Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՐՄՈՒՂԻՑ «ՆԵՂՎԱԾՆԵՐԸ»

Հունիս 05,2002 00:00

ՋՐՄՈՒՂԻՑ «ՆԵՂՎԱԾՆԵՐԸ» ՀՀ կառավարության՝ մայրաքաղաքը մինչեւ 2004 թվականը 24-ժամյա ջրամատակարարմամբ ապահովելու ծրագրի շրջանակներում, Նորքի 3-րդ զանգվածի բարձրահարկ շենքերի 7, 8, 9 եւ ավելի հարկերի բնակիչները արդեն 16-րդ օրն է զրկված են բնության այդ բարիքն օգտագործելու հնարավորությունից։ 34-րդ շենքի բնակչուհի Գայանե Աբաջյանը մի քանի օր ջրմուղ զանգահարելուց եւ տարբեր պատճառաբանություններին ի հավելումն հայհոյանքների «ծաղկեփունջ» ստանալուց հետո, զանգահարեց խմբագրություն եւ խնդրեց «հրապարակայնորեն պաշտպանել» ջրօգտագործողի՝ իր ոտնահարված իրավունքները։ Մեր ընթերցողի խնդրանքին հետամուտ՝ կուժն ու կուլան կոտրեցինք նշված համայնքը սպասարկող ջրմուղի ինժեներ Արմեն Խաչատրյանի գլխին, որովհետեւ, իր իսկ որակմամբ, «ոչ բարով ինժեներիս գլուխը պինդ է՝ կդիմանա»։ Հարգարժան Արմեն Խաչատրյանը (չշփոթել ԱԺ նախագահի հետ) տվեց մեր սպասած պատասխանը. «Ցանցը մաշված է, կորուստները շատ են, ջուրը պակաս է, պակա՜ս… Ճիշտ ա, մարդիկ քչացել են, բայց ջուր շատ են օգտագործում»։ Ապա խոստացավ, որ նշված հատվածի բնակիչներին «այսօր կփորձենք ջուր տալ»։ «Ինչպե՞ս» մեր հարցին անկեղծորեն պատասխանեց՝ «Մյուսներին նեղելով» ու զարմացավ. «Բա հո ջուրը երկնքից չի՞ իջնում»։ Ի պատասխան առաջիկա օրերին Նորքի 3-րդ զանգվածի ջրից «նեղված» բնակիչների բողոքի, միանգամից տեղեկացնենք. «Ջուրը քիչ է, կորուստները՝ շատ, համակարգը՝ մաշված… Մի քանի օրից մյուսներին ջրմուղը կնեղի ու ձեր պահանջը կբավարարի»։ Հետաքրքիր ժողովուրդ ենք հայերս, ա՛յ մարդ, մինչեւ 2004 թվականը համբերեք, էլի, 24 ժամ ջուր կունենաք՝ ինչքան ուզում եք կօգտագործեք։ Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել