Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԽԵՆԱԼ-ՉՀԱՅՏՆԵԼ

Հունիս 08,2002 00:00

ՎԱԽԵՆԱԼ-ՉՀԱՅՏՆԵԼ Օգոստոսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետք է անցկացվեն նախագահական հերթական ընտրությունները: Առայժմ ԼՂՀ դեռեւս գործող իշխանությունների ներկայացուցիչներից ոչ ոք չի հայտարարում իր հնարավոր առաջադրման մասին: Նրանք խոստանում են դա անել հունիսի 27-ից հետո, երբ պաշտոնապես կսկսվի թեկնածուների առաջադրման գործընթացը: ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի տեղակալներից մեկը (համենայնդեպս նա այդպես ներկայացավ, խուսափեց իր անունը հրապարակել- Լ.Ս.), որ պատասխանեց մեր հարցերին, ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց իր վերադասի հնարավոր առաջադրումը. «Մենք ոչ մի բան ասելու իրավունք չունենք»: Իսկ երբ փորձեցինք պարզել, թե ով է իրենց նման հրահանգ տվել ու իրենց զրկել խոսելու իրավունքից, ինչը Սահմանադրությամբ անգամ թույլատրելի է, տեղակալը պատասխանեց. «Մեզ ասել են՝ չասեք, մենք էլ չենք ասում, հետո՞ ինչ, որ Սահմանադրության մեջ գրված է, թե կարելի է խոսել: Շատ հարցեր մի տվեք, միեւնույն է, չեմ պատասխանելու»: Այնուամենայնիվ, չկորցրի պատասխաններ ստանալու լավատեսությունս ու հարցրի, թե ով կարող է պատասխանել: «Մեզ մոտից ոչ ոք չի պատասխանի այդ հարցին: Եթե ասում եմ՝ մեզ ասել են՝ ոչ մեկին չասեք, դա բոլորին էր վերաբերում: Լավ, մարդ է գալիս, դնում եմ (անշուշտ, նկատի ուներ լսափողը): Վերջ, էլ հարցեր չտաք»: «Ի՞նչն եք դնում՝ Ձեր թեկնածությու՞նը», միամտաբար հարցրի, որին հետեւեց այս պատասխանը. «Տելեֆոնը, ի՞նչ թեկնածություն: Էդ գլխացավանքի հետ ես ի՞նչ գործ ունեմ»: Ամենացնցող պատասխանն այն էր, երբ նրան հարցրի «Գոնե Ձեր անունն ասեք, դրա իրավունքն ունե՞ք». «Իա, կարող ա՞ ես դուբին եմ, որ անունս ասեմ»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ www.taregir.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել