Լրահոս
Օրվա լրահոսը

Թանգարանով «մտահոգ»՝ թանգարան չեն գնում

Հուլիս 06,2002 00:00

Թանգարանով «մտահոգ»՝ թանգարան չեն գնում «Ողջ աշխարհը գտնում է, որ հայերը գորգ չեն գործել։ Այդ տենդենցը կգնա այնքան, քանի դեռ մշակույթի նախարարությունում Անահիտ Գալստյանը եւ նրա նման այլ պաշտոնյաներ կունենան կարծիք, որ մեզ գորգի թանգարան պետք չէ»: Դժգոհեց Ազգագրության թանգարանի գեղարվեստական գործվածքի բաժնի վարիչ Աշխունջ Պողոսյանը։ «Առավոտում» տպագրված «Հայաստանին գորգի թանգարան պետք չէ» հրապարակման մեջ Անահիտ Գալստյանը մեղադրել էր Ազգագրության թանգարանի այն աշխատողներին, որոնք տեղյակ լինելով իրենց թանգարանի շենքային եւ պահեստարանային ոչ նորմալ պայմաններին, շարունակել էին մեծացնել գեղարվեստական գործվածքի հավաքածուն։ Ա. Պողոսյանը, սակայն, իրենց հասցեագրված մեղադրանքները ոչ տեղին էր համարում։ Ըստ նրա պնդումների՝ 80-ականներին կառավարության որոշմամբ պիտի գորգի թանգարան ստեղծվեր Էջմիածնի աստղադիտարանի շենքում, որը դարասկզբին կառուցվել էր Մանթաշյանի փողերով։ Եվ հենց ապագա գորգի թանգարանի համար էր Ազգագրության թանգարանում ստեղծվել գեղարվեստական գործվածքի բաժինը (առավելապես գորգի թեքումով), որն ուներ 5-6 աշխատող։ Սակայն 95թ. շենքը հանձնվել է կաթողիկոսարանին եւ գորգի թանգարան ունենալու պլանները այդպես էլ կյանքի չէին կոչվել։ Ի պատասխան Ա. Գալստյանի «հիմնավորումների»՝ Ա. Պողոսյանն ասաց, որ նման մեծ հավաքածու չէին հավաքի, եթե նախօրոք չիմանային, որ ստեղծվելու է գորգի թանգարան. «Իսկ եթե, այնուամենայնիվ, այդ աշխատանքն արվել է, պետք է ոչ թե դժգոհել, այլ շնորհակալ լինել։ Եվ մի՞թե մեղավոր են գորգեր ձեռք բերողները, որ մինչեւ հիմա աշխատում են այդ թանգարանում»։ Ա. Պողոսյանը հիշեց նաեւ, որ անցյալ տարի ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում եւս բարձրացվել են գորգի պահպանման ու հետազոտման հարցերը, հետո էլ նամակ է ուղարկվել կառավարություն, այնտեղից էլ՝ մշակույթի նախարարության համապատասխան վարչություն։ Սակայն մինչեւ հիմա ինստիտուտին որեւէ պատասխան չի տրվել։ «Ես խիստ կասկածում եմ, թե նախարարը տեղյակ է այդ նամակից»,- համոզված է Ա. Պողոսյանը։ Նրան զարմացրել է նաեւ նախարարության ոչ շարքային աշխատակցի այն միտքը, թե մշակույթի նախարարությունը հետաքրքրվում է իրենց թանգարանի գորգերի վիճակով ու պահպանման խնդրով, անկախ նրանից՝ թանգարանը մշակույթի նախարարությա՞ն, թե՞ ՊՆ-ի համակարգում է։ «Ես չեմ հիշում որեւէ դեպք, որ վերջին 3-4 տարիներին Անահիտը կամ մշակույթի նախարարությունից որեւէ մեկը այցելած լինի Ազգագրության թանգարան։ Գուցե եկել են, ես այնտեղ չեմ եղել։ Բայց չէ՞ որ պիտի եկած լինեն այն օրերին, երբ գիտական կազմն է գալիս»,- տարակուսում է գեղարվեստական գործվածքի բաժնի վարիչը։ Նա «կատեգորիկ է տրամադրված» Հայաստանում գորգի թանգարանի հիմնադրման հարցում, անգամ եթե դրա անհրաժեշտությունը պայմանավորված է հավաքածուն տեղավորելու խնդրով. «Եթե մշակույթի նախարարությունը իրոք հետաքրքրվում է մեզանով, ինչպես նշված էր Ա. Գալստյանի՝ «Առավոտին» տված հարցազրույցում, էդ ո՞նց է, որ մեր վիթխարի հավաքածուից որեւէ բան որեւէ տեղ չի ցուցադրվում»։ Նրան տարօրինակ է թվում նաեւ նախարարության ոչ շարքային աշխատակցի այն կարծիքը, թե թանգարանները գորգերի պատճառով կրկնում են միմյանց եւ իբր այցելուն հոգնում է գորգ դիտելուց. «Այցելուն կարող է նաեւ ոչինչ չհասկանալ նկարներից, ուրեմն ի՞նչ՝ Ազգային պատկերասրահում պետք է միայն մի նկար լինի եւ վե՞րջ»։ Ա. Պողոսյանը գտնում է, որ Հայաստանում գորագործության վերածնունդը տասնյակ հազարավոր մարդկանց աշխատանք կտա սահմանամերձ տարածքներում, ինչը ստրատեգիական նշանակություն կունենա։ Ըստ նրա՝ գորգի թանգարանը (եթե, իհարկե, ի վերջո ստեղծվի) կարող է վերածվել գիտահետազոտական վիթխարի կենտրոնի, որն էլ գուցե կթելադրի գորգագործության ու գորգային բիզնեսի հիմնական ուղղությունները, գները եւ այլն։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել