Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք շատ եք, ես մեկն եմ, միակը

Հոկտեմբեր 04,2002 00:00

Դուք շատ եք, ես մեկն եմ, միակը Լուրջ հասարակական գործունեության համար անհրաժեշտ են լուրջ դրամաշնորհներ, իսկ լուրջ դրամաշնորհ ստանալու գործում փոքր դեր չի խաղում իշխանությունների հետ լուրջ շփումը։ Անշուշտ, դա չի նշանակում, որ «գրանտներ» ստանում են իշխանություններից կամ նրանց միջոցով։ Պարզապես պետական ատյանի ուշադրությունը տվյալ ծրագրին՝ նպաստում է դրա ֆինանսավորմանը, որից հետո նաեւ՝ կատարմանն ու ընթացքին։ Այս կարծիքին փոքր-ինչ հակադրվեց Հասարակական կազմակերպությունների կենտրոնի տնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը. «Դա կարեւոր է, բայց կարեւոր է նաեւ դոնոր կազմակերպության պահանջը, եթե այն չի պարտադրում իշխանությունների հետ համագործակցություն, կարելի է նաեւ առանց դրա գրել-ներկայացնել ծրագիր»։ Կենտրոնի տնօրենին խնդրեցինք գնահատական տալ ՀԿ-ների եւ Երեւանի քաղաքապետարանի փոխհամագործակցությանը. «Իմ անձնական կարծիքով, որոշակի համագործակցություն կա, բայց այն իրավական հիմքերի վրա չէ, այսինքն՝ չկան որոշակի մեխանիզմներ, պայմանագրեր։ Այդ է պատճառը, որ մեկն ինչ-որ բան ստանում է քաղաքապետարանից, մյուսը՝ ոչ»։ Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը հարցի վերաբերյալ նախ տվեց սպասելի պատասխան. «Իմ նշանակման օրից ես շատ կարեւորել եմ ՀԿ-ների նշանակությունը, ձգտել եմ սերտ համագործակցել, հատկապես՝ նրանց հետ, որոնց մեջ նկատել եմ առավել ակտիվություն ու մտահոգություն այս կամ այն խնդրի հետ կապված»։ Հետո՝ արդեն զրույցի վերջում, ավելի «սուբյեկտիվացավ» (ինչպես սովորաբար լինում է). «Անկեղծ ասած, մեր փոքր ազգի ու պետության համար այսքան հասարակական կառույցները չափից դուրս շատ են, արդեն չես էլ հիշում, թե որը երբ ծնվեց, ինչ խնդիր է լուծում, ում հետ պետք է համագործակցի։ Հետո էլ՝ 90%-ը գալիս են ինձանից ուզում փող, եթե ոչ՝ տարածք, գույք, էլ՝ հեռախոսի կամ էլեկտրաէներգիայի վճար։ Էհ, ես էլ ասում եմ, եթե այդքան գումար տնօրինեի, ես ինքս այդ գործերը կկազմակերպեի, դա ամենահեշտ բանն է»։ Այնուամենայնիվ, քաղաքապետը նշեց ծրագրեր ու աշխատանքներ, որոնք սկսվել եւ տարվում են ՀԿ-ների ակտիվ մասնակցությամբ։ Մասնավորապես, Քաղաքաշինական խորհրդի մեջ ընդգրկված ճարտարապետական, էկոլոգիական եւ այլ կազմակերպություններից ներկայացուցիչներն, ըստ Ռ. Նազարյանի, խիստ ակտիվությամբ են մասնակցում բոլոր քննարկումներին, ինչն օգնել է քաղաքապետարանին «ճակատագրական սխալներ թույլ չտալ»։ Անվանակոչությունների հանձնաժողովը (նույնպես՝ ՀԿ) մի շարք անգամներ «փրկել» է քաղաքապետարանին, անձամբ մերժելով այս կամ այն անուններով վերանվանումը։ «Դեպքեր կան, բոլորը չթվարկեմ, բայց երբեմն ՀԿ-ների ցանկությունները գերազանցում են եղած հնարավորությունները, բնականաբար՝ չի բավարարվում եւ շարժում է նրանց զայրույթը»։ Միեւնույն ժամանակ «ճիշտն այն է, որ շարունակեն գալ դեպի իշխանությունը, որովհետեւ մեր զբաղվածության պատճառով շատ անգամ չոր կանոնակարգ ենք մշակում, մոռանալով, որ հասարակական կարծիք կա, նրա պահանջի հետ հաշվի նստելու խնդիր կա, իսկ համատեղ քննարկման ժամանակ մի նոր միտք է ծնվում, մի սուր աչք է ավելանում»։ Խնդրեցինք նշել դեպք, երբ ՀԿ-ի միջամտությամբ արդեն մշակված նախագիծը վերափոխվել է։ Նշվեց. «Լինսի հիմնադրամով ճանապարհային շինարարության ժամանակ հաշմանդամ երեխաներին աջակցող «Աստղիկ» միությունը, ինչպես նաեւ՝ անհատ մարդիկ հարց բարձրացրին թեքահարթակների կառուցման համար, հաշվի առանք, եւ արդեն պատրաստ ճանապարհների օրինակով կարող եք համոզվել անձամբ»։ Ընդհանուր առմամբ, Ռոբերտ Նազարյանը քաղաքապետարանի եւ հասարակական կազմակերպությունների փոխհամագործակցությունը գնահատեց ոչ այնքան արդյունավետ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել