Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ»

Ապրիլ 05,2002 00:00

«ՍԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ» «Ա1+»-ի փակումն այսպես է գնահատում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը -Համաձայն չե՞ք, որ եթե նախկինում մամուլը լռեցնելու համար բիրտ մեթոդներ էին կիրառվում (բռնություններ լրագրողների նկատմամբ, թերթերի տպագրության դադարեցում), այժմ գործի են դրվում ավելի «նուրբ» մեխանիզմներ (դատական հետապնդումներ, օրինականության շղարշով պարուրված մրցույթներ, ֆինանսական ճնշումներ), բայց նպատակը նույնն է։ – Ես դրանք չէի ներկայացնի որպես ավելի նուրբ ձեւեր։ Դրանք, իմ կարծիքով, ավելի վտանգավոր են, քան, պայմանականորեն ասած, ավելի բռնի մեթոդները։ Քանի որ այս դեպքում բոլորն էլ հասկանում են՝ ինչ է կատարվում, բայց եթե ուժի բացահայտ կիրառումը մարդկանց մեջ միշտ վրդովմունք է առաջացնում հետագա պայքարի համար, այս «նուրբ ձեւերի» կիրառման դեպքում հասարակությունը փչանում է։ Տիրում է անհուսություն, երբ ժողովրդավարության շղարշի տակ ընթանում են առքուվաճառքի, գավառական մանր ու խարդավալից խաղեր։ Ես չեմ ուզում արդարացնել նախկին ձեւերը, բայց այն, ինչ կատարվում է այժմ, շատ ավելի վտանգավոր է։ Եթե Հայաստանում ունեցել ենք որեւէ նվաճում, ապա դա միայն խոսքի ազատությունն է։ Հիմա մեծ քայլերով ետ ենք գնում, եւ այդ միակ ազատությունից էլ են մեզ զրկում։ Այն, ինչ կատարվեց «Ա1+»-ի հետ, ապտակ է ողջ հասարակությանը։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «Ա1+»-ին եթերից զրկելը հենց նախագահի հրահանգով է կատարվել։ Մնացած ամեն ինչը՝ օրենքը, հանձնաժողովի անկախությունը եւ անփոփոխելիությունը, դատարկ խոսակցություններ են։ -Ձեզ չե՞ն համոզում Ռոբերտ Քոչարյանի բազմակի հավաստիացումները, թե ինչ ջերմ զգացումներ է տածում նա «Ա1+»-ի եւ նրա լրատվական ծրագրի հանդեպ։ – Ո՛չ միայն ինձ։ Համոզված եմ, որ ՀՀ որեւէ քաղաքացու, այդ թվում եւ՝ Ռոբերտ Քոչարյանին, դրանք չեն համոզում։ Ես համարում եմ, որ այժմ վիրավորված է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պատիվը եւ արժանապատվությունը։ Եվ եթե հասարակությունը «կուլ տվեց» այս ապտակը («եթե» եմ ասում՝ հույս ունենալով, որ կուլ չի տա), դատապարտվածի այս զգացողությունը, թե «ինչ ուզում՝ անում են», «միեւնույն է, որեւէ բան չի ստացվի», ավելի կխորանա։ Եթե կուլ տանք այս ապտակը, ուրեմն արժանի ենք եղել այն ամենին, ինչ մեր ողջ պատմության ընթացքում կատարվել է մեզ հետ։ Մի հարց է օրակարգում՝ մեր ազատության հարցը։ Եվ հասարակությունը, անկախ նրանից, թե քաղաքական ուժերն ինչ միջոցներ կձեռնարկեն, պետք է պայքարի, մինչեւ կբացվի «Ա1+»-ը։ – Հնչում են մեղադրանքներ, թե «Ա1+»-ի հարցը մղվել է երկրորդ պլան, եւ առաջնային են քաղաքական շահերը, որոնց համար «Ա1+»-ը դարձել է միայն պատրվակ։ – Քաղաքական շահարկումների առիթի մասին խոսողների նպատակը մեկն է՝ հասարակությանը հիասթափեցնելը։ Չի բացառվում, որ որոշ քաղաքական ուժեր իսկապես փորձեն շահարկել «Ա1+»-ի փակումը, բայց տվյալ դեպքում մեզ չպիտի հետաքրքրի՝ շահարկո՞ւմ են, թե չեն շահարկում. այսօր խնդիրը մեկն է՝ «Ա1+»-ը բացելը։ Մի ցանկություն ունեմ. այս հարցում քաղաքական ուժերը լինեն միասնական։ «Ա1+»-ը փակելը մարտահրավեր է կայունությանը, այսինքն՝ տեսնենք, արդյոք, կհամարձակվե՞ք, պարոնայք քաղաքացիներ եւ քաղաքական գործիչներ, խաթարել այս ճահճային կայունությունը։ Տեսնենք՝ հասարակությունը կընդունի՞ այս մարտահրավերը։ – Սակայն Քոչարյանը սպառնաց, թե «Ա1+»-ի առնչությամբ Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու փորձերին շատ կտրուկ է պատասխանելու։ – Միշտ հեշտ է, երբ շրջապատված ուժային կառույցներով՝ ՆԳՆ, ՊՆ, ԱԱՆ, օգտագործում ես Հարկային տեսչության լծակները, վայելում ամեհի թիկնապահների օժանդակությունը, եւ նրանց թիկունքում՝ սկսում ես խոսել, թե ո՜ւր է այն տղամարդը, տեսնենք ինչ են անելու՝ նրանց կպատժե՜մ։ Երբ որ հավասար հարթության վրա չես, եւ հարց է, թե այդ հարթությանն ինչպես ես հասել, այդտեղից այդպես խոսելը մեծ տղամարդկություն չի պահանջում։ – Բավական սուր արձագանքեցիք «Ա1+»-ի հետ կատարվածին։ Մինչդեռ Հենրիկ Հովհաննիսյանի կարծիքով, որի հետ ոչ շատ վաղուց նույն ճամբարում էիք, սա ոչ քաղաքական բռնություն է, ոչ էլ խոսքի ազատության ճնշում։ Ո՞րն է նման տարբերության պատճառը։ – Ինձ համար շատ ծանր կլիներ այս հարցին պատասխանելը։ Բայց պնդեմ. «Ա1+»-ը փակելը, որին նախորդել էր «Նոյյան Տապանին» եթերից զրկելը՝ հենց ամենաուղղակի՛ ձեւով խոսքի ազատության ճնշում է, հաջորդը կլինի ոչ իշխանահաճո՝ «Առավոտ», «Հակական ժամանակ» եւ այլ թերթերի փակումը։ – Գուցե 2-5 հազար տպաքանակի պայմաններում այլակարծությունը դեռ հանդուրժելի է։ Բայց այն անթույլատրելի է առավել զանգվածային լրատվամիջոցի պարագայում։ – Բնական է։ Բայց ախորժակը միշտ ուտելիս է բացվում։ Եթե այս մի բանը մարսեն՝ կգնան հաջորդ քայլերին։ Ես պնդում եմ, որ սա հենց բռնություն է խոսքի ազատության նկատմամբ, իսկ դրան, թերեւս, հաջորդի նաեւ սրճարաններում ազատ զրուցողներին մատնելը եւ այլն։ Սրանք առաջին մեծ քայլերն են դեպի բռնապետություն։ Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել