Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԽՎԱԾ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔ

Փետրվար 26,2003 00:00

ԿԱՆԽՎԱԾ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔ 150 քվեաթերթիկ՝ լցված Քոչարյանի օգտին Մինչեւ երեկոյան յոթն անց կես, երբ լույսերը անջատեցին, ընտրությունները խաղաղ էին ընթանում Նաիրի Զարյանի անվան դպրոցում տեղակայված Արաբկիրի 0/118 ընտրատեղամասում։ Սակայն ժամը 7-ին արդեն սկսել էր լարվածություն առաջանալ։ «Սկսեցին գալ ջահել տղաներ ու ներկայանալ որպես տարբեր հասարակական կազմակերպությունների դիտորդներ,- պատմում է հանձնաժողովի քարտուղար Վեներա Ստեփանյանը,- ես նրանց գրանցում էի մատյանում։ Լցվեցին մոտ 20 հոգի ու արդեն ինչ-որ իրարանցում առաջացրին, կանգնում էին քվեատուփի մոտ։ Ասում էինք հեռացեք ու չէին հեռանում։ Հետո լույսը հանգավ ու աղմուկ բարձրացավ։ Ես բոլոր ընտրություններին եղել եմ հանձնաժողովի անդամ։ Մեր տեղամասով դիտորդները միշտ հիացել են։ Սա առաջին անգամ էր, որ էսպես խայտառակություն եղավ»։ Տղաները ոստիկանության ներկայությամբ հրում են արկղը հսկող հանձնաժողովի անդամ Նուբար Գեւորգյանին, քվեատուփը խլում ու մեջը քվեաթերթիկներ լցնում. «Որ լույսը անջատվեց՝ ձեռքս դրեցի տուփի անցքին. որ հրեցին մի կողմ՝ էլ չտեսա ինչ կատարվեց»,-պատմում է Նուբարը ու ցույց տալիս վնասված ձեռքը։ Քվեաթերթիկներ լցնող երիտասարդները ընտրատեղամաս են ներկայացել «Հայ օգնության ֆոնդ», «Լուսաստղ», «Արդարություն եւ իրավունք», «Կանանց միջազգային միություն» հասարակական կազմակերպությունների կողմից որպես դիտորդներ եւ գրանցվել մատյանում: Դպրոցի երկրորդ հարկում եւս մի ընտրատեղամաս կա՝ 0/119-ը, որտեղ, նախագահի թեկնածուների 4 վստահված անձանց հավաստմամբ, ժամը 4-ի մոտ ինչ-որ տղա խրձով ընտրաթերթիկ է լցրել արկղը։ Նրան փորձել է բռնել վստահված անձերից մեկը, սակայն տղան հասցրել է փախչել, նստել իրեն սպասող մեքենան ու անհետանալ։ Սակայն առաջին հարկում կատարվածը մոռացությամբ ծածկեց երկրորդ հարկի միջադեպը. «Ես տեսա ինչպես այդ տղաները հայտնվեցին ու իրարանցում առաջացրին,- պատմում է հանձնաժողովի նախագահ Կատյա Նահապետյանը,- հետո լույսերը հանգան, ու աղմուկ-աղաղակ։ Ոստիկանները կողքներս կանգնած մատը մատին չտվին»։ Ոստիկաններից մեկը խոստովանեց, որ տեսել է տղաների բռնությունները, թե ինչպես են քվեաթերթիկները լցրել, գիտի, թե նրանք ովքեր են, սակայն ոչինչ չի արել. «Դրանց դեմ ես անզոր եմ»,- ասաց նա։ «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության դիտորդ Սոֆելյա Վարդանյանը, որին մի կողմ էին հրել լցնողները, լալիս էր վիրավորանքից ու դողում վախից. «Ո՞նց պիտի էս կեղծիքները արձանագրեմ։ Սուտ չեմ կարող գրել, իսկ ճիշտը ասելուց վախենում եմ։ Ո՞վ իմանա ով՝ ով է,- արցունքների միջից ասում է Սոֆելյան, որ հայոց լեզու է դասավանդում այդ դպրոցում»։ Սակայն Սոֆելյայի եւ ընդդիմադ իր թեկնածուների վստահված անձանց մտահոգությունները ցրվեցին, երբ քվեատուփը բացվեց եւ հանձնաժողովի անդամները հայտնաբերեցին լցված քվեաթերթիկները։ Հանձնաժողովի նախագահը հանեց առաջին քվեաթերթիկը՝ քվեարկված Ռոբերտ Քոչարյանի օգտին, որը ճմռթված եւ պատռված էր։ Նուբարը ստուգեց քվեաթերթիկի վրայի կնիքը եւ հայտնաբերեց, որ թեեւ դրա վրա կան հանձնաժողովի անդամների ստորագրությունները, սակայն այն կնքված է ոչ թե ընտրատեղամասի կնիքով, այլ մեկ ուրիշով (ըստ կարգի՝ ընտրողը հանձնաժողովի մի անդամից քվեաթերթիկը ստանում է, տալիս մեկ այլ անդամի՝ կնքելու, որից հետո նոր նշում կատարում վրան)։ Այդպիսով, Քոչարյանի օգտին քվեարկված 150 քվեաթերթիկ, որոնք կնքված էին անծանոթ կնիքով, անվավեր ճանաչվեցին. «Ուրախացել էինք, որ մեր ընտրատեղամասում ոչ մի խախտում չկա,-ասում է հանձնաժողովի նախագահի տեղակալ, դպրոցի տնօրեն Յակով Արզումանյանը,- էդ հարձակումը ստվեր գցեց ամբողջ ընտրությունների վրա։ Բայց մենք այդ ստվերը կարողացանք մաքրել»։ Հանձնաժողովի նախագահը 4 ժամվա ընթացքում մեկիկ-մեկիկ հանեց քվեատուփից 1224 քվեաթերթիկ՝ հայտարարելով, թե յուրաքանչյուրը ում օգտին է քվեարկված։ Այլ կնիքով կնքված 150 քվեաթերթիկները տղաների լցրածներն էին, որոնք հանելով ընդհանուր թվից՝ ստացվում է 1074։ Սա փաստացի ընտրողների թիվն է, որը գրեթե չի տարբերվում ընտրություններին հետեւած վստահված անձանց ու դիտորդների հաշվարկից։ Երբ նախապես ընտրատարածքի ստացած քվեաթերթիկների եւ քվեարկվածների թվերը գումարվեցին եւ հանվեցին՝ պարզվեց, որ պակասում է 50 քվեաթերթիկ։ Պարզ էր, որ ինչ-որ մեկը, հավանաբար հանձնաժողովի անդամներից, 200 քվեաթերթիկ է դուրս տարել ու հանձնել տղաներին, որոնք կարողացել են արկղը նետել դրանից միայն 150-ը։ Մինչ քվեաթերթիկների հաշվարկը, հանձնաժողովի անդամներից մեկը՝ Նիկոլայ անունով, ԿԸՀ-ի հարցմանը հայտարարեց, որ տեղամասում մասնակցել է 1280 ընտրող, 206-ով ավելի, քան իրականում մասնակցել էին։ Սակայն վերջում քվեաթերթիկները հաշվելուց, մատյանները ստուգելուց հետո պարզվեց, որ այդ անդամը մոտ 200-ով ավելի, այսինքն կեղծ թիվ է ներկայացրել։ Այդ 200-ը դուրս տարված քվեաթերթիկներն էին, որոնք այդպես էլ Քոչարյանին ավելի 200 ձայնը չբերեցին: Այս ամբողջ պատմության արձանագրությունը կազմեց հանձնաժողովը, որը դրա նախագահը պետք է ներկայացներ ԿԸՀ։ Ըստ 0/118 ընտրատարածքի՝ ձայները բաշխվեցին. Ստեփան Դեմիրճյան՝ 332, Ռոբերտ Քոչարյան՝ 327, Արտաշես Գեղամյան՝ 245, Արամ Կարապետյան՝ 60, Վազգեն Մանուկյան՝ 38, Ռուբեն Ավագյան՝ 3, Արամ Սարգսյան՝ 2, Գառնիկ Մարգարյան՝ 2, Արամ Հարությունյան՝ 0, բոլորին դեմ՝ 28, անվավեր (որոնց մեջ 150-ը՝ կեղծված)՝ 187: Երկրորդ հարկի ընտրատարածքում խրձով նետված քվեաթերթիկները հաշվարկի ժամանակ չհայտնաբերվեցին։ «Ես էլ կյանքում հանձնաժողով չեմ մտնի»,- ասաց այդ հանձնաժողովի նախագահը։ Դեմիրճյանի շտաբում հեռախոսափողը անշարժ չէր մնում։ Նաիրի Զարյանի դպրոցից եկած հեռախոսազանգը ամեն վայրկյան հնչողներից միայն մեկն էր։ ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ Armenianow-ի թղթակից Այս եւ այլ տեղեկություններ ընտրությունների մասին՝ www.armenianow.com ինտերնետային լրագրում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել