«Ես ներկա եմ եղել, որ ձերբակալել են, մեր համապատասխան մարմինները շատ օպերատիվ աշխատել են, փառք ու պատիվ իրենց։ Ես էլ իրենց կողքին էի՝ ձերբակալեցին, վերցրեցին տարան, վերջ»,- «Առավոտ»-ին ասաց Շաքի գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը՝ անդրադառնալով այսօրվա միջադեպին։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ ադրբեջանցի զինծառայողը, ներթափանցելով Սյունիքի մարզի Շաքի գյուղ, կրակել է բնակչուհիներից մեկի ոտքին։ Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է։
Շաքիի վարչական ղեկավարն ասաց, որ ձերբակալության պահին իրենք հստակ չեն իմացել՝ հանցագործը ադրբեջանցի է, թե այլ ազգության ներկայացուցիչ։
Ռուբեն Մանուչարյանի խոսքով՝ ադրբեջանցու ձերբակալությանը ներկա են եղել նաեւ գյուղացիները։ «Ժողովուրդը հավաքվել էին, բայց իրավապահ մարմինները նրանց հետ էին պահում, այդ հարցով զբաղվում էին միայն զրահաբաճկոններով համապատասխան մարդիկ, ես էլ իրենց հետ կանգնած էի»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանուչարյանն ասաց, որ գյուղում խուճապ չկա․ «Մեր գյուղն ամենաուժեղ գյուղերից մեկն է, ամենամարտական տրամադրվածն է։ Ի՞նչ է եղել, որ մարդիկ խուճապի մատնվեն։ Մենք նախապես իրազեկել ենք բոլորին, որ կա փոքրիկ իրավիճակ, շատ հնարավոր է՝ տեսնեք ինչ-որ մեկին, խուճապի չմատնվեք, իսկույն տեղեկացրեք վարչական ղեկավարին ու համապատասխան մարմիններին, որպեսզի կարողանանք հեշտ վնասազերծել»։
Նա ասաց, որ տուժած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ». Ըստ որոշ տեղեկությունների, Սիսիանի Շաքի գյուղում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողը սահմանը հատել է Տեղ համայնքի սահմանագծից։ Տեղի բնակիչները սահմանագծին նկատել են նրան, բայց չի հաջողվել բռնել։ Նա փախուստի է դիմել։ Մի քանի օր է, Սյունիք մտնող ու դուրս եկող ավտոմեքենաները ստուգվում էին ուժայինների կողմից։
Արխիվային լուսանկարում՝ Ռուբեն Մանուչարյանը կենտրոնում է



















































