Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԲԱՆՏԵՐՈՒՄ «ԱՎՏԱՐԻՏԵՏՆԵՐ» ՉԿԱՆ

Մարտ 05,2003 00:00

ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԲԱՆՏԵՐՈՒՄ «ԱՎՏԱՐԻՏԵՏՆԵՐ» ՉԿԱՆ Այցելելով Լոնդոնի բանտեր, նախկին սովետական եւ ներկա անկախական մտածողությամբ մենք հարցնում էինք համակարգը սպասարկողներին, թե արդյոք իրենց մոտ հեղինակություններ կա՞ն։ Պարզվեց, որ 70000 կալանավոր ունեցող Մեծ Բրիտանիայում «ավտարիտետներ» չկան։ Թերեւս կատակով նկատեցինք, որ ավտարիտետը Ջոն Մորգանն է, որը դիմավորելով Հայաստանից գնացած 5 լրագրողներին, «բանտային օազիս» ստեղծեց մեզ համար։ Որպեսզի պատկերացնենք, թե ինչ է Լոնդոնի բանտը, նա առաջարկեց կերակրվել։ Ինչը արեցինք։ Նկարում պատկերված խոհարարը դատապարտյալ է, որը խոհարարական հմտություններով զարմացրեց մեզ։ Բանտի ճաշարանում ինքնասպասարկում է, կարող ես վերցնել սկուտեղը, ընտրել առաջին, երկրորդ, երրորդ, անգամ վեցերորդ ճաշատեսակը եւ նստել նույն այն տարածքում, ուր բանտային սպասավորներն են՝ հսկիչները, մեր գնահատմամբ՝ «կլյուչնիկները»։ Պատկերացնելու համար, թե ինչ է նստում բանտարկյալը նրանց եւ մեզ վրա, բերեմ ընդամենը մեկ թիվ. 3 միլիոնանոց Հայաստանում կա 4000 դատապարտյալ, օրական նրանցից յուրաքանչյուրի համար պետությունը ծախսում է 1200 դրամ։ 55 մլն բնակչություն ունեցող Բրիտանիայում յուրաքանչյուր դատապարտյալի վրա տարեկան պետությունը ծախսում է 43000 ֆունտ գումար։ Այնտեղ դատապարտյալը աշխատում է եւ ստանում աշխատավարձ։ Նա կարող է դուրս գալ խցից, շաբաթ եւ կիրակի օրերին այցելել հարազատներին եւ դա կարող է անել ե՛ւ սպանության մեջ մեղադրվածը, ե՛ւ նարկոտիկներ օգտագործածը։ Թեեւ բանտային համակարգի մասնագետ Բոբ Դոուն գտնում էր, որ բանտը հյուրանոց չէ, սակայն մեր այցելած բանտն իսկական հյուրանոցի էր նման։ Այստեղ բնակվողը երբեք իրեն չի կարող համարել հասարակությունից մերժված, ընդհակառակը, նա զուգահեռ հասարակության մաս է կազմում եւ մշտապես գտնվում բանտային համակարգը վերահսկողների ուշադրության ներքո։ «Բանտերի կառավարումը մարդու իրավունքների տեսանկյունից» գիրքը հրաշալի ուղեցույց է դրանք սպասարկող անձնակազմերի համար: Այնտեղ նշված է անձնակազմի ուսուցման, հավաքագրման, աշխատանքային պայմանների մասին։ Նշենք, որ էքս հանցագործը չի կարող դառնալ բանտի պետ, նա որոշակի ճանապարհ է անցնում՝ սկսած բանտի հսկիչից մինչեւ բանտապետ։ Այստեղ բանտերում մեծ ուշադրություն է դարձվում բանտարկյալների առողջությանը, անվտանգության եւ արտաքին աշխարհի հետ կապի միջեւ հավասարակշռության պահպանմանը։ Մի սկզբունք կա բանտերում. բանտարկյալին ճանաչել իբրեւ անհատականություն (դրա համար էլ նրանք միայնակ են նստում խցում), պատիժները պետք է լինեն տեղին եւ համաչափ, մեծ ուշադրություն է դարձվում բողոքներին եւ խնդրանքներին, ապահովվում կապը արտաքին աշխարհի հետ։ Ցանկացած բանտարկյալ կարող է օգտվել հեռախոսից։ Ապառազմականացված է կառույցը եւ մեր հարցին, թե գոնե «դուբինկա» չի՞ կիրառվում, բանտապետ Ջոն Մորգանը պատասխանեց, որ եթե զենք ունենային կամ «դուբինկաներ», ապա խփելու դեպքում ավելորդ գլխացավանքներից չէին պրծնի։ Անգլիայում կա 138 բանտ, որից 10-ը մասնավոր է։ Բանտը գտնվում էր կանաչ գոտու մեջ։ Առհասարակ, անգլիացիները պաշտամունքի հասնող սեր ունեն բնության, թռչունների նկատմամբ։ Կարելի է ուղղակի Հայաստանի բանտապետերին բերել այստեղ, որպեսզի տեսնեն, թե ինչպես կարելի է կենդանիներ, թռչուններ պահել եւ դատապարտյալների, որոնց նույնպես անվանում են թռչուն։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել