Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԺԱՆԻ՞ ԳՈՐԾ Է ՍԱ

Մայիս 21,2002 00:00

ԱՐԺԱՆԻ՞ ԳՈՐԾ Է ՍԱ «Միջազգային իրավական խորհրդատվություն» (ILS) ընկերությունը եւ դրա տնօրեն Էդիթ Խաչատրյանը սեփական նախաձեռնությամբ են ստանձնել Ազգային հանձնաժողովի շահերի պաշտպանությունը։ – «Ազատություն» ռ/կ-ին ասել էիք, թե ելել եք ամերիկյան պրակտիկայում հայտնի «բարոյական գործ» սկզբունքից, երբ գործերի 1%-ը պաշտպանում են անվճար։ – Ես այդպիսի բան չէի ասել։ Մեր ծառայությունները ձրի ենք առաջարկել հանձնաժողովին, քանի որ հետեւում էի ընդհանուր գործընթացին, եւ այն ինձ համար ավելի հետաքրքիր դարձավ, երբ ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն արեց։ Սկսեցի ավելի խորանալ օրենքի եւ ընդհանուր գործընթացի մեջ ու համոզվեցի, որ հանձնաժողովն աշխատել է օրենքի սահմաններում։ Եվ որոշեցի, որ այս պահին կուզենայի ծառայություններս ներկայացնել հանձնաժողովին։ Եվ միայն հանձնաժողովին չէ, որ ձրի ծառայություններ ենք մատուցում։ Ամեն տարի 2-3 ընկերությունների կամ կազմակերպությունների ձրի ենք պաշտպանում։ Ամերիկյան սկզբունք է՝ «pro bono». այնտեղի իրավաբաններս պարտավորված ենք 1% անվճար պաշտպանել։ Բայց սա «բարոյական գործ» չի անվանվում՝ ինքդ կարող ես որոշել՝ ինչն ես համարում արժանի։ Չեմ կարծում, թե այստեղ բարոյականի կամ անբարոյականի հարց կա։ – Եվ ի՞նչն առիթ դարձավ, որ այս գործն արժանի համարեք անվճար պաշտպանության։ – ԱՄՆ դեսպանատան հիմնավորումը, այն բառերը, որ իրենք էին օգտագործել իրենց հայտարարության մեջ։ USID-ի, մի քանի այլ կազմակերպությունների հետ զրույցներից ես զգացի, որ հայտարարությունը նախապատրաստելիս դեսպանատանը օրենքի վրա չէին հենվել։ Երբ նրանց հետ զրուցեցի, ասացին, թե նպատակ չեն ունեցել ասելու, որ հանձնաժողովի աշխատանքն օրենքի սահմաններում չէր, եւ տեղյակ չեն՝ օրենքի սահմաններո՞ւմ է, թե՞ ոչ։ – ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյն «Ազատությանը» տված հարցազրույցում նշեց, թե չեն քննարկում օրենքի խախտված կամ չխախտված լինելը, միայն պնդում են, որ «Ա1+»-ն էր ընդդիմությանը հնարավորություն ընձեռում ներկայացնել տեսակետներ։ Եվ Դուք, որ ամերիկյան հաստատություններում աշխատելու փորձառություն ունեք, անգամ անվճար պաշտպանեցիք մի գործ, որն, ըստ էության, տեղեկություններ տարածելու իրավունքի ոտնահարում է։ – Դա Ձեր մեկնաբանությունն է։ Ես այստեղ միայն զբաղվում եմ օրենքի կարգով։ Իսկ «Ա1+»-ի աշխատանքի վերաբերյալ իմ անձնական կարծիքն իբր իրավաբան այս պահին ինձ չպիտի հետաքրքրի։ Իմ մտածելակերպը չի կարող ներառվել իմ աշխատանքում։ Իսկ Ջոն Օրդուեյն իր հարցազրույցում ասել էր, որ եթե «Ա1+»-ն ի վիճակի չէ ընդդիմության կարծիքները ներկայացնելու գործառույթը կատարել, կարեւոր է, որ մեկ ուրիշ նման ընկերություն կատարի դա։ – Ո՛չ, դեսպանը բառացի ասել էր. «Հարկավոր է գտնել մեկ այլ եղանակ, որը նման հնարավորություն կտա»՝ նկատի ունենալով «Ա1+»-ին։ – Նրա խոսքերը մեկնաբանել չարժե, երբ այս պահին չգիտենք, թե ինչ ի նկատի ուներ՝ հենց կոնկրետ «Ա1+»-ի բացակայությո՞ւնն է ժողովրդավարությանը հարված հասցնում, թե՞ որ լինի տարբեր կարծիքների շուկա։ Սակայն իմ փորձը եւ այն փորձը, որ ձեռք եմ բերել՝ ապրելով ԱՄՆ-ում, սովորեցրել է՝ ամենաբարձրն օրենքն է։ Եթե հանձնաժողովն օրենքի սահմաններում չաշխատեր՝ գուցե գայի, եւ նույն կերպ «Ա1+»-ի կողքին կանգնած լինեի։ Բայց իմ կարծիքն է, որ հանձնաժողովը հարգել է օրենքը։ – Ճիշտ նույն տեսակետը մինչեւ դատավարությունների այս շարքն արտահայտեց այն մարդը, որ նշանակում է դատավորներին եւ վերահսկում նրանց «վարքը»՝ իր ղեկավարած Արդարադատության խորհրդի միջոցով։ Եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանի այդ «դիրեկտիվը»՝ Ձեր կարծիքով, դատարաններն անտեսելո՞ւ էին 3 օրենքների 20 խախտումները, որ թույլ է տվել Ազգային հանձնաժողովը։ – Սա մեկնաբանություն է, որի հետ համաձայն չեմ։ Իսկ թե նախագահը կարո՞ղ է իր կարծիքը հայտնել եւ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ՝ ի վիճակի չեմ ասել։ Բայց որ մեր խոսքը եւ դիրքորոշումը դատարանում եղել է հիմնավորված՝ չեմ կասկածում։ Այն հարցերով, որ «Ա1+»-ը հիմա բողոքարկում է Հանձնաժողովի աշխատանքը, այն աշխատել է իր իրավասությունների շրջանակում։ – Այսինքն, Դուք կպնդեք, որ «Շարմը» ե՛ւ տեխնիկական հավաստագիր է ներկայացրել, ե՛ւ տեղեկություններ իր աշխատակազմի մասնագիտական պատրաստվածության ու կրթության վերաբերյա՞լ։ – Սա «հա»-ի կամ «չէ»-ի պատասխան չէ՝ օրենքի եւ պայմանների մասին կարող ենք խոսել առանձին։ – Եթե Ձեր ընկերությունը ներկայացներ «Ա1+»-ի շահերը դատարանում՝ այն կունենա՞ր հաղթելու ավելի մեծ հնարավորություն։ – Ես չգիտեմ, ես չգիտեմ… Եթե հանձնաժողովն օրենքի սահմաններում չաշխատեր՝ այո՛, «Ա1+»-ն ավելի լավ հնարավորություն կունենար, բայց քանի որ ապահովվել են օրենքի բոլոր պայմանները՝ համոզված եմ, որ կապ չունի՝ ե՞ս, թե՞ ուրիշ մեկը կներկայացներ։ Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել