Լրահոս
Օրվա լրահոսը

Մյուս տարի լավ է լինելու

Դեկտեմբեր 12,2002 00:00

Մյուս տարի լավ է լինելու Մինչեւ 2000 թ. Երեւանի էկոլոգիական վերահսկողությունն իրականացնում էր բնապահպանության նախարարության Երեւանի տարածքային տեսչությունը։ Տեսուչներն իրավունք ունեին (այժմ՝ նույնպես) տեղում կազմել արձանագրություն, հետո՝ ենթարկել համապատասխան տույժ ու տուգանքի։ Թե ինչ որակի ու մակարդակի վերահսկողություն է իրականացվել՝ Հրազդանի կիրճը թարմ օրինակ։ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշմամբ այս տարի անցկացված գույքագրման նախնական արդյունքներով կիրճում «փթթած» ռեստորանների ու սրճարանների 80%-ից ավելին չունեին ջրահեռացման նախնական կայաններ, չհաշված էկոլոգիական այլ խախտումները։ Բնապահպան տեսուչների թողտվությամբ մի ամբողջ հյուրանոցային համալիր կառուցվեց ուղիղ գետի վրա, որը հետագայում օրինականացվեց դատարանի վճռով (թերեւս կառուցողի վնասի հատուցման ձեւ չգտան)։ Դա լայնորեն գովազդվող «Պրինցես Մարիաննա» նավն է։ 2000 թ. նույն քաղաքապետի որոշմամբ ստեղծվեց բնապահպանական նոր կառույց՝ «Երեւանի էկոլոգիական անվտանգության ու վերահսկողության կենտրոն» ՊՓԲԸ-ն։ Այն աշխատելու էր ինքնաֆինանսավորման սկզբունքով։ Ֆինանսավորման աղբյուրը ոչ թե տուգանքներից գումարվող տոկոսներն էին լինելու, այլ հողհատկացումների ժամանակ էկոլոգիական գնահատականի համար համապատասխան փաստաթղթերի ձեւակերպումը։ Ինչ վերաբերում է տույժերին, ապա նախարարության գործընկերների այդ հնարավորությունը նրանք չունեն։ «Մենք միայն հայտնաբերում ենք, կազմում արձանագրություն եւ ուղարկում համապատասխան մարմիններ»,- պարզաբանեց ընկերության նախագահ Խաժակ Կարայանը։ «Համապատասխան մարմինները» տարբեր են՝ թաղապետարաններից մինչեւ դատախազություն։ Ինչպես հասկացանք, նախարարության երեւանյան տեսչության հետ սերտ համագործակցություն չկա, չկա նաեւ երկու վերահսկողական օղակների ֆունկցիաների հստակ բաժանում։ Ասել է թե՝ նույն էկոլոգիական խախտման վայրում կարող են հայտնվել երկու կառույցների ներկայացուցիչներն էլ՝ գրեթե հավասար իրավունքներով։ «Այս հարցը լուծում կստանա, երբ Երեւանը կդադարի համարվել Հայաստանի մարզերից մեկը եւ կստանա մայրաքաղաքի կարգավիճակ, իսկ քաղաքապետարանն էլ ձեռք կբերի ինքնուրույն իշխանություն՝ իր իրավունքներով ու պարտավորություններով»,- խնդրի վերաբերյալ մի առիթով կարծիք հայտնեց քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ռոմիկ Կոսեմյանը։ Գործունեության ոլորտները տարբերակելու առայժմ միակ ելքը գտնված է. էկոլոգիական վերահսկողության կենտրոնն աշխատում է հիմնականում բնակչության ահազանգերով։ «Այս առումով բավականին ակտիվացել է մեր ժողովուրդը,- նկատեց կենտրոնի տնօրենը,- զանգերը շատ են, հազիվ ենք հասցնում բոլորին արձագանքել»։ Հիմնական բողոքները կարելի է խմբավորել՝ աղբակույտեր սիզամարգերում, խմելու կամ ոռոգման ջրի արտահոսք, աղբատարների խցանում, ծառահատում։ Խ. Կարայանի հավաստմամբ, դեռեւս ոչ մի թաղապետարան անարձագանք ու անհետեւանք չի թողել իրենց գրությունները։ Նախորդ մեկ տարվա ընթացքում հայտնաբերված 550 դեպքերի 95-97%-ը վերացվել է։ Պարոն Կարայանի կարծիքով, «դա քիչ է, էկոլոգիական խախտումներն ավելի շատ են, պրոբլեմը բնակիչների դեռեւս մեծ անտարբերությունն է իրենց շրջապատի նկատմամբ։ Ինչքան էլ ուժեղ վերահսկողություն լինի, եթե ժողովրդի գիտակցական մոտեցումը բարձր չէ, էկոլոգիական պրոբլեմները չեն լուծվելու»,- ասաց, հատկապես ընդգծելով, որ իրենց (ինչպես եւ մյուս վերահսկող կառույցների) բյուջեն այնքան էլ հարուստ չէ, որ «…այսօր արդեն մեր եկամուտները կազմում են ծախսերի 30%-ը միայն, աշխատավարձ չենք տվել մի քանի ամիս, շարժակազմ չունենք, բայց հույսերը մեծ են, ամեն ինչ գնում է դեպի մեր վիճակի բարելավում, մյուս տարի լավ է լինելու»։ Իր գործընկեր պաշտոնյաներից նա չդժգոհեց. «Պետք չէ անձնավորել, ավելի ճիշտ է յուրաքանչյուրս փորձենք հնարավոր ամեն ինչ անել Երեւանի էկոլոգիան բարելավելու համար, նաեւ՝ արվածը տեսնել ու գնահատել»։ Հետաքրքիր էր, թե ի՞նչ է արվել, որ չենք տեսել ու գնահատել. «Օրինակ, ձեր ասած Հրազդանի կիրճում, Հաղթանակ կամրջից մինչեւ Դավիթաշենի կամուրջ ընկած հատվածի բոլոր օբյեկտներն արդեն ունեն նախնական մաքրման կայաններ ու գետը չեն աղտոտում, վերջերս Մալաթիա-Սեբաստիա համայնքում մեր ու թաղապետարանի ուժերով 600 քմ կանաչ տարածք ստեղծեցինք, մյուս տարվա համար Հրազդանի կիրճում ծրագիր ունենք քաղաքային մեծ կոյուղատարի կառուցման, վա՞տ է»։ Անշուշտ, շրջակա միջավայրի պահպանությունը թանկ հաճույք է նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրի համար։ Բայց ծախսերի փոխհատուցման ձեւ գտնում են։ Մեր երկրում այդ ձեւի վրա դեռ մտածում են։ Մի փոքրիկ տեղաշարժ, այնուամենայնիվ, կլինի, երբ գործածության մեջ դրվեն վարչական տույժերի մասին օրենքում տեղ գտած փոփոխությունները։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել