Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԿ ԳՐՊԱՆՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ՉԵՍ ՊԱՀՊԱՆԻ

Ապրիլ 04,2002 00:00

ԴԱՏԱՐԿ ԳՐՊԱՆՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ՉԵՍ ՊԱՀՊԱՆԻ Երեւանը Հայաստանի սիրտն է։ Հանրապետության ազգաբնակչության զգալի մասն ապրում է մայրաքաղաքում։ Ու այս հանգամանքը հուշում է, որ մարդկանց առողջության պահպանման ու ամրապնդման հիմնախնդիրները չպետք է դադարեն քաղաքային իշխանությունների ամենօրյա առաջնային հոգածության առարկան լինելուց։ Այս թեմայի շուրջ է մեր մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանի զրույցը Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի հետ։ – Պարոն Նազարյան, Ձեր գնահատմամբ երեւանցիներն առողջությունը կոփելու ինչպիսի՞ պայմաններ ունեն։ – Խորհրդային Հայաստանից մեր ժառանգած մարզաբազաներին շատ քիչ բան է ավելացել։ Դրանք հիմնականում վճարովի առողջարարական կենտրոններն են։ Սակայն դրանք չնայած կահավորված են ժամանակակից պահանջները բավարարող սարքավորումներով, երեւանցիների ճնշող մեծամասնության համար հասկանալի պատճառներով անմատչելի են։ Իսկ մնացած մարզաբազաները, սկսած բակային խաղահրապարակներից մինչեւ մեծ կառույցները, որտեղ ազատ ժամերին ֆիզկուլտուրայով զբաղվելու (անվճար) հնարավորություն կար, տարիներ շարունակ պատշաճ ուշադրության չարժանանալու պատճառով կամ շատ վատ են գործում, կամ ընդհանրապես դադարել են գոյություն ունենալուց։ Բարձիթողի վիճակում է նաեւ կազմակերպական աշխատանքը։ Կար ժամանակ, երբ կազմակերպվում եւ անցկացվում էին տարբեր բնույթի մասսայական մրցություններ, որոնք մարդկանց կապում էին ֆիզիկական կուլտուրայի հետ։ Ցավոք, դա էլ հիմնականում մոռացվել է եւ ինչ էլ որ արվում է՝ գերազանցապես որեւէ առիթ լինելու դեպքում։ Այս բացը լրացնելու նպատակով թաղապետարանների եւ քաղաքապետարանի այս տարվա ծրագրերում մեծ տեղ են տրված նմանատիպ միջոցառումներին, ասենք, «Կաշվե գնդակի», սեղանի թենիսի, այլ մարզաձեւերի մրցումներ։ Ուզում ենք ֆիզիկական կուլտուրան յուրաքանչյուր երեւանցու օրվա ռեժիմի պարտադիր մասը դարձնել։ – Ցանկացած նախաձեռնություն կարող է իրականանալ միայն համապատասխան նյութական պայմանների առկայության դեպքում։ Խոսենք կանաչ գոտիների մասին։ Ավանդույթ կա, որ երեւանցիները վաղ առավոտյան եւ երեկոյան զբոսայգիներում նախավարժանքներ են անում, վազում են կամ պարզապես զբոսնում մաքուր օդում։ Բայց հիմա զբոսայգիներում սնկի պես աճում են սրճարանները՝ մարդկանց դուրս մղելով այդ գոտիներից։ – Հարցը եկեք բաժանենք երկու մասի. ճի՞շտ է, արդյոք, զբոսայգիները զանգվածաբար սրճարաններին տրամադրելը եւ երկրորդ՝ արդյո՞ք դրանք խանգարում են առողջությունը կոփել ցանկացողներին։ Երկրորդի մասին ասեմ, որ դրանք հիմնականում բացօթյա սրճարաններ են եւ որեւէ վազորդի արգելք չեն կարող հանդիսանալ։ Եթե այդպիսի մի դեպք լինի, խոստանում եմ տվյալ սրճարանի սեփականատիրոջն իմ լիազորությունների շրջանակներում զրկել գործունեությունից։ – Նկատի ունեի ոչ թե սրճարանատիրոջ կողմից մարդուն վազել արգելելը, այլ այն, որ այլեւս հարմար չէ սրճարանների խիտ ցանցում առողջությամբ զբաղվելը։ – Նախ, առավոտյան վաղ սրճարանները դատարկ են։ Ճեմուղիներն էլ զբաղված չեն։ Եթե կա այդպիսի խնդիր, կարող ենք տեղում նայել, քննարկել, փորձել խանգարող հանգամանքները վերացնել։ – Ինչո՞ւ կանաչ գոտիները համատարած տրամադրվում են սրճարանների կառուցմանը, իսկ խաղահրապարակների մասին, ասես, իսպառ մոռացվել է։ – Եթե ծանոթանաք սրճարանների հատկացման իմ վերջին որոշումներին, կտեսնեք՝ դրանց տրամադրվող տարածքը ընդհանուր գոտու 10 տոկոսից չի անցնում։ Մնացածը տրված է կանաչապատմանը, բարեկարգմանը։ Պայմանագրերն էլ այդպես են կնքված եւ եթե պայմանագրի որեւէ կետ խախտվի, չկատարվի՝ այն ենթակա է միակողմանի լուծարման։ – Հիմա անդրադառնանք բակերին, որոնց վիճակն անհամեմատ ավելի վատ է։ Փաստորեն, երեխաները չունեն խաղալու տարրական պայմաններ։ – Հասկանում եմ խաչի ծանրությունը, որ ես կրում եմ ու պարտավոր եմ պատասխանել թե՛ իմ նախորդների, թե՛ իմ արածների համար։ Բակային խաղահրապարակների վերացումը համարում եմ վերջին տարիներին գործած ամենամեծ չարիքը։ Դրանք զավթեցին ավտոտնակները, այլ կառույցները։ Բայց եկեք ճիշտ խոսենք։ Չէ՞ որ այդ ավտոտնակները հենց այդ շենքերի բնակիչներն են կառուցել (դրանց 90%-ը ապօրինի է)՝ իրենց իսկ երեխաներից խլելով խաղալու իրավունքը։ Եվ պետք չէ մեղավորությունը բարդել միայն քաղաքի իշխանությունների վրա։ Այն էլ ասեմ, որ այդ ավերիչ գործը կատարվել է ինձնից առաջ։ 2001թ. հիմք դրեցինք բակային տարածքների հիմնանորոգմանը ու արդեն իսկ մի քանի բարեկարգ բակ ենք շահագործել Արաբկիրի, Մալաթիա-Սեբաստիայի համայնքներում։ Այս տարին էլ հայտարարել ենք բակային տարի եւ թաղային համայնքներն այդ նպատակով բավականին գումարներ են առանձնացրել։ Այսօր ԱԺ-ում շրջանառության մեջ է դրված բազմաբնակարանանոց շենքերի համակեցության նորմերի մասին օրենքի նախագիծը, որում հստակ նշվելու են բնակիչների իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվության աստիճանը։ Դրա ընդունմանը կհաջորդեն հարաբերությունները կարգավորող օրենսդրական այլ ակտեր։ – Ասացիք, որ ավտոտնակների մեծ մասը կառուցվել է ապօրինի։ Դրանց քանդումը նպատակահարմար չէ՞։ – Գալու է ժամանակը եւ մարդիկ իրենք էլ են հրաժարվելու ավտոտնակներից, հասկանալու են, որ վայրենություն է կատարվել ու դա եղել է վերջին տասներկու տարում, ամենաթողության պատճառով։ – Ի՞նչ կասեք հանրակրթական դպրոցների խաղահրապարակների մասին, որոնք Երեւանի տարածք են։ – Մենք արդեն պայմանավորվել ենք «Սոցիալական ներդրումների հիմնադրամի» հետ՝ կապված դպրոցական հիմնանորոգման աշխատանքների հետ։ Այստեղ գումարի 10-15 տոկոսը հատկացնում են համայնքները, մնացածը՝ հիմնադրամը։ Ծրագիրը հետեւյալն է. դպրոցական շենքերի վերանորոգման աշխատանքներում ընդգրկվում են նաեւ մարզադահլիճները, դպրոցամերձ մարզահրապարակները։ Ուզում ենք դրանք բերել նորմալ վիճակի։ Իսկ եթե քաղաքը երբեւէ ունենա իր բյուջեն, ինքս լուրջ գումարներ կնպատակաուղղեմ այդ խնդրին, որովհետեւ հատկապես այդ խաղահրապարակներում պետք է փորձենք զարգացնել մասսայական ֆիզկուլտուրան եւ սպորտը։ – Ի դեպ, այդպիսի քաղաքականություն որդեգրել եւ արդեն իսկ իրականացնում է Սանկտ Պետերբուրգի գուբերնատորը։ – Մենք ունենք մեր ծրագրերը։ Որոշ բաներ արել ենք, մնացածն անելու ենք։ Բայց համեմատվել Սանկտ Պետերբուրգի հետ՝ չենք կարող ու ճիշտ էլ չէ։ Այնտեղ գուբերնատորն ունի իր սեփական բյուջեն, որի մեծ մասը նաեւ ֆեդերալ բյուջեին է մասհանում կատարում։ Նրա հնարավորությունները շատ մեծ են ու նա կարող է շատ բաներ անել։ Իսկ ես արդեն հոգնել եմ ասել ու հիշեցնել, որ Երեւան քաղաքը պետք է ունենա իր բյուջեն։ Քաղաքապետարանը այդ դեպքում կարող է պլանավորել իր մուտքերը, ծախսերը, կազմել իրագործելի ծրագրեր։ Իսկ այսօր ի՞նչ վիճակ է։ Եթե տարեվերջին քաղաքապետը կառավարությունում ձեռքը պարզում է գումար խնդրում եւ չեն տալիս, ինչ ծրագրեր էլ կազմած կամ կազմելու լինի, դրանք ընդամենը կդառնան բարի ցանկությունների ծրագրեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել