Արթիկ խոշորացված համայնքում հոկտեմբերի 25-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում ընտրապայքարի դուրս եկած 4 քաղաքական ուժերից մեկը «Հայրենիք» կուսակցությունն է, որի թեկնածուն 2018 թվականին ԲՀԿ-ի պորտֆելով սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրած 42-ամյա Լևոն Վահրադյանն (լուսանկարում) է։
Aravot.am-ը թեկնածուից հետաքրքրվեց, թե կա՞ վախի մթնոլորտ Արթիկում, որևէ խոչընդոտ եղե՞լ է իր առաջադրման հետ կապված։
Նախկին նախարարը պատասխանեց․ «Ես իմ տեսակով վախեցող չեմ, բայց, իհարկե, վախի մթնոլորտ կա»։
«Հայրենիք» կուսակցությունը ամենաքիչ թվաքանակով թեկնածուներ ունի, ընտրացուցակում ընդգրկված են ընդամենը 19 հոգի․ բացառությամբ երեք հոգու, որոնք ուսուցիչներ են, երկու հոգի էլ՝ բանվոր ու շինարար, մնացածն աշխատանք չունեն։
Կարդացեք նաև
Լևոն Վահրադյանը պարզաբանեց, որ հենց այս հարցում էլ նկատել է որոշակի խնդիրների առկայությունը։
Մարդիկ առաջադրվել, ընդգրկվել են իր գլխավորած ուժի ընտրացուցակում, սակայն կարճ ժամանակ անց տարբեր պատճառներով հրաժարվել են․ հասկանալի է, որ եղել են ճնշումներ։
Քարոզարշավի մեկնարկը երեկվանից տրված է․ ինչպիսի՞ մրցակցություն է Արթիկում, արդյոք թե՞ժ է, մեր հարցին զրուցակիցը պատասխանեց․ «Ես սպորտի մարդ եմ, հետևաբար և ինձ համար՝ մրցակցությունները միշտ թեժ պետք է լինեն»։
Սպորտի ու երիտասարդության հարցերի նախկին նախարարն իր առաջադրվելը պարզաբանում է՝ համայնքի կառավարումը ճիշտ, գրագետ կադրերով համալրելը, ապագա սերնդին՝ երեխաներին, պատանիներին իրենց փորձը, գիտելիքն ու արժեհամակարգը փոխանցելը։
Հիշեցնենք, որ ընտրապայքարի դուրս եկել չորս քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկի՝ Անանիկ Ոսկանյանի, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ Արթիկի նախկին քաղաքապետ Մխիթար Վարագյանի, «Հայրենիք» կուսակցությունը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Լևոն Վահրադյանի և «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ գործարար Արթուր Աստոյանի գլխավորությամբ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































