Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում կրքերը չեն հանդարտվում

Սեպտեմբեր 17,2002 00:00

Ադրբեջանում կրքերը չեն հանդարտվում Բաքու-Ջեյհան գազատարը կառուցող CCIC ընկերության շուրջ սկանդալային պատմությունը ծավալվում է Ադրբեջանական «Զերկալո» թերթը շարունակում է հրապարակումները անցկացվող գազամուղի Բաքու-Ջեյհան հատվածի շինարարությունը, ինչպես թերթն է բնութագրել, արաբահայկական CCIC կազմակերպությանը վստահելու շուրջ: Այդ հարցի շուրջ թերթի հերթական հրապարակումը, որ հավակնում է Բաքվում սկանդալային համարվող այդ խնդիրն էլ ավելի գունազարդել իր «մերկացումներով», իր վերջին համարում եզրակացնում է, որ 7 խոշոր շինարարական կազմակերպությունների մասնակցությամբ տենդերի շահումը CCIC-ի կողմից ամենեւին էլ պատահական չէ, որ տեղի ունեցածը հայկական լոբբինգի արդյունք է: Միաժամանակ Թբիլիսի-Բաքու-Ջեյհան գազամուղի կառուցումը գլխավորող կազմակերպության նախագահ Դեւիդ Վուդվորդն այդ առնչությամբ պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցադրումներին՝ հայտարարել է, թե իրեն ամենեւին էլ չի հետաքրքրում CCIC-ի ազգային պատկանելությունը եւ այն, թե ինչ համար են ծախսվելու այդ ընկերության՝ գազամուղի շինարարությունից ստացված միջոցները: Իսկ Ադրբեջանական ԶԼՄ-ներն այդ առնչությամբ իրենց կարծիքն ունեն: Ըստ նրանց, CCIC-ի առանցքային բոլոր պաշտոնները, որոնք կապված են ֆինանսների տեղաշարժի հետ, զբաղեցնում են հայերը: Մատնանշվում է մասնավորապես այդ ընկերության գլխավոր խորհրդականներից մեկի՝ Գեւորգ Թորոյանի անունը: «Զերկալոն» մանրամասնում է, որ վերջինս ամենեւին էլ CCIC-ից ստացվող «չոր աշխատավարձի» հույսին չէ. «Նա խոշոր գործարար է, ապրում է ԱՄՆ-ում եւ ԱՄՆ-ի Արեւելյան հատվածի հայկական եկեղեցիների կոմիտեի նախագահն է, նաեւ՝ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի փոխնախագահը»: Ադրբեջանական մամուլն իր պրպտումներում ավելի հեռու է գնացել՝ մանրամասնելով, թե CCIC ընկերությունը բարեգործական բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են հայկական հասարակական եւ կրոնական կազմակերպություններին, որոնք էլ իրենց հերթին այդ միջոցներն ուղղում են «Հայաստան» հիմնադրամին: «Զերկալոն» տեղեկացրել է, թե ԱՄՆ Արեւելյան ափերի եկեղեցիների միությունն այդ հիմնադրամի խոշոր դոնորներից է եւ ավելի քան մեկ մլն դոլար է փոխանցել հիմնադրամի հաշվին՝ ճիշտ այնքան, «որքան ժամանակին հիմնադրամին էր նվիրաբերել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը»: Զարգացնելով այս միտքը՝ թերթը նաեւ գրել է, թե «Հայաստան» հիմնադրամն էլ իր գումարների մեծ մասն ուղղում է Ղարաբաղում իրականացվելիք ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ 39 մլն 74 հազար դոլար, որը «ծախսվել է ինչպես՝ ռազմավարական նշանակություն ունեցող հատվածների ճանապարհաշինության, այնպես էլ՝ Հայաստանի համար ռազմական նշանակություն ունեցող ծրագրերի համար»: Ադրբեջանական «Զերկալոն», ի վերջո, հանգում է այն եզրակացության, որ հայերն օգտագործում են իրենց հնարավորությունները, ըստ էության, Ադրբեջանի հաշվին Ղարաբաղում կոնկրետ նպատակներ հետապնդող ծրագրեր իրականացնելու համար: Նույն թերթը նաեւ փորձում է «մերկացումներ» անել մեկ այլ համատեքստում եւս: Ըստ թերթի, CCIC ընկերության ղեկավարությունը անմիջական եւ սերտ կապեր ունի նաեւ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից ահաբեկչական համարվող Իրաքի հետ, որտեղ եւս այդ երկրի համար ռազմավարական նշանակության շինարարական որոշ աշխատանքներ է կատարել: Այդ դեպքում խոսքը վերաբերում է դեռ 1984 թվականին մասնավորապես սաուդյան նավթամուղի իրաքյան հատվածին, որի պարագայում, կնքված պայմանագրի համաձայն՝ հիշյալ ընկերությունը ստացել է 508 մլն դոլար: Այդ փաստը թերթը «կասկածելի կապեր» է որակել՝ հավելելով, թե, իր տվյալներով, CCIC ընկերությունը Իրաքում նաեւ ակտիվորեն մասնակցել է Իրաքի ռազմական ծրագրերում տեղ գտած աշխատանքներին: Որ ադրբեջանական մամուլում CCIC-ի շուրջ դեռ շարունակվելու են հակահայկական մոտիվներով հրապարակումները, փաստում է հենց «Զերկալոն», որը հաստատակամություն է հայտնել ի հայտ բերել այն «մեքենայությունները», որոնք տեղ են գտել շինարարական տենդերում այդ ընկերության «կասկածելի» հաղթանակն ապահովելու համատեքստում: Մնում է մխիթարվել միայն նրանով, որ ադրբեջանցի մեր գործընկերները դեռ չեն հասել այն բանին, որ մեղադրեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ասենք՝ Իրաքի ռեժիմի կամ հենց բեն Լադենի հետ կապերի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել