ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպանության աստիճանը։
Եթե անգամ հիմք ընդունենք պաշտոնական վարկածը, ստացվում է հետևյալը․ ադրբեջանցի մոլորված զինվորն անարգել հատել է պետական սահմանը, հասել հայկական բնակավայր ու կրակ արձակել ՀՀ քաղաքացու վրա։
Ու ամենասարսափելին և խայտառակն այն է, թե դեռ որքան ժամանակ նա անարգել կշրջեր մեր երկրում, եթե հայ կինը փաստացի չհայտնաբերեր նրան ու չդիմեր անհրաժեշտ ինքնապաշտպանության։
Կարդացեք նաև
Այսպես էլ լինում է, երբ երկրում բոլոր ուժային կառույցներն իրենց ուղղակի պարտականությունները կատարելու փոխարեն զբաղվում են բացառապես իշխող ուժի քաղաքական հակառակորդներին հետապնդելով, աթոռներ պաշտպանելով և ներքին թշնամիներ փնտրելով։
Այս իրավիճակում օրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝
Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակ արձակած ադրբեջանցի զինծառայողին։
Նրան փոխանակել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների՝ հայ գերիների հետ։
Ցանկացած այլ լուծում, կամ ինչպես նախորդ դեպքերում, հլու-հնազանդ կերպով ադրբեջանցու հանձնումը Բաքվին, պարզապես կվերածվի հպատակության հերթական դրսևորման»։
«Ձերբակալված ադրբեջանցուն պետք է փոխանակել Բաքվում պահվող հայ որևէ գերիի հետ», իր հերթին գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գառնիկ Դանիելյանը գրում է.
Զինված ադրբեջանցի զինծառայողը, ներթափանցելով Սյունիքի մարզի Շաքի բնակավայր, կրակել է հայ կնոջ ոտքին։
Տարիներ առաջ սա կարող էր ֆանտաստիկայի ժանրից թվալ։ Բայց այս իշխանությունների օրոք «խաղաղության դարաշրջան»-ը ունի այսպիսի տեսք։
Ինչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր։ Ինչպե՞ս է օրեր շարունակ անխոչընդոտ հաստատվել Սյունիքում։
Հիշեցնեմ, որ 2023 թվականի ապրիլի 12-ին Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակ Հայրապետ Մելիքսեթյանին։
Հիշեցնեմ նաև, որ ՔՊ-ական պատգամավորը օրերս հայտարարեց․ «կրակոցի դեպքում մի սպասեք մեր պատասխան կրակոցին»։
Այսպիսի հայտարարություններով դուք անցաթուղթ եք տրամադրում ադրբեջանցիներին՝ կրակելու մեր քաղաքացիների, անզեն կանանց վրա։
Անարժանապատվությունն էլ ունի չափ ու սահման։ Դուք և խաղաղությունը հակոտնյա եք։ Դուք կհիշվեք որպես Հայրենիքի դարպասները թշնամու առաջ բացողներ և մեր հերոս տղաների հիշատակը պղծողներ։



















































