Հոկտեմբերի 8-11-ը մայրաքաղաքում չորրորդ անգամ կանցկացվի Երևանի նորաձևության շաբաթը։ Միջոցառումը կազմակերպում է Հայաստանի Նորաձևության և Գործվածքագործության Պալատը՝ Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության և միջազգային գործընկերների աջակցությամբ։
Այս տարի Yerevan Fashion Week-ի հայեցակարգը կառուցված է «Վարդագույն քաղաք Երևան» (Pink City Yerevan) կենտրոնական գաղափարի շուրջ, իսկ մեկնարկը համընկնում է «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների հետ։
Հայաստանի Նորաձևության պալատի նախագահ Վահան Խաչատրյանն անդրադարձավ բացման արարողությանն ու հայեցակարգին․ «Մեր միջոցառումը համընկնում է Էրեբունի-Երևան տոնակատարության հետ, և որոշեցինք բացումն անել Էրեբունի թանգարանում։ Թեման ընտրեցինք «Հին աստվածներ»՝ ոգեշնչված Լևոն Շանթի համանուն դրամայից և դրա փիլիսոփայությունից, թե ինչպես կրոնական սահմանափակումները չեն կարողանում կասեցնել գեղեցիկի ու սիրո զարգացումը»։
«Հին աստվածներ․ Էրեբունուց մինչև ժամանակակից Երևան» խորագրով հատուկ ցուցադրության ընթացքում շուրջ 30 մանեկենների միջոցով կներկայացվեն սկսնակ ու երիտասարդ հայ դիզայներների աշխատանքները։ Հայկական հին դիցաբանությունից, սիմվոլներից ու պատմական կերպարներից ներշնչված ցուցադրությունը լույսի, երաժշտության և վիզուալ պատմությունների միջոցով երկխոսություն կստեղծի հնագիտական միջավայրի հետ։
«Fashion Scout մրցույթին ունեինք մոտ 70-ից ավելի դիմորդներ, որոնք չեն անցել եզրափակիչ փուլ։ Այդ մասնակիցներից հավաքել ենք հետաքրքիր հագուստներ և ցուցահանդեսը մեծ մասամբ նվիրել հենց նրանց, ինչը, կարծում եմ, շատ լավ հնարավորություն է նրանց աշխատանքները ներկայացնելու համար»,- նշեց Խաչատրյանը։
Ծրագիրը կմեկնարկի Fashion Scout մրցույթով, որի համար միջազգային ժյուրին ընտրել է 8 ֆինալիստների։ Առաջին տեղի մրցանակը կլինի Լոնդոնի նորաձևության շաբաթի Fashion Scout մրցույթին մասնակցելու հնարավորությունը, ինչպես նաև կսահմանվի քաղաքապետի ավանդական 1 միլիոն դրամի մրցանակը։ Բացի այդ, իտալական Polimoda համալսարանի տնօրենն անձամբ կընտրի մեկ մասնակցի, ում կտրամադրվի Polimoda-ում ամառային դասընթացի վերապատրաստման հնարավորություն։
Գործելու է նաև Showroom-ը՝ հանրության համար բաց ցուցասրահը (մուտքն ազատ է), որտեղ կներկայացվեն 40-ից ավելի հայկական բրենդների հագուստներ, աքսեսուարներ և զարդեր։ Իսկ «Դալմա Գարդեն մոլի» հետ համատեղ նախաձեռնված Fashion Talks հարթակում միջազգային հյուրերի ու փորձագետների մասնակցությամբ կանցկացվեն ոլորտային քննարկումներ։
ՀՀ ԿԳՄՍՆ Ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը հայտնեց․ «Ամեն տարի ծրագրում առկա է Fashion Scout ձևաչափը, որը նախարարության կողմից աջակցվող ծրագիր է։ Այս ոլորտով հետաքրքրված երիտասարդ շահառուները հնարավորություն են ստանում՝ որպես հաղթողներ, իրենց կրթությունը, թեկուզ վերապատրաստման ձևաչափով, շարունակել տարբեր երկրներում»։
Նա նաև հավելեց, որ քննարկվում է ծրագրի շարունակականության ապահովման հարցը․ «Դեռ քննարկման փուլում է, բայց հետագայում նախատեսում ենք մեր ենթակայությամբ գործող բուհերից մեկում ունենալ համապատասխան ծրագրային կուրս, որպեսզի այս նախագծի ընթացքում ներկայացված գաղափարներն ու առաջարկները շարունակական բնույթ ունենան և հիմք հանդիսանան որակյալ մասնագիտական կրթություն ստանալու համար»։
Yerevan Fashion Week 2026-ին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու միջազգային հեղինակավոր պարբերականների ներկայացուցիչներ և ոլորտի առաջատար մասնագետներ՝ Vogue, Harper’s BAZAAR, ELLE, FashionUnited, Metal Magazine, Fucking Young! ամսագրերից, ինչպես նաև միջազգային գնորդներ Իտալիայից, Ղազախստանից և այլ երկրներից։
Ինչպես նշեց Հայաստանի Նորաձևության պալատի համահիմնադիր և ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանը․ «Արտերկրից հրավիրում ենք միջազգային դիզայներների, որպեսզի գան Հայաստան և օգտագործեն մեր հարթակը, ինչը հնարավորություն է տալիս Երևանի նորաձևության շաբաթը դիրքավորել որպես միջազգային իրադարձություն։ Նորաձևության շաբաթը միայն ցուցադրություն չէ, այլ սովորելու, փորձ ստանալու և շփման ամբողջական ինդուստրիալ հարթակ»։
Արգինա Փահլևանյան























































