Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես գերակատարվեց պետբյուջեն

Հունվար 14,2003 00:00

Թե ինչպես գերակատարվեց պետբյուջեն Բյուջեի գերակատարման առասպելի համար մեր իշխանությունները, փաստորեն, նախեւառաջ պետք է շնորհակալ լինեն հարկային պետական ծառայության տարածքային աշխատակիցներից, մասնավորապես պետերից՝ նրանց կատարած անշնորհակալ աշխատանքի համար։ Վերջիններիս «բանավոր» պարտադրանքով է, որ «թվեր են նկարվել»։ Երեւանցի գործարար Ռաֆայել Շոշունցին, եւ ոչ միայն նրան, տարածքային հարկային ծառայության պետը, վերջին եռամսյակի հաշվետվությունը ներկայացնելիս, պարտադրել է «հաշվետվության մեջ թվեր փոխել»։ Պետը «կարգադրել» է նոր, բնականաբար, առավել մեծ թվեր ներկայացնել, «որպեսզի ավելի շատ հարկ վճարեք»։ Փաստորեն, «նա ինձ ստիպում է, որ ես պետբյուջե ավելի գումար մուծեմ, բայց իմ շրջանառությունն այդքան չի եղել, որտեղի՞ց այդ թվերը գրեմ»,- վրդովված ասաց պարոն Շոշունցը, հավելելով, որ «իմանալով հանդերձ, որ ես օրենքը խախտելու եմ, ինձ դրդում են դրան»։ Հետագայում, իհարկե, դրա արդյունքում առաջացած խնդիրները եւս ծանրանալու են գործարարի ուսերին՝ պատասխանատվությունը կեղծ թվերի համար գործարարն է կրելու։ «Հայաստանի վաճառականներ» հասարակական կազմակերպության երեկ հրավիրած երկրորդ կոնֆերանսը, հատկապես օրերս հրապարակված գերակատարված թվերի ֆոնի վրա հետաքրքիր զարգացումներ ունեցավ։ Մանր եւ միջին բիզնեսի զարգացման խոչընդոտ հանդիսացող խնդիրները թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում նույնն են։ Սպիտակցի գործարար Արթուր Դանիելյանին, օրինակ, առավել հուզում է կանխավճարների հավաքագրումը. «Եթե առաջ ամիսը մեկ անգամ էին գալիս, հիմա 3-4 անգամ են գալիս՝ նայած այդ պահին ինչքան է պետք «լցնել» բյուջեն»։ Եվ՝ «որքան բարձրաստիճան պաշտոնյա է գալիս՝ կանխավճարի չափը համապատասխանաբար ավելանում է»։ «Ամփոփվեց, թե 4%-ով հարկ ենք վճարում,- նկատեց միության նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը,- դա գերավճարների հաշվին է։ Եթե ես 2% վճարելու հնարավորություն ունեմ, ինչպե՞ս 4% կվճարեմ. ցույց տվեք այդ անձնազոհ գործարարին»։ Ինչ վերաբերում է հարկային փոփոխությունների նոր փաթեթին, որ այդքան սիրում է գովերգել հարկային ծառայության պետը՝ գործարարներին «ընկճել» է։ Խոստացվեց, որ հարկերը չեն բարձրանա, բայց «արտադրողի համար 3,5% նվազագույն հարկը դարձավ 7%, առեւտրի ոլորտի համար սահմանված 2%-ը՝ 3,5%»։ Այսինքն, պարզ թվաբանությամբ, հարկային բեռը 100%-ով ավելացավ։ «Այս նոր փոփոխություններով պետության շահն էլ է ոտնահարվելու,- համոզված է տիկին Գեւորգյանը,- արտադրողն այսօր վաճառողին փաստաթղթով է ապրանք տալիս. նախատեսված փոփոխություններով փաստաթուղթ չպահանջելն ուղղակիորեն նշանակում է, որ վաճառողն էլ, արտադրողն էլ ստվեր են գնում»։ Երկրորդ ընթերցմանը սպասող «Հարկային ծառայության մասին» օրենքի փոփոխությունները, որոնք, ի դեպ, եւս սիրում է փառաբանել պարոն Զախարյանը, գործարար Ց. Գեւորգյանին անհեթեթ են թվում. «Երրորդ անձի ցուցմունքով, գործարարին կարող են կալանավորել 3 օրով՝ հետո ներողություն կխնդրեն ու բաց կթողնեն։ Բա ո՞ւր մնաց գործարարի իմիջը»։ Իսկ թե գործարարի իմիջը եւ շահը պաշտպանելու համար ի՞նչ է մտադիր անել Վաճառականների միությունը՝ տիկին Գեւորգյանը վաղ է համարում հրապարակելը։ Առայժմ միայն ամերիկացիների օրինակով, պառլամենտում իրենց «աթոռն» են ուզում՝ իհարկե ոչ ձայնի իրավունքով։ Իսկ այն, որ ԱԺ-ում գործարարները շատ են, բայց բիզնեսի համար բարենպաստ օրենսդրական դաշտ չկա, տիկին Ց. Գեւորգյանն այսպես է բացատրում. «Պառլամենտում նստած են այն մարդիկ, ովքեր հոգս չունեն եւ խոցելի չեն»։ «Եվ հարկեր էլ չե՞ն վճարում» հավելմանն այսպես արձագանքեց. «Չգիտեմ՝ վճարում են, թե ոչ, բայց եթե վճարեին՝ մինչեւ 4 մլրդ հարկ կհավաքեինք»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031