Նոյեմբերի 1-ից մեկնարկել է Ֆլեյտայի երևանյան միջազգային 3-րդ փառատոնը, որն այս տարի լինելու է ավելի մեծամասշտաբ՝ հյուրընկալելով հանրահայտ անունների։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կողմից իրականացվող Ֆլեյտայի երևանյան միջազգային 3-րդ փառատոնը կտևի մինչև նոյեմբերի 7-ը։ Նախատեսված են երեք համերգներ՝ համաշխարհային ճանաչում ունեցող ֆլեյտահարների մասնակցությամբ, ավելի քան 100 վարպետության դասեր, դասախոսություններ և ստեղծագործական հանդիպումներ։ Փառատոնին կմասնակցեն 15 ճանաչված ֆլեյտահարներ և մասնագետներ՝ Եվրոպայի և Ասիայի 9 երկրների 16 քաղաքներից։ Այս մասին տեղեկացրեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր Արմեն Մանասյանը՝ ընդգծելով, որ փառատոնը հետզհետե ընդլայնվում և զարգանում է՝ թե՛ մասնակիցների թվով, թե՛ աշխարհագրությամբ:
«Այս տարի ունենք նաև հատուկ հյուր՝ աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը… Հուսով եմ, որ այս տարի ևս կունենանք իրական ֆլեյտայի տոն մեր մայրաքաղաքում»,- ասաց Արմեն Մանասյանը: Նա հիշեցրեց փառատոնի համակազմակերպիչն է ֆլեյտահար Նարեկ Ավագյանը:
Փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վարդան Վիրաբյանի խոսքով՝ փառատոնն ինքնատիպ հարթակ է ֆլեյտահարների համար՝ թե՛ անվանի, թե՛ ուսանող երաժիշտների, եւ շնորհիվ այս հարթակի՝ փորձի փոխանակում և մասնագիտական հանդիպումներ են տեղի ունենում, նոր կապեր ստեղծվում: «Սա շատ կարևոր միջոցառում է այս ճյուղը զարգացնելու համար: Ինչպես նշվեց, մենք ընդլայնվում ենք, և աստղերի անուններն են շատանում»,- ասաց Վարդան Վիրաբյանը:
Կարդացեք նաև
Նարեկ Ավագյանն էլ հայտնեց, որ փորձերը սկսվել են, ամեն ինչ անում են, որ ունկնդրի համար ապահովեն բարձրակարգ համերգներ՝ հաշվի առնելով մասնակիցների ներկայացուցչական և աստղային կազմը: Ասուլիսին նշվեց նաև, որ կլինեն պրեմիերաներ, որոշ ստեղծագործություններ Հայաստանում կհնչեն առաջին անգամ՝ փառատոնի շրջանակում: Նաեւ ժանրային ընդլայնում է եղել. առաջին անգամ ջազ և էլեկտրոնային երաժշտություն կհնչի: «Այն, որ թոփ աստղերը գալիս են Հայաստան, ոմանք արդեն երրորդ անգամ, խոսում է այն մասին, որ կազմակերպել ենք հիանալի փառատոն»,- փաստեց Նարեկ Ավագյանը։ Հավելեց, որ զարգացման միտում է նկատվում ոլորտում, քանի որ արդեն ֆլեյտայի օրեր և ամառային դպրոցներ են կազմակերպվում, ֆլեյտայով հետաքրքրվող երեխաների թիվն է աճում:
Ֆլեյտահար, Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2026 մրցույթի մրցանակակիր Էլեն Վիրաբյանի ձևակերպմամբ՝ փառատոնը շատ կարևոր է և՛ Հայաստանի, և՛ այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են լուրջ երաժիշտ դառնալ. «Կարծում եմ, որ բոլոր երեխաները Հայաստանից և այլ երկրներից՝ ուրախ են շփվել անվանի երաժիշտների հետ և զարգանալ: Շատ ուրախ եմ, որ այս փառատոնը կա»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































