Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնկրետ առաջարկ

Ապրիլ 09,2002 00:00

Կոնկրետ առաջարկ Օրերս անդրադառնալով «Ա1+»-ի փակմանը՝ նախագահ Քոչարյանը հեռուստաընկերությանը գոյություն պահպանելու շատ ինքնատիպ եւ արդյունավետ դեղամիջոց առաջարկեց՝ «Թող նախկին իշխանությունները հավաքվեին եւ միջոցներ տրամադրեին «Ա1+»-ին՝ օգնելով նրան հաղթել մրցույթում»: Թողնենք մի կողմ այն հարցը, թե դրանով նախագահը, չգիտես՝ «նախկինների՞ն» է գովազդում, թե՞ հեռուստաընկերությանը, եւ նշենք միայն, որ եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ մեր երկրի նախագահը տեղեկատվական, ինչպես նաեւ՝ քաղաքական դաշտը, ըստ էության, միայն սեւ ու սպիտակի է բաժանում. կամ՝ նախկին պետք է լինես, կամ՝ ներկա: Անկախ կամ ազատ, առանց «նախկին» կամ «ներկա» իշխանությունների հովանավորության, ընդհանրապես՝ առանց հովանավորչության՝ այս երկրում ոչինչ լինել չի կարող ու վերջ: Այդուհանդերձ, եթե նախագահի խաղի կանոնը այդ է, միգուցե, իրո՞ք, արժե ընդառաջ գնալ ու որոշակիացնել սույն փառահեղ առաջարկը. դիմել «նախկիններին»՝ նույն շարժման տղաներին՝ ՀՀՇ վարչության անդամ, Լ.Տեր-Պետրոսյանի վարչապետ Ռոբերտ Քոչարյանին, Լ.Տեր-Պետրոսյանի օրոք դեռեւս ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ Աղվան Հովսեփյանին, նախարարներ Գագիկ Մարտիրոսյանին, Դավիթ Զադոյանին ու շատ այլոց՝ թող հավաքվեն ու միջոցներ տրամադրեն «Ա1+»-ին՝ օգնելով նրան հաղթահարել մրցույթում: Կարծում ենք, դա ավելի օպտիմալ տարբերակ է, առավել եւս՝ երբ հատկապես հիշատակված «նախկիններն» այսօր դեռեւս իշխանության ղեկին են ու ոչ միայն հրահանգներ իջեցնելու բավարար լծակներ, այլեւ դղյակաշինության համար բարձի տակ դրած փողեր էլ, թերեւս, անհամեմատ շատ ունեն: Հակառակ դեպքում գործազուրկ ու պետբյուջեից չսնվող «նախկինի» հովանավորությունը ո՞րն է: Առավել եւս, որ այդ «Ա1+»-ի ղեկավարները խոստովանել են, թե վերջին տարիներին հեռուստաընկերությունը ֆինանսական դժվարություններ է ունեցել ու, ի տարբերություն Ռ.Քոչարյանին ծառայող լրատվամիջոցների մի մասի՝ «Այբ-Ֆե»-ի աշխատակիցները երբեք ծրարով փող, այսպես ասած՝ «չոռնի նալ», չեն ստացել: Իսկ եթե ավելի լուրջ մոտենանք խնդրին, ապա ստիպված կլինենք երկրի նախագահին հիշեցնել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 19-րդ հոդվածը, որը սահմանում է կայանների ինքնուրույնության երաշխիքները: Ըստ այդմ՝ արգելվում է պետական իշխանության մարմինների, պետական պաշտոնյաների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հեռուստաընկերությունների գործունեությանը միջամտելը: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել