Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ-3

Նոյեմբեր 05,2002 00:00

ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ-3 Թելման Հովհաննիսյանը «Առավոտի» խմբագրություն ներկայացրեց մեր հրապարակած փաստերը «հերքող» գրություն եւ մի քանի փաստաթղթեր: Մենք այդ հերքումը չենք տպագրում, որովհետեւ մեր հրապարակած փաստերը ճիշտ են, բացի մեկից: Որի համար ներողություն ենք խնդրում Հասմիկ Հովհաննիսյանից: Նրա ծննդավայրը ոչ թե Կոտայքի մարզի Թեղենիք գյուղն է, որտեղ նա ունի սեփական տուն, այլ Լենինականը (Գյումրին): Թ. Հովհաննիսյանի ներկայացրած փաստաթղթերի մեջ ուշագրավ է հատկապես ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության 1-ին կարգի մասնագետներ Վ.Պետրոսյանի եւ Մ. Արշակյանի կազմած ակտը: ՀՀ գլխավոր դատախազության հարցման համաձայն, վերոհիշյալ վարչությունը ստուգման է ենթարկել 1997-1999 թ.թ.-ին ՀՀ քաղաքացի Սիլվա Հովհաննիսյանի (Թ.Հովհաննիսյանի երկրորդ դստեր) եւ Իտալիայի քաղաքացի Մ.Լիոնելլոյի միջեւ կատարվող գործարքներին վերաբերող փաստաթղթերը: Ստուգելով դրանք, առաջին կարգի մասնագետները պարզել են. «ՀՀ դատախազության կողմից ներկայացված իտալական ITTIERRE գործարանի հաշիվ-ապրանքագրերի կրկնօրինակները համադրվել են վճռաբեկ դատարանում եղած բնօրինակների հետ»։ Վերոնշյալ գործարանից, ըստ վերը նշված հաշիվ-ապրանքագրերի, ռեկվիզիտներով ապրանքներ են առաքվել Հայաստան երեք խմբաքանակներով: 04.02.1999 թ. չորս ապրանքագրերում նշված է, որ գործարանից բաց են թողնվել՝ Երեւան, Վարդանանց 4 հասցեով՝ Մ. Լիոնելլոյի անվամբ 179 միավոր տարբեր ապրանքներ, 21 տեղով, 78 կգ քաշով, 11.767 ԱՄՆ դոլար արժեքով: Այս ապրանքների խմբաքանակը «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային գոտուց մաքսազերծել եւ ստացել է Ս.Հովհաննիսյանը: Ապրանքների մաքսային արժեքը կազմել է 3.542: Դատախազության կողմից ուսումնասիրված մաքսային թղթապանակում չեն եղել գործարանի հաշիվ-ապրանքագրերը, որի հետեւանքով, համաձայն կառավարության 06.12.1993 թ. թիվ 615 որոշման, մաքսային արժեքը որոշվել է ներմուծվող ապրանքների գործարքի գնի մեթոդով: «Բացի այդ, անհրաժեշտ է նշել, որ մաքսային արժեքները գործարանի հաշիվ-ապրանքագրերում նշված գներից ավելի ցածր են, այսպես, անդրավարտիքի հաշիվ172ապրանքագրերում գինը նշված է 60 ԱՄՆ դոլար, իսկ մաքսային հայտարարագրում՝ 31 ԱՄՆ դոլար, կոշիկի գործարանի հաշիվ172ապրանքագրերում նշված է 93 ԱՄՆ դոլար, իսկ մաքսային հայտարարագրում՝ 25 ԱՄՆ դոլար եւ կիսաշրջազգեստ՝ գործարանի հաշիվ-ապրանքագրերում գինը նշված է 54 ԱՄՆ դոլար, իսկ մաքսային հայտարարագրում՝ 15 ԱՄՆ դոլար: Այսպիսով, առաքված ապրանքների այս խմբաքանակը գործարանից դուրս է եկել 11.767 դոլար արժեքով, իսկ Հայաստանում մաքսազերծման ժամանակ այն դարձել է 3.542 դոլար: Տարբերությունը՝ 8 հազար 225 դոլար: Ապրանքների 2-րդ խմբաքանակի դեպքում թվերն այսպիսին են եղել՝ 9.913 դոլար եղել է գործարանային գինը, Երեւանում այն մաքսազերծվել է 2.727 ԱՄՆ դոլարով: Տարբերությունը՝ 7186: Այս ստուգումների ամենաուշագրավ մասն այն է, որ նման փաստեր հայտնաբերած առաջին կարգի մասնագետները եկել են այսպիսի եզրակացության՝ «Այսպիսով, ՀՀ մաքսային պետական կոմիտեի աշխատակիցների կողմից մաքսազերծման գործընթացը կատարվել է գործող օրենքի շրջանակներում»: Ի դեպ, իրավաբանները ստուգման այս արդյունքները տեսնելով, նշել են, որ կան քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր: Սակայն ամեն ինչ արվել է, որպեսզի առաջին կարգի մասնագետները անեն «առաջնակարգ» եզրակացություն եւ ամեն ինչ տեղավորեն օրենքի շրջանակներում: Մաքսայինի աշխատակիցները բյուրեղյա մաքրություն ունեն, նրանք հայրենասիրական նկրտումներով ներմուծվող ապրանքի գները 3- 4 անգամ նվազեցրել են: Իսկ փոխարենը ստացել են պարգեւատրումներ, գովասանագրեր, կառուցել առանձնատներ, գնել շքեղ մեքենաներ։ Մեր ձեռքի տակ են Հասմիկ Հովհաննիսյանի ձեռագրով Իտալիա՝ Արմինե Ֆիլիպյանին գրած բազում նամակները, որոնք թույլ են տալիս կատարել հստակ եզրահանգումներ, եւ հասկանալ, թե ինչպես է իտալացի բժիշկ Մ. Լիոնելլոյի գլխին սարքվել այս պատմությունը եւ ինչու նա չի կարողանում դուրս գալ հայկական լաբիրինթոսից: Ահա մի քանի հատվածներ այդ նամակներից: «Բարեւ, Մարքո, Արմինե, Էլիզա, Ռոբերտ: Անհամբեր սպասում եմ Ձեր գալուն…Նախ ասեմ, որ խոսել եմ համապատասխան մարդկանց հետ եւ պայմանավորվել, որ Մարքոն, երբ եկավ՝ պետք է գնանք նոտարի գրասենյակ եւ Մարքոն պետք է իր համաձայնությունը տա, որ մեր կոոպերատիվի անդամը դառնա եւ լիիրավ իրավունք ստանա գործելու Իտալիայում մեր կոոպերատիվի անունից: Իսկ մեր կոոպերատիվը իրավունք ունի առեւտուր անելու ցանկացած երկրի հետ եւ Հայաստանի ցանկացած մասում ունենալու խանութ իր ապրանքը վաճառելու համար: Եթե ապրանքը գնում է մեր կոոպերատիվը եւ վաճառում է իր խանութում, պետությանը վճարում է միայն ապրանքի վաճառվող գնի 16,6 տոկոսը, որը շատ մեծ տոկոս է կազմում, այդ պատճառով պետք է ապրանքը որքան հնարավոր է էժան գնահատել եւ երկրորդը՝ քանակը քիչ գրել եւ բնականաբար արդեն հնարավոր չէ ցուցափեղկում գրել ապրանքի արժեքը, քանի որ վաճառվելու է մի գնով, բայց գրվելու է շատ ավելի քիչ: …Իսկ շահույթ կարող ենք ընդհանրապես ցույց չտալ, քանի որ ինձ հարկային տեսչությունում ասացին, որ ոչ մի առեւտուր արտասահմանի հետ շահավետ չէ, քանի որ հարկերը շատ բարձր են: Արմինե, քո տունը վերցրել եմ, քարտեզի վրա նշել եմ տեղը, հենց Աբովյան փողոցի վրա, ոչինչ, լավ տուն է, ուղղակի պրոբլեմը, որ մեկ ամսով էր, դրա համար շատ դժվար եղավ եւ մի փոքր թանկ: Տվել եմ 450 դոլար տան համար եւ 150 դոլար այն կազմակերպությանը, որը գտավ այդ տունը: …Քիչ է մնացել, կգաք, ամեն ինչ կքննարկենք, կանենք այնպես, ինչպես Մարքոն է ուզում: Վերանորոգումը կսկսեմ (խոսքը Վարդանանց 4 հասցեի Մարկո Լիոնելլոյի խանութի մասին է) այս երկուշաբթի: Պետք է առնել ամեն շինանյութը, որ միանգամից սկսեն վերանորոգումը…»: Նամակը գրվել է 1996 թ.-ին: Մենք կարողացանք պարզել, որ նամակում նշված Աբովյան փողոցի տան վարձակալության եւ բրոքերի(Արմենի) ծառայության համար միասին Հասմիկ Հովհաննիսյանը վճարել է 300 դոլար: Իսկ Արմինե Ֆիլիպյանից Հասմիկը վերցրել է 600 դոլար: (շարունակելի) ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Հետաքննող լրագրողների ընկերակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել