Լրահոս
Օրվա լրահոսը

Բուշին կդատի Ռաֆիկը՝ արեւաշող Հայաստանից

Ապրիլ 04,2003 00:00

Բուշին կդատի Ռաֆիկը՝ արեւաշող Հայաստանից «Թանկագին մարդկություն, մեծարգո պարոն Բուշ, Ձեր մեծ գործընկերներ եւ աշխարհագործընկերներ, աշխարհի ղեկավարներ: Ձեզ դիմում է Ռաֆիկը՝ արեւաշող Հայաստանից»,- ահա այսպիսի ջերմ ողջույններով երեկ իր տանը մամլո ասուլիս էր հրավիրել ֆիզիկոս Ռաֆայել Միրզոյի Հովհաննիսյանը: Համարյա 60 էջանոց բաց նամակն ուղղված է «աշխարհի պատվավոր ԱՄՆ պրեզիդենտ պարոն Ջորջ Բուշին, պարոն Բուշի մեծ գործընկերներին, աշխարհագործընկերներին եւ ամերիկյան կոնգրեսմեններին, ամերիկյան մեծ ժողովրդին, աշխարհի բոլոր պետությունների եւ միջազգային բոլոր կազմակերպությունների ղեկավարներին ու նրանց մեծ գործընկերներին՝ աշխարհի բոլոր պետություններում, այդ թվում ԱՄՆ-ում գործող քաղաքական կուսակցությունների եւ այլ ազգային կազմակերպությունների ղեկավարներին, նրանց մեծ գործընկերներին ու աշխարհագործընկերներին, աշխարհի բոլոր պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ բիզնեսմեններին, աշխատավորներին ու արհեստակցական միությունների ղեկավարներին, նրանց գործընկերներին ու աշխարհագործընկերներին, ՀՀ-ում հավատարմագրված աշխարհի պետությունների ու միջազգային կազմակերպությունների դեսպաններին, նրանց մեծ գործընկերներին եւ աշխարհագործընկերներին»: Այն՝ ՀՀ քաղաքացի Ռաֆայել Միրզոյի Հովհաննիսյանի N4 դիմումն է, որը լույս աշխարհ է եկել մարտի 19-ին, որոնցից ոչ մեկը նա առայժմ հնարավորություն չի ունեցել ներկայացնել «մարդկության եւ աշխարհի ղեկավարների» ուշադրությանը: Ու չնայած նման հիասթափություններին, Ռ. Հովհաննիսյանն ավելի քան 20 տարի հռչակագիր է գրել համաշխարհային բանականության կառավարություն ստեղծելու եւ այլ հարցերի մասին, որոնց հիմնական նպատակներն են աշխարհում «կայուն, հավերժական խաղաղության հաստատումը», մարդկության առջեւ կանգնած բոլոր այն ծանր ու բարդ համաշխարհային խնդիրների լուծումը, որոնք առանձին-առանձին «ի վիճակի» չէ հաղթահարել աշխարհի եւ ոչ մի պետություն: «Եվ ոչ էլ ՄԱԿ-ը՝ իր չափազանց թույլ բյուջեով»,- հայտարարեց նա: Ռ. Հովհաննիսյանի դիտարկմամբ, աշխարհի գերբնակեցման կանխումը, ինչպես նաեւ իդեալական, մաքսիմալ արդար, օրինական, բարոյական, ազնիվ, գրագետ, սոցիալապես լիովին ապահովված, ուժեղ եւ հզոր աշխարհի կառուցումը գուցե բավարար պայման է հանդիսանում, որպեսզի «մարդկությունը կարողանա ապահովել իր հավերժական գոյատեւումն այս աշխարհաոչնչացնող, եւ գուցե նույնիսկ, աստվածաոչնչացնող տիեզերքում, որը լի է ահռելի կատակլիկ վտանգներով»: Ճիշտ է, Իրաքյան պատերազմն արդեն սկսվել է, սակայն այն Ռ. Հովհաննիսյանը դեռեւս ցանկանում է կանխել, քանի որ, ըստ նրա, այդ պատերազմը կարող է վերածվել «տարածաշրջանային, գուցե նաեւ գլոբալ հրդեհի»: «Այս նամակի այս հատվածը պատրաստ էր դեռ պատերազմը սկսվելուց բավական առաջ, սակայն այն ժամանակ ես հնարավորություն չունեցա հրապարակել»,- ասաց ֆիզիկոսը, որն այժմ զբաղված է «համամերձավոր արեւելյան խորհրդարան եւ միություն ստեղծելու» դժվարին աշխատանքով: «Այդ խորհրդարանում մաքսիմալ ներկայացուցչական եւ օբյեկտիվ պայմաններում մեկառմեկ կքննարկվեն ու կլուծվեն Մերձավոր Արեւելքում կուտակված բոլոր բազմատասնյակ քաղաքական հիմնախնդիրները, այդ թվում՝ իրաքյան հիմնախնդիրը: Բացի դրանից՝ ելնելով այն հանգամանքից, որ աշխարհում տեղ գտած բազմաթիվ քաղաքական թերի կամ սխալ գաղափարախոսությունների, մոտեցումների, մտածելակերպերի ու որոշումների հետեւանքով աշխարհը գնում է դեպի գերբնակեցում եւ համաշխարհային ծանր ու խորը ճգնաժամ, ապա ես մտադիր եմ համաշխարհային բարոյաքաղաքական դատ բացել աշխարհում առկա բոլոր թերի կամ սխալ քաղաքական եւ ինտելեկտուալ մոտեցումների դեմ, այդ թվում եւ առաջին հերթին պատերազմի գաղափարախոսության դեմ»,- երեկ իր տանը կազմակերպած ասուլիսում հայտարարեց Ռ. Հովհաննիսյանը: Նշված համաշխարհային դատական գործընթացի առաջին փուլը նա մտադիր է նախ իրականացնել ԱՄՆ172ի, Մեծ Բրիտանիայի, Հյուսիսային Իռլանդիայի եւ Միացյալ Թագավորության, Թուրքիայի հանրապետության եւ Իսրայելի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ, որպեսզի նախ եւ առաջ «կանխվի» Ամերիկա-իրաքյան պատերազմը: Իսկ եթե, Աստված մի արասցե, ԱՄՆ ղեկավարությունը շարունակի արհամարհական վերաբերմունք դրսեւորել ՄԱԿ172ի Անվտանգության խորհրդի որոշումների ու Ռ. Հովհաննիսյանի նոր ստեղծելիք խորհրդարանի ու միության նկատմամբ, ապա նա, իր իսկ հավաստմամբ, այդ ղեկավարությանը «կկանգնեցնի համաշխարհային դատի» առջեւ. «Ես քաղաքական-իրավաբանական պայքար կծավալեմ նման արհամարհական մոտեցման դեմ, որովհետեւ այս բոլոր աշխարհաբացասական զարգացումների արդյունքում տուժում է ամբողջ աշխարհը»,- Ջորջ Բուշին «արեւաշող Հայաստանից» սպառնաց Ռ. Հովհաննիսյանը: Հաագայի դատարանում իր՝ դատավարություն անցկացնելու մտադրության մասին նա տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարարությանը, որտեղ իրեն մերժել են՝ հայտնելով, որ այդ դատարանին իրավունք ունեն դիմել միայն պետությունները եւ ոչ թե քաղաքացին: «Ես կարծում եմ, որ Հայաստանը ոչ մի դեպքում նման համարձակություն չի դրսեւորի, բայց եթե, օրինակ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի եւ աշխարհի այլ պետությունները միացյալ կարգով դիմեն Հաագայի միջազգային դատարան եւ ինձ հնարավորություն տան հանդես գալ գլխավոր մեղադրողի դերում, ապա, այնուամենայնիվ, այդ դատը կարող է կայանալ»,- վստահեցրեց նա՝ հավելելով, որ ինքն արդեն դիմել է Քանաքեռ-Զեյթուն «ամենաառաջին ատյանի սովորական դատարան» այդ «համաշխարհային բարոյաքաղաքական» դատավարությունը սկսելու առաջարկով, որտեղից այն դարձյալ ուղարկել են ՀՀ արդարադատության նախարարություն: Արդյոք լուրջ կընդունի՞ «աշխարհն» իր առաջարկը: Մեր այս հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Եթե աշխարհի ցանկացած պետության, կազմակերպության ղեկավար իմ այս համաշխարհային եւ խորհրդարանական շարժում ստեղծելու մոտեցմանը դեմ գնա, ես նրա դեմ դուրս կբերեմ ամբողջ աշխարհի քաղաքական ուժերին՝ ամբողջ մարդկությանը»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել