլ, նաեւ այն, որ Լ. Մելիքյանն ունի երկու անչափահաս երեխա: Իսկ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ այս վերջին պարագան նրան տալիս է աշխատանքում թողնելու նախապատվության իրավունք: Առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռները բողոքարկվել են Վերաքննիչ դատարանում, որտեղ 2002 թ. մարտի 11-ին դատավորներ Գ. Մատինյանի, Ն. Հովսեփյանի մասնակցությամբ, եւ դատավորներ Վ. Ավանեսյանի եւ Մ.Դրմեյանի նախագահությամբ անցկացվեցին դատական նիստերը: Նրանք նույնպես չհամարձակվեցին չհավատալ պետական մարմնի ներկայացուցիչներին: Երկու հայցերն էլ մերժվեցին: Գործակալությունում իրականում տեղի է ունեցել ոչ թե հաստիքների կրճատում, այլ հաստիքացուցակի եւ հաստիքների վերանվանում: Գործակալության նախորդ կառուցվածքում կար 41 աշխատատեղ, նույնքան աշխատատեղ պահպանվել է: Նշենք, որ այն պաշտոնները, որոնք ըստ դատարանում գործակալության ներկայացուցչի ցուցմունքի՝ առաջարկվել են Անահիտին, մինչ օրս թափուր են: Վերաքննիչում դատավորները պատասխանող կողմին նորից են առաջարկել գտնել հաշտեցման ճանապարհ` մատնանշելով այդ գործակալությունում առկա թափուր պաշտոնները: Գործակալության ներկայացուցիչը նշեց, որ չի կարող ոչ մի աշխատանք առաջարկել: Ուշագրավն այն է, որ դատավարության ընթացքի այս հատվածը արձանագրության մեջ տեղ չի գտել: Պաշտոնյայի քմահաճույքով գործազուրկի կարգավիճակում հայտնված Անահիտ Մանանդյանը եւ Լեւոն Մելիքյանն իրենց իրավունքները կփորձեն պաշտպանել Վճռաբեկ դատարանում: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Հետաքննող լրագրողների ընկերակցությունwww.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել