Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԱՆՈՒՄ՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑԻ»

Փետրվար 06,2003 00:00

«ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԱՆՈՒՄ՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑԻ» Ասում է կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը – Դուք այժմ արձակուրդո՞ւմ եք: – Ոչ: – Այդ դեպքում, ինչպե՞ս եք հօգուտ Քոչարյանի քարոզչություն կատարում, երբ ըստ «Ընտրական օրենսգրքի»՝ արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել պետական մարմիններին եւ դրանց աշխատակիցներին՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս: – Ես չեմ թաքցրել, որ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցն եմ, բայց եւ չեմ խախտել «Ընտրական օրենսգիրքը»: Շատ լավ գիտեմ օրենքները եւ երբեք քարոզչություն չեմ արել իմ ենթակայության ներքո գտնվող ձեռնարկություններում: Մի դեպք եղավ՝ «Հայփոստում», երբ հրավիրվել էր ընդհանուր ժողով ու զրույց եղավ ընտրությունների շուրջ էլ: Բայց ես ներկայացրել եմ միայն առկա վիճակը ու կոչ չեմ արել, թե պաշտպանեք Քոչարյանին: Ասել եմ՝ ինքներդ որոշեք: Իսկ որպես քաղաքացի՝ բարոյական իրավունք ունեմ իմ ընդմիջման ժամերին կամ աշխատանքից հետո մարդկանց ասել ճշմարտությունը: – Հրապարակվել է, որ Էրեբունու համայնքի տարբեր դպրոցներ եք այցելել, հանդիպել ծնողների հետ ու հրահանգել քվեարկել Քոչարյանի օգտին եւ ներկա լինել նրա հետ հանդիպումներին: Այս ամենն արել եք ընդմիջման ժամի՞ն եւ աշխատանքային օրվա ավարտից հետո՞: – Այո՛: Հանդիպել եմ այդ համայնքի ընտրողների հետ, բայց նրանց էլ կոչ չեմ արել, թե գնացեք ու ընտրեք Քոչարյանին: Բացատրել եմ մեր երկրի այսօրվա իրավիճակը եւ ասել՝ որոշեք ինքներդ: Իմիջիայլոց՝ մարդիկ շատ գոհունակությամբ են լսում եւ վերջում միշտ հարցնում են, թե ինչո՞ւ ժամանակին չէի ասում, որ ճիշտ կողմնորոշվեին՝ ում ընտրել: – Գուցե կրթության նախարարն էլ կապի եւ տրանսպորտի համակարգի ձեռնարկություններո՞ւմ է տանում նման քարոզչություն: – Ես ձեռնարկություններում չեմ քարոզչություն անում: Ես չեմ գնում ու հավաքում ուսուցչական կոլեկտիվներին: Պարզապես հանդիպում եմ ժողովրդի հետ, բացատրում, թե որն է ճիշտ: Ներկա են լինում նաեւ ծնողներ ու մանկավարժներ: Ձեզ հրավիրում եմ նման մի հանդիպման: – Մինչեւ քարոզարշավը վարչապետը խոստանում էր, թե կառավարության անդամները պիտի պահպանեն լոյալություն: Չե՞ք կարծում, որ Ձեր, ինչպես նաեւ այլ նախարարների այսպիսի ակտիվ մասնակցությունն ընտրարշավին խոստացված չեզոքության խախտում է: – Պատասխան կտամ միայն իմ փոխարեն: Կառավարության անդամ լինելուց բացի՝ 10 տարի պատգամավոր եմ եղել, քաղաքական գործիչ եմ նաեւ ու միշտ էլ շփվել եմ ժողովրդի հետ: Ես քարոզչություն եմ անում՝ որպես քաղաքացի, որպես Անդրանիկ Մանուկյան եւ երբեք չեմ ներկայանում իբրեւ նախարար: Նաեւ երբեք ճնշում չեմ գործադրում որեւէ մեկի վրա: – Եթե Ձեր գնահատականով՝ դրական է Քոչարյանի գործունեությունը՝ ի՞նչ կարիք կար, որ նախարարները, մարզպետներն ու համայնքապետերը լծվեին նրա վերընտրությանը: Եթե նա իսկապես լավ նախագահ է՝ կվերընտրվեր առանց այն կեղտոտ տեխնոլոգիաների, որ գործադրվում են այժմ: – Ի՞նչ տեխնոլոգիաների մասին է խոսքը: – Բազմաթիվ են հրապարակված փաստերը, թե, ասենք, ինչպես են անձնագրեր ու ստորագրություններ հավաքում հօգուտ Քոչարյանի, ընտրակաշառքներ առաջարկում եւ այլն: Նման միջոցները, նաեւ Արտաշատում կատարված դեպքերը, պատվաբեր չեն այն թեկնածուի համար, որը վստահ է, թե կարող է վերընտրվել արդար եւ ազատ ընտրություններում: – Ընդդիմադիր գործիչներն են նման «փաստեր» փոխանցում մամուլին, որ վաղը, երբ Քոչարյանը հաստատ վերընտրվի, մեղադրեն, թե ընտրությունները չեն եղել արդար: Իհարկե, նաեւ իրոք կլինեն նման փաստեր: Բայց անգամ ամենաժողովրդավար երկրներում էլ լինում են մարդիկ, որ ընտրարշավի ընթացքում ցանկանում են հաճոյանալ իրենց պաշտպանյալ թեկնածուին: Սակայն մի՛ պնդեք, թե Հայաստանում համատարած են նման դեպքերը, եւ դրանցից տեղյակ է Ռոբերտ Քոչարյանը կամ այդ ամենը հաճելի է նրան: Նրա միակ պահանջը եղել է արդար ընտրությունը՝ միայն այդպես է ցանկացել վերընտրվել: Արտաշատի դեպքը մասնակի է՝ մեկը վիրավորել է մյուսին: Ինչո՞ւ են դա կապում իշխանության հետ: Չէ՞ որ Քոչարյանն էլ դատապարտեց կատարվածը եւ, համոզված եմ, որ մեղավորները խիստ պատիժ են կրելու: Ամեն ինչ վերագրում են իշխանությանը: Տեսեք, թե ինչ աբսուրդի է այսօր հասել քարոզարշավը. գրեթե բոլոր թեկնածուներն իրենց անվճար քաղաքական գովազդներում չեն ներկայացնում որեւէ ծրագրային դրույթ: Բոլորը միայն հայհոյում են Քոչարյանին: Միա՛յն: Եվ դա համարում եք քաղաքակիրթ քարոզարշա՞վ: Մարդ ամաչում է, որ այս երկրի քաղաքացի է, երբ դիտում է այդ քաղաքական գովազդները: Կարելի է, չէ՞, քննադատել իշխանությանը, բայց քաղաքակիրթ ձեւով: – Տեղին է դարձյալ հիշեցնել ՀԺԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչների բանավեճը եթերում, որտեղ առաջինը ներկայացնում էր, թե ինչպես է ՊՆ աշխատակից «Շմայսը»՝ Առաքել Մովսիսյանը, ահաբեկել գյուղացիներին, որ չմասնակցեն Դեմիրճյանի հետ հանդիպմանը, իսկ երկրորդն ասում էր՝ խոսենք ծրագրերից: Երբ ընդդիմության թեկնածուների դեմ ուժային մեթոդներ են գործադրվում՝ անհեթեթ չէ՞ր հնչի, եթե նրանք խոսեին ծրագրերի մասին: – «Շմայսը» պաշտպանության նախարարության ոչ բարձրաստիճան՝ միջին օղակի աշխատակից է: Էջմիածնի սովորական քաղաքացի է, որը երեւի չի ընդունում Ստեփան Դեմիրճյանին ու նրա ծրագրերը: Էջմիածնում հեղինակություն է վայելում եւ երեւի օգտագործելով այն՝ դուրս է եկել Դեմիրճյանի դեմ: Սա իր անձնական մոտեցումն է, եւ իշխանությունները կապ չունեն դրա հետ: Հո Ռոբերտ Քոչարյա՞նը չի ասել «Շմայսին», որ նման բաներ արվեն: Այլ մարդիկ էլ դուրս են գալիս Քոչարյանի կամ Գեղամյանի դեմ: – Նման դեպք հայտնի՞ է, որ որեւէ մեկը խոչընդոտի Քոչարյանի հանդիպումը: – Երբ Քոչարյանն Աջափնյակում հանդիպում էր ունեցել ընտրողների հետ՝ ՀԺԿ տեղական կառույցի ղեկավարը կազմակերպել ու մի քանի մարդ էր բերել այնտեղ, որ բարձրացրել էին Ստեփան Դեմիրճյանի նկարները եւ վանկարկել նրա անունը: Ի՞նչ է, այս դեպքում էլ մե՞նք սկսենք բողոքել, թե խանգարում են մեր հանդիպումները: Ամեն դեպք էլ լինում է ընտրության ժամանակ՝ ինչո՞ւ եք ամեն ինչ կապում իշխանության հետ: Կրկնում եմ, Քոչարյանի պահանջը մեկն է՝ քաղաքակիրթ ձեւով կազմակերպեք քարոզարշավը: Թե մնացածն ի՜նչ են անում, թե Անդրանիկ Մանուկյանը գնում է դպրոցնե՜ր… նա ինձ երբեք չի ասել, որ հանդիպեմ մանկավարժների կամ քաղաքացիների հետ: Ես ինքս եմ կատարում իմ քաղաքացիական պարտքը: – Եթե գործող նախագահն իրոք լիներ արդար ընտրությունների ջատագով՝ պատասխանատվության կենթարկվեին այն ընտրախախտումների հեղինակները, որոնց անուններն ու հասցեներն են անգամ նշվում մամուլում: – Մամուլում ի՜նչ ասես հրապարակվում է: Թերթերից մեկը գրել էր, թե Մանուկյան Անդրանիկը ավտոբուսներ է տրամադրել, Էրեբունու համայնքի ժողովրդին տեղափոխել է հրապարակ՝ Քոչարյանի հետ հանդիպման, հետո փակել ավտոբուսի դռները ու 50 դրամ վարձ է պահանջել… Բայց եթե իրոք հանցագործությունների մասին փաստեր կան՝ պարտադի՛ր պիտի պատժվեն դրանց հեղինակները: Համենայն դեպս, իշխանություններին, որ պատասխանատու են ընտրությունների կազմակերպման համար, երբե՛ք ձեռնտու չեն նման դեպքերը: Շարունակելի Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել