Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԱՄՅԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 04,2002 00:00

ԵՐԿԱՄՅԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Զորամասը՝ ներսից Վերջերս առիթ ունեցանք տեղում ծանոթանալ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տեղակայված հայկական բանակի զորամասերի զինվորական կյանքին։ Առաջին հայացքից ամեն բան կարգին էր՝ խնամված բակ, մաքուր սենյակներ՝ փայլող ապակիներով, աշխուժություն։ Այն զորամասերը, որոնց հրամանատարները խստապահանջ էին, այնտեղ բավականին լավ էր նաեւ սննդի վիճակը՝ հատկապես Ղարաբաղում։ Բայց, ինչպես ասաց զորամասերից մեկի հրամանատարը, «տուն կա՞, որ պրոբլեմ չունենա»։ Այո, սակայն շատ տներում է ընդունված, որ պրոբլեմը չի կարելի դուրս բերել, անկախ այն բանից՝ ցանկանո՞ւմ են իրենք լուծել այն եւ ի վիճակի՞ են, արդյոք։ Ու այսպես կուտակվում-կուտակվում են հարցերը, սպասելով լուծման։ Համարյա բոլոր զորամասերում կան նույնանման խնդիրներ, օրինակ, Եհովայի վկաներ, որոնցից մի քանիսը այժմ պատժվել են օրենքով։ «Ամբողջ կյանքում զինվորական կանոններով ապրած մարդը (պատմում է հրամանատարը) չի կարող հասկանալ այն տղային, որին, երբ հարցնում ես, թե պատկերացրու թշնամին մտնում է տունդ ու փորձում է սպանել քո հարազատներին՝ մորդ, քրոջդ, ի՞նչ կանես, ու լսում ես անտարբեր պատասխանը, թե, եթե Աստված թույլ է տալիս, թող սպանի»։ Զորամասերում կան նաեւ արվամոլներ, որոնց պահում են հատուկ հսկողությամբ, առանձին սենյակում, առանձնացված սպիտակեղենով ու ամենօրյա օգտագործման պարագաներով։ Ընդհանուր վերաբերմունքը նրանց հանդեպ հանդուրժողական չէ եւ, հետեւաբար, վտանգը միշտ առկա է։ Սրանք հիմնական պրոբլեմներն են։ Սակայն իրականում դրանք շատ ավելին են։ Տղաներն իրենց մեջ լուծելիք հարցեր ունեն եւ համարյա բոլոր տեղերում իշխում է «ջունգլիի օրենքը»։ Այդ տեսնելու համար անհրաժեշտ չէ ճիգ գործադրել։ Երբ նայում էիր զինվորների դեմքին, առաջինը, որ բնորոշ էր բոլորին, անտարբերությունն էր, անգամ, երբ քայլում էին ու երգում, ասես բացակա էին՝ ոգեւորություն չկար։ Դժգոհությունները փոխադարձ էին։ Հրամանատարները հիմնականում դժգոհում էին, որ զինվորների ինտելեկտուալ մակարդակը համարյա հավասար է զրոյի։ Որ պարզ նախադասություն անգամ չեն կարողանում կազմել։ Դժգոհում էին նաեւ զինկոմների աշխատանքից. «Թե ինչպես է ընտրություն կատարվում՝ բոլորս գիտենք, սակայն այդչափ անպատասխանատու լինելը ոչ միայն խղճի դեմ է, այլեւ հանցավոր երեւույթ է։ Բերվում են տղաներ, որոնց քաշի դիմաց գրված է 50 կգ, կշռում ես՝ 46 էլ չկա: Կամ տեսողության եւ մտավոր ակնհայտ տկարություն ունեցող նորակոչիկներ ունենք, նաեւ նյարդային հիվանդներ կան»։ Ո՞ր լավ պապայի տղայի փոխարեն են նրանք հայտնվել այնտեղ եւ ինչ տառապանք է սպասվում նրանցից յուրաքանչյուրին այդ երկու տարվա ընթացքում՝ դժվար չէ ենթադրել։ Ես այնտեղ ականատես եղա մի դեպքի. երկու զինվոր խոսում էին (հավանաբար ուշադրություն չէի դարձնի, եթե չանդրադառնայի) եւ նրանցից մեկը ակնհայտորեն ճիգ էր գործադրում ինչ-որ բան բացատրել, մյուսն էլ, քանի որ չէր կարողանում հասկանալ, նյարդայնանում էր։ Պարզ էր, պիտանիության հրաման ստորագրող բժիշկը չէր տեսել ո՛չ տղայի անառողջ հայացքը, ո՛չ դժվարությամբ արտաբերվող խոսելակերպը, ո՛չ էլ մտավոր անկարողությունը։ Սեւակը լիներ, ասեր. «Ի՞նչ է, աչքի արձակո՞ւրդ է, թե՞ ուղեղի հանգստյան օր». հավանաբար՝ խղճի։ Հրամանատարները նաեւ դժգոհում էին «փողոցի տղաների» վարքից, առանձնապես դժվար է «չհաջողված» ընտանիքի երեխաների հետ։ Նախկինում դատված տղաները նույնպես դժվարությամբ են ենթարկվում ու առաջացած կոնֆլիկտները հաճախ ձգվում են ամբողջ երկու տարի։ Ինքնահաստատման, իշխելու, ինչու չէ՝ նաեւ ստորացնելու բնազդը դառնում է ապրելակերպ։ Եվ հարց է ծագում՝ հրամանատարությունը չի՞ կարող, թե՞ չի ուզում տեսնել իրականությունը։ Մի զորամասից զինվոր էր փախել։ Պատմեցին, որ հայր չունի, լուր էր ստացել, որ մորը հիվանդանոց են տարել։ Ճշտել էին, այո, տղան գնացել էր մորը տեսնելու։ Կթողնեի՞ն, եթե թույլտվություն խնդրեր։ Կարծում եմ, չէր փախչի, եթե վստահ լիներ, որ չէր մերժվի։ Այժմ երկակի ծանրացել է վիճակը՝ եւ փախած կարգազանց, եւ հիվանդ մայր։ Հրամանատարը երկմտեց, եթե ճշտեինք, որ մայրը ծանր է՝ միգուցե թույլատրեինք։ Հարցրի տղաներին, ժխտեցին թույլտվության հնարավորությունը՝ «Չէին թողնի հաստատ։ Ավելի բարդ դեպքեր էլ են եղել, չեն թողնում, մեզ հետ ոչխարների պես են վարվում»։ Վիրավորած արժանապատվությունը, ծեծը, ծաղրանքը, «լավ» տղաների արտոնյալ վիճակը կարծես դարձել են սովորական եւ համարյա բոլորը թոթվում էին ուսերը՝ դե բանակ է, էլի։ Ու շարունակվելու է, այսպես է լինելու, քանի դեռ ինքն իրեն, իր իրավունքներն ու պարտականությունները հարգող զինվոր ու նրան այդպիսին ընդունող ու դարձնող ղեկավարություն ունենալը մեզ համար անհրաժեշտություն չի դիտվելու։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել