Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցավորության կանխարգելման Հայաստանի փորձը՝ միջազգային հարթակում

Հոկտեմբեր 01,2026 18:11 Share

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը Աբու Դաբիում անցկացվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսը, որին Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում մասնակցել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Միջոցառման շրջանակում Արմեն Ղազարյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում հանցավորության կանխարգելման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և ներքին անվտանգության ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև վերջին տարիներին արձանագրված արդյունքներն ու միտումները։

Փոխնախարարը նշել է, որ իրականացվող բարեփոխումների, հանցավորության դեմ պայքարի և կանխարգելման կարողությունների հետևողական զարգացման արդյունքում 2025 թվականին Հայաստանում արձանագրված հանցագործությունների, ինչպես նաև դրանց առնչությամբ հարուցված վարույթների թիվը 2024 թվականի համեմատ նվազել է 3,2 տոկոսով։

ՆԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Քրեական ոստիկանության կազմում կիբեռհանցավորության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանման ստեղծման փորձը, ինչպես նաև քաղաքացիների իրազեկման ուղղությամբ իրականացվող աշխատանքը։

Անդրադարձ է կատարվել նաև նոր և զարգացող հանցավորության ձևերին, տնտեսական և ֆինանսական հանցավորությանը, ապացույցների վրա հիմնված կանխարգելմանը և քրեական արդարադատության ոլորտում տեխնոլոգիաների պատասխանատու կիրառմանը։
Ելույթի ընթացքում ՆԳ նախարարի տեղակալը ընդգծել է նաև, որ «World Travel Index»-ի տվյալներով՝ Հայաստանը ներառվել է ճանապարհորդության համար աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում՝ 193 երկրների շարքում զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը՝ 90,27 միավոր ցուցանիշով։

ՀՀ պատվիրակության կազմում Արմեն Ղազարյանը մասնակցել է նաև մի շարք բարձր մակարդակի հանդիպումների։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել