«Հակասությունները շատ տարբեր են՝ սկսած պարզ թվերի տարբերությունից, թվերն իրար չեն բռնում։ Պարզ աշխատանքային թերացման հետ գործ ունենք, բայց այդ աշխատանքային թերացումը վերացնելու բեռը հետագայում ընկնում է դատարանի վրա։ Դատախազությունը թերի փաստաթուղթ է ներկայացնում դատարան, իսկ հետագայում դատարանը վճիռ կայացնելու փուլում քննարկում է դրանք և կատարում այն աշխատանքը, որը թերի է կատարել կամ չի կատարել դատախազությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին և նրա մերձավոր ազգականներին վերաբերող ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով պաշտպաններից Վահագն Դալլաքյանը։
Փաստաբանի խոսքով՝ Հայրապետյանների նկատմամբ ներկայացված հայցադիմումում դատախազության կողմից առկա են նաև մեթոդաբանական և իրավական հակասություններ։
«Ծախսեր հաշվարկելիս, երբ դա բացասական հետևանք է առաջացնում պատասխանողի համար, կիրառել են X մոտեցում։ Օրինակ՝ բաժնետոմսի անվանական արժեքի չափով ծախս են հաշվարկել, երբ պատասխանողը ձեռք է բերել բաժնետոմսը։ Բայց երբ այդ նույն կամ այլ բաժնետոմսը վաճառել է, վաճառքի թիվը հայտնի չէ, եկամուտը հաշվում են զրո։ Մինչդեռ այդ վաճառքի գումարը, եկամուտը պետք է ծառայեր որպես օրինական եկամուտ։ Տեսնում ենք տարբերությունը մոտեցումների առումով։ Սա նշանակում է, որ դատախազության կողմից օբյեկտիվ ուսումնասիրություն չի արվել, այլ նպատակադրված փորձել են ուռճացնել ծախսերն ու փոքրացնել եկամուտները»,- ասաց Դալլաքյանը։
Կարդացեք նաև
Փաստաբանի խոսքով՝ ուսումնասիրությունն իրականացվել է որոշակի նպատակից ելնելով, այսինքն՝ ուսումնասիրության արդյունքը եղել է ինչ-որ բան բռնագանձելու նպատակը: Հակառակ դեպքում, ըստ նրա, ինչպե՞ս բացատրել ծախսերի և եկամուտների նկատմամբ տարբերակված մոտեցումը։
Aravot.am-ը Վահագն Դալլաքյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք դատախազությունը կարող էր սկզբնական հայցի ներկայացման ժամկետի ավարտից հետո այդ ծավալով ավելացնել նոր գույքային պահանջներ։
Ի պատասխան՝ փաստաբանն ասաց.
«Մենք այդ ավելացման դեմ՝ հայցի հիմքի փոփոխության մասով, առարկել ենք։ Պնդում էինք, որ այս գործի շրջանակներում չպետք է թույլատրվի այդ ծավալով փոփոխություն։ Եթե դատախազությունը ցանկանում է, կարող է առանձին հայց ներկայացնել այդ մասով։ Ինչևէ, դատարանը թույլատրեց այդ փոփոխությունը։ Հիմա ունենք այն, ինչ ունենք, քննարկում ենք ամբողջ ծավալով, բայց այդ դեպքում էլ տեսնում ենք, որ իրենց մոտեցումները հակասում են Սահմանադրական դատարանի առանցքային որոշումներին»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ





















































