Բրբանքի Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցին և «Հայաստանի ծառատունկ ծրագրին» կապում է տարիների բարեկամությունը։ Ժամանակի ընթացքում ձևավորված այս համագործակցությունը դարձել է գեղեցիկ ավանդույթ՝ նպաստելով աշակերտների հայրենաճանաչությանը, բնապահպանական դաստիարակությանն ու հայրենի բնաշխարհի հանդեպ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը։
Ծրագրի Լոս Անջելեսի ներկայացուցիչ տիկին Անահիտ Ղարիբյանը մշտապես այցելում է դպրոց՝ աշակերտներին ծանոթացնելով Հայաստանի բնության հարստությանը, անտառների պահպանության անհրաժեշտությանն ու ծառատնկման աշխատանքներին։ Նրա զրույցների հիմքում պարզ, բայց խորիմաստ մի պատգամ է՝ յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում պետք է առնվազն մեկ ծառ տնկի։ Այս միտքը փոքրիկների մեջ սերմանում է շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատվության զգացում և ապագա սերունդների մասին հոգալու գիտակցություն։
2026 թվականի հոկտեմբերի 31-ին տիկին Անահիտ Ղարիբյանը հերթական անգամ հյուրընկալվեց «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում։ Շրջելով դասարաններում՝ նա աշակերտների հետ ունեցավ հետաքրքիր զրույցներ, ցուցադրեց ճանաչողական ֆիլմեր և պատմեց Հայաստանում իրականացվող բնապահպանական նախաձեռնությունների մասին։ Ջերմ ու անմիջական մթնոլորտում անցած հանդիպումները երեխաների համար հայրենի բնությունը նորովի բացահայտելու առիթ դարձան։
Կրթօջախն այս անգամ ևս իր աննշան նվիրատվությամբ միացավ ծրագրի աշխատանքներին՝ աջակցելով Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հարակից տարածքում հիմնվող այգու ծառատնկմանը։
Կարդացեք նաև
Այս նախաձեռնությունը բնապահպանական նշանակությունից զատ ունի նաև պատմամշակութային առանձնահատուկ արժեք։ Հայ և բելգիացի մասնագետների նախագծած այգում նախատեսվում է աճեցնել հայկական միջնադարյան ձեռագրերում հիշատակվող ծառատեսակներ ու բույսեր։ Այն կունենա դարավանդային կառուցվածք, զբոսուղիներ և դիտահարթակներ, որտեղից կբացվեն Երևանի, Արարատի ու Արագածի գեղատեսիլ համայնապատկերները։ Ապագա այգու ստեղծման խորհրդանշական սկիզբը դրվել է Մեսրոպ Մաշտոցի արձանի հարևանությամբ առաջին սոսիի տնկմամբ։
Վարժարանի մասնակցության նշանակությունը, սակայն, նվիրատվության չափով չի որոշվում։ Էականն այն է, որ բնօրրանից հազարավոր մղոններ հեռու ապրող հայ մանուկներն իրենց փոքրիկ ներդրումն են ունենում Հայաստանի շենացման գործում։ Նման նախաձեռնությունները նաև ամրապնդում են հայրենիք-սփյուռք կապը՝ ազգային պատկանելության զգացումը վերածելով իրական գործի։
Եվ գուցե տարիներ անց Մատենադարանի բարձունքին սաղարթախիտ դարձած ծառերի հովանու ներքո հանգստացող այցելուները չիմանան, որ այդ կանաչ անկյան ստեղծմանը մասնակցել են նաև փոքրիկ հրեշտակներըը։ Սակայն այնտեղ արմատավորված ծառերը կշարունակեն աճել՝ որպես հեռավոր ափերում ապրող հայորդիների սիրո ու նվիրումի լուռ վկայություն։
«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի մամուլի դիվան



















































