Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՇԵՐ ԱՊԱԳԱՅԻՑ

Ապրիլ 20,2002 00:00

ՀՈՒՇԵՐ ԱՊԱԳԱՅԻՑ Իմ անձնական օրինակը՝ քեզ Ընթերցիր այս սիրտը եւ թախծիր լուսավոր թախծով, եւ մի՛ հուսահատվիր։ Ապագան հայելի է քո առջեւ, դու այնտեղ կտեսնես քեզ. երեկվանից առավել գեղեցիկ եւ զվարթ։ Հիշիր, որ իսկական ուրախությունը, երջանկությունը արտաքուստ ժպտացող-ծիծաղողի մեջ չէ, այլ իմաստալից տխրության։ Հրճվել-հիանալու եւ սիրելու տաղանդով օժտվածների պարգեւն է այն։ Երբեք մի կորցրու փայլդ, հիշիր, որ ոսկին քիչ է աշխարհում, իսկ քարը՝ շատ։ Բարձրացրու հայացքդ, նայիր աստղերին, տե՛ս, որ միշտ մթնում են ապրում լուսատուները, բայց դրանից չեն մռայլվում, չեն աղոտանում, այլ ավելի են փայլում։ Մինչդեռ ստվերները, որ լույսերի մեջ են գտնվում, է՛լ ավելի սեւ եւ գորշ են երեւում։ Իսկ Քաղաքը նույն-վաղնջական այն սարսափելի քարանձավն է, ուր վայրենիները հոշոտում են անզգուշորեն հայտնված հրեշտակին եւ թագը գլխի մեջ կրող ցնցոտիավոր թագավորին։ Իսկ բճի լակոտները, որոնց գլխարկը կոշիկն է վերոհիշյալի, զբոսնում են ու զվարճանում՝ Մերսեդես ու Լիմուզինով ուռճացած։ Սակայն ժամանակ-ավերիչը կգետնի առաստաղները նյութական ամրոցների։ Եվ այդ իմանալով, ես թղթե ամրոց եմ կերտում… փոթորիկների, ցնցումների դեմ անբեկանելի մի թղթե տապան։ Եվ հոգ չէ։ Միեւնույն է. լուցկու նման մի պահ բռնկվում-հանգչում ենք. ահա եւ ողջը, որ կոչում են ապրել… Միայն ձգտում եմ, որ իմ լուցկին օջախներ վառի եւ ոչ թե հրդեհ։ Ես խմում եմ զոհվածների կենացը, սակայն ասում եմ՝ հերոս է այս մահվան ճամբարում ապրողը։ Այս ամենի հետ, չմոռանաս, որ ամենակարեւորը հասարակ մարդկային ուրախություններն են. Սեր լինի, միայն Սեր. եւ ահա դու դրախտում ես։ Իսկ դրախտաբնակները, ինչպես հայտնի է, դրամապանակի կարիք չունեն։ Ուրեմն՝ սեր Քեզ… ԱՆՆԱ ԱՐԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել